Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ենթահանձնաժողովը քննարկել է տարեկան աշխատանքները

Ապրիլ 21,2016 21:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ժամանակավոր ենթահանձնաժողովի նիստում չի քննարկվել:

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե ԼՂ հակամարտության հարցը քննարկվել է Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Տիկին Նաղդալյանը պարզաբանեց, որ նշված նիստում ամփոփվել են կոմիտեի` մեկ տարվա կատարած աշխատանքները, սակայն այդ մեկ տարվա ընթացքում ԼՂ հակամարտության հետ կապված հարց չի եղել, այլ քննարկվել են միայն Մոլդովային ու Կիպրոսին առնչվող հարցեր:

Մյուս իրադարձությունը, որը տեղի ունեցավ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ հռչակագրի հրապարակումն էր,  որը ստորագրել էին 44 պատգամավորներ: Հետաքրքրվեցինք` այդ հռչակագիրն ի՞նչ ուժ կարող է ունենալ, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Այն ուժը կարող է ունենալ, ինչ ԵԽԽՎ բոլոր փաստաթղթերը. դրանք խորհրդատվական բնույթի են, բայց նաև արտահայտում են քաղաքական այն մոտեցումները և տրամադրությունները, որոնք առկա են ԵԽԽՎ-ում:

Այս հայտարարությունը խոսում է այն խորը մտահոգության և անհանգստության մասին, որ ունեն եվրոպացի պատգամավորները շփման գծում իրավիճակի աննախադեպ սրման, չթույլատրված զինատեսակների օգտագործման, խաղաղ բնակիչների և զինվորական զոհերի կապակցությամբ: Նաև կոչ է անում վերադառնալու Մինսկի խմբի բանակցային գործընթացին և ներդնելու հրադադարի խախտումների ուսումնասիրության համար անհրաժեշտ մեխանիզմներ»:

ԵԽԽՎ լիագումար նիստերի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ գրանցվեցին:

Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ն  է ԵԽԽՎ պատվիրակների ընդհանուր տրամադրվածությունը. ընդունո՞ւմ են, որ հարձակվել է Ադրբեջանը, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Թե՛ ապրիլյան դեպքերի առաջին իսկ օրերին, թե՛ ԵԽԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել քաղաքական խմբերում, ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների, մեծ թվով պատվիրակների հետ: Այդ հանդիպումների նպատակը իրազեկել և հայանպաստ տրամադրվածություն ստեղծելն է»:

Հետաքրքրվեցինք` այն որոշումից հետո, երբ ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստի ընթացքում որոշվել էր  չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ` որպես ընթացիկ հարց, Ադրբեջանը նոր նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Դեռևս որևէ բան չի ձեռնարկված: Դրական ենք ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը հանվել է: Այս հարթակում, որտեղ ադրբեջանցիներն ունեն բազմաթիվ լոբբիստներ, ազգային, կրոնական և այլ պատկառելի աջակցություններ, ոչ օբյեկտիվ բնույթով հարցեր քննարկելը իմաստ չունի, Ղարաբաղի հարցի քննարկման հարթակը այն է, որտեղ իրական իրավասությունն է հարցը քննարկելու՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ թե զուգահեռ հնարավորություն տրվի այլ հարթակներով իրենց համար գործընթացներ տանեն»:

Տիկին Նաղդալյանը պատվիրակության հասցեին հնչող քննադատությունները անհիմն է համարում ու նշում. «Չորս օր է՝ առավոտից երեկո բոլոր անդամները առանձին պատգամավորների, պատվիրակությունների հետ հանդիպումներ են անցկացնում, քննարկումներ ու ելույթներ, փոքր ռեսուրսով փորձում ենք մեծ աշխատանք կատարել, ինչի՞ համար են քննադատում: Տարածել ենք մեր բրոշուրները, լուսանկարները, այլ փաստագրական նյութեր կատարվածի մասին: Միայն մեկ տարվա ընթացքում այս պատվիրակությունը երեք անգամ Ադրբեջանի խոշոր, մեծածավալ փորձերը կասեցրել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930