Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սեմյոնիչի հետ ուրախ էր

Ապրիլ 25,2016 11:48

Դեկտեմբեր ամիսն էր: Մոսկվայի մերձակա Կուբինկա փոքրիկ քաղաք գործուղման էինք գնում Ալեքսանդր Սեմյոնիչի հետ: Նա ձևականորեն ուղեկցում էր ինձ, որ հետո գնա Վիտեբսկ՝ այնտեղ ապրող որդուն տեսակցելու: Իսկ ես պետք է հարմարաբերեի մեր հիմնարկի արտադրած սարքավորումները, որոնք նախապես ուղարկել էինք մի փակ ձեռնարկության: Ինքնաթիռը ըստ չվացուցակի պիտի վայրէջք կատարեր Դոմոդեդովո օդանավակայանում, բայց թռիչքի տևողությունը վաղուց լրացել էր ու ոչ մի հայտարարություն չէր արվում ուշացման պատճառի մասին:

Ուղևորները չարագուշակ լռությունից լարված սպասում էին հրահանգի, իսկ ուղեկցորդուհիները ծլկել էին ուղևորասրահից ու չէին երևում: Եվ հանկարծ լռությունը խախտելով՝ միացավ օդանավի հաղորդիչը:

-Հարգելի ուղևորնե՛ր, Դոմոդեդովո օդանավակայանը խիտ մառախուղի պատճառով մեր ինքնաթիռը չի կարող ընդունել և մենք վայրէջք կկատարենք Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, խնդրում ենք մնալ տեղերում, կապել ամրագոտիները և խուճապի չմատնվել:

-Ախր քեզ ասում էի չէ, Սեմյոնիչ, որ մի բան պատահել է,-արձագանքեցի ես:

-Պարզվում է, որ դու ճիշտ էիր,-անտարբեր պատասխանեց Սեմյոնիչը:

Վերջապես մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Վնուկովո օդանավակայանի երկրորդական ուղու վրա, բայց այս անգամ էլ ուշանում էր վայրէջքասանդուղքի մատուցումը: Ուղեկցորդուհին մեր հարցումին պատասխանեց, թե քանի որ մենք Վնուկովոյի անձնակազմի կողմից սպասարկվող ինքնաթիռ չենք, ապա սանդուղքը կմոտենա մեր ինքնաթիռին, երբ իրենց գրաֆիկով սպասարկվող ինքնաթիռների չվացուցակում ազատ տեղ բացվի:

Գրեթե մեկ ժամ տևեց մեր հարկադիր կալանքը ինքնաթիռի ուղևորասրահում:

Ազատվելով օդանավակայանի կապանքներից, Սեմյոնիչի հետ ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Մոսկվա քաղաք, որտեղից էլ պետք է մեկնեինք այնտեղից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կուբինկա փոքրիկ քաղաքը:

Հասնելով էլեկտրագնացքների հենակետային կայարան, տեղավորվեցինք սպասասրահի նստարաններից մեկի վրա ու մոտ կես ժամ սպասեցինք հերթական էլեկտրագնացքի ժամանմանը:            Սպասված ժամին էլեեկտրագնացքը ժամանեց և ուղևորների հոծ բազմությունը գրոհեց դեպի նրա ինքնավար բացվող դռները և տարերային մարդկային ահագնացող ալիքը մեզ տարավ դեպի երրորդ վագոնի դռների մոտ, որտեղից էլ՝ իրար հրմշտելով, ուղևորները մեզ հրեցին վագոնի ներսը:

Սակայն, երբ ուղևորների իրարանցումը մի փոքր հանդարտվեց, Սեմյոնիչը, թե.

-Արի՝, իջնենք, նստենք երկրորդ վագոնը:

-Սեմյոնիչ,-հակառակում եմ ես,-որ իջնենք, կարող է գնացքը շարժվի և մենք դրսում մնանք ու նորից կես ժամից ավելի սպասենք, ախր ցուրտ է, կմրսենք, կհիվանդանանք:

-Բայց ես իրենց հետ պայմանավորվել եմ, որ հանդիպեն երկրորդ վագոնի մոտ,-իրենն է պնդում Սեմյոնիչը ու դիմում դեպի վագոնի դեռևս բաց դուռը:

-Բայց տարբերությունը մի քանի մետր է, նրանք հո մեզ կճանաչեն, մենք էլ կովկասյան ժողովուրդ ենք, հո չեն խառնի շեկերի հետ,-փնթփնթում եմ ես:

-Դու սրանց լավ չգիտես, ես քսանհինգ տարի ծառայել եմ բանակում, կասեն երկրորդի մոտ չէիք ու կթողնեն, կգնան, հետո մենք ի՞նչ ենք անելու այդ ամայի վայրում,-հակադարձում է ինձ Սեմյոնիչը:

Ես ստիպված ենթարկվեցի Սեմյոնիչի քմահաճությանը և երբ երրորդ վագոնից հազիվ էինք դուրս պրծել կառամատույց, գնացքը շրխկոցով փակեց դռները ու սլացավ առաջ:

-Է՝ս էիր ուզում,-վրդովվեցի ես:

-Ոչինչ, հիմա մյուսը կգա, նրանով կգնանք,-հանգիստ տոնով հորդորեց Սեմյոնիչը:

-Հա՛, քո հիման կես ժամից ավելի կարող է տևել,-նեղսրտեցի ես,-ցուրտն էլ՝ մյուս կողմից, մինուս քսան աստիճան է:

-Է՜, դու ինչ ես սրանից նեղսրտում, ես քեզ հիմա մի ուրիշ դեպք կպատմեմ, որ կզարմանաս,-ծիծաղեց Սեմյոնիչը,-համ էլ ժամանակը շուտ կանցնեի:

-Ուրեմն, Փայլակիս ասեմ, Գերմանիայում էի ծառայում,-սկսեց Սեմյոնիչը,-հերթական արձակուրդս տրամադրեցին: Ես էլ որոշեցի գամ հայրենիք, հանգստանամ, համ էլ կարոտս առնեմ: Պատահաբար, ընկերոջս կինն էլ այդ ժամանակ եկել էր Գերմանիա այնտեղ ծառայող ամուսնուն այցելության և ինձ հետ պիտի վերադառնար: Ուրեմն, մեզ տանող գնացքը հերթական կանգառն արեց Պրահայում և հայտարարեցին, որ մոտ մեկ ժամ հետո է մեկնելու այդտեղից: Գնացքի ժողովուրդն էլ իջավ, ցրվեց քաղաքով մեկ, որը դիտելու համար, որն է՝լ առևտուր անելու: Մենք էլ երկուսով իջանք, գնացինք քաղաքը դիտելու և զգուշության համար կես ժամ հետո վերադարձանք, բայց գնացքը ժամանակից շուտ մեկնել էր… Շուտով մեզ միացան էլի երկու ուշացած ուղևոր ու մտածում ենք տաքսի բռնենք, որ գնացքին հասնենք, բայց փողներս չի հերիքում էդ տաքսու վարորդի պահանջածի գումարի չափին: Մի կերպ համոզեցինք ու սա քշեց: Ասում է՝ կհասցնեմ: Բայց երբ արդեն մոտենում էինք ճանապարհի արգելափակոցին և անցնելով այն կհայտնվեինք մոտակա կայարանում, այն փակվեց և մեզ սպասարկող գնացքը մեր աչքերի առջևով սուրալով անցավ: Դե, տաքսու վարորդն էլ ասում է, որ հաջորդ կանգառը շատ հեռու է, ես չեմ կարող այդքան գնալ, ավելի լավ է ես ձեզ հետ կտանեմ կայարան, ուրիշ գնացքով կգնաք: Ստիպված համաձայնեցինք: Նորից վերադարձանք մեր կայարանը, որտեղ էլ մեզ ասացին, որ հաջորդ գնացքը ժամանելու է գիշերվա ժամը տասին: Ճարներս ինչ, սպասեցինք: Ճիշտ ժամը տասին մի գնացք մոտեցավ կառամատույցին և մենք բարձրացանք վագոն, տեղավորվեցինք: Մեկ, թե երկու կանգառ էինք գնացել ու մեզ մոտեցավ տոմսավաճառը, հարցրեց թե ու՞ր ենք գնում, դե մենք էլ լեզուն չգիտեինք, բայց մի կերպ հասկացրինք: Սա էլ՝ թե էս գնացքը հակառակ ուղղությամբ է գնում, հաջորդ կայարանում կիջնեք ետ կգնաք: Ինչ գլուխդ ցավեցնեմ, Փայլակ ջան, էս երեքով, հետներս էլ ահագին ծանր շարժվող ընկերոջս հաստլիկ կնիկը, ոտքով կեսգիշերին ընկանք ճանապարհ ու պատկերացրու ինչ դժվարությամբ հասանք մեր կայարանը, գիշերն էլ մնացինք ու ցերեկվա ժամը երեքին մեկնեցինք, իսկ սա ինչ է, որ նեղսրտում ես…

-Մի անգամ էլ…, սկսեց Սեմյոնիչը, բայց չշարունակեց, քանի որ հերթական էլեկտրագնացքը մոտեցավ կառամատույցին և մենք այս անգամ մի կերպ հրմշտելով ուղևորներին, մտանք երկրորդ վագոն, որ մեզ դիմավորողները ուրիշի հետ չշփոթեն: Տեղ հասանք, դիմավորողները մեզ տարան ու տեղավորվեցին մի անշուք բանակային հյուրանոցում: Գիշերվա կեսին ես զգացի, որ ջերմություն ունեմ, երևի կայարանում երկար սպասելուց քսան աստիճանի սառնամանիքը իր չար գործը կատարել էր և ստիպված արթնացրի Սեմյոնիչին, որն էլ սկսեց զբաղվել իմ բարձր ջերմությունը իջեցնելու գործընթացով:

Նախ պիջակի գրպանից սեղանի վրա դատարկեց զանազան դեղահաբերի տուփերը, որ միշտ իր հետ ունենում էր, ընտրեց ջերմություն իջեցնող դեղորայքը, հորդորեց, որ խմեմ, ապա դուրս եկավ միջանցք, հյուրանոցի հերթապահ կառավարչի միջոցով գտավ մի կեղտոտ թեյաման, թեյ պատրաստեց էլեկտրական սալիկի վրա ու ինձ համոզելով խմեցրեց հինգից ավելի բաժակ թեյ գիշերվա մնացած հատվածում: Առավոտյան երբ ջերմաչափը թեևատակից հանեցի, ջերմությունս հասել էր 35,8 աստիճանի:

Սեմյոնիչի ձեռնարկած միջոցառումները այնքան էին իջեցրել իմ մարմնի ջերմաստիճանը, որ ես խուճապի մատնվեցի ու սթրեսային վիճակի մեջ ընկա: Սեմյոնիչը ստիպված զանգահարեց Երևան, մեր հիմնարկի պետին, խնդրեց չեղյալ համարել իմ գործուղումը և փոխարինող մասնագետ ուղարկել Կուբինկա: Մենք էլ մեկնեցինք Մոսկվա ինքնաթիռի հետդարձի տոմսը փոխեցինք և հաջորդ օրը վերադարձա տուն՝ բուժումս շարունակելու, իսկ Սեմյոնիչն էլ մեկնեց Վիտեբսկ՝ որդուն տեսակցության, որի համար էլ ինձ հետ եկել էր գործուղման:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930