Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի ծրագիրը ձախողված է

Ապրիլ 22,2016 22:10

Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողներին:

Նա, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին, նկատեց, որ վերջինս խոսել է երեք համանախագահների անունից, ըստ նրա, շատ լավ է, որ երեք համանախագահներն էլ համարում են, որ 1994 թվականի զինադադարը անժամկետ գործելու է. «Շատ դրական է, որ համանախագահները գտնում են, որ խնդիրը ունի բացառապես խաղաղ կարգավորում այն սկզբունքների հիման վրա, որոնց մասին խոսել ենք մենք: Պարզապես թո՛ղ Ադրբեջանի հետ աշխատեն, թո՛ղ Ադրբեջանին ճնշեն: Երկու խնդիր պետք է ասենք՝ ռազմական ճակատներում՝ մեր հերոսների կյանքի գնով մենք կարողացանք չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքը գոնե այս փուլում, եւ նրանք առաջխաղացում չկարողացան ապահովել: Եվ այսօր էլ դիվանագիտական ասպարեզում մենք արձանագրեցինք, որ այս փուլում Ադրբեջանի ծրագիրը՝ դուրս գալ 1994 թվականի զինադադարից եւ բերել նոր փաստաթուղթ, այս պահին գոնե ձախողված է»:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Ռուսաստանը եւ Եվրոպան պատերազմ չի ցանկանում այս տարածաշրջանում. «Բայց ես չեմ կարող ինձ վրա վերցնել մի պատասխանատվություն, խոսել մի պետության երաշխիքների մասին, որի պետական քաղաքականությունը հակահայկականությունն է, որի քաղաքականության հիմքում ընկած են անտրամաբանական ֆաշիստական գործողությունները»:

Նա ընդգծեց, որ ե՛ւ ռազմական ոլորտում, ե՛ւ դիվանագիտական ոլորտում պետք է լինել միասնական. «Մեր հովանավորը մեր տեր աստվածն է եւ մեր միասնությունը: Եվ այս քառօրյա պատերազմը կոնկրետ ինձ ցույց տվեց մի բան, որ ես իրավունք չունեմ այստեղ Երեւանում սխալվել: Ո՛չ մեծ սխալի իրավունք ունեմ, ո՛չ փոքր, թերությունն ուրիշ է: Մենք պետք է ավելի ուշադիր աշխատենք, մենք պետք է ավելի սրտացավ լինենք, խոսքով չէ: Մենք պետք է 20 անգամ չափենք 1 անգամ խոսենք, 20 անգամ չափենք 1 անգամ գործենք: Այսօր մենք պետք է ավելի ուժեղացած դուրս գանք այս փորձությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930