Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակում ենք կորուստների վերջին հազարամյակը և բացում մի նոր՝ վերազարթոնքի էջ». Էդգար Մակարյան

Ապրիլ 25,2016 23:52

«Երևան» մշակույթի կենտրոնում մեկնարկեց «Վերազարթոնք» հաղթարշավը

«Քառօրյա պատերազմն արթնացրեց մեր ազգին: Դրանից հետո պետք է փորձենք պահել և ամբողջացնել այդ ոգին, ուղղորդել այն դեպի գործ: Հայությունն անելիքներ շատ ունի»,- այսօր «Երևան» մշակույթի կենտրոնում կայացած «Վերազարթոնք» հաղթարշավի մեկնարկի ժամանակ ասաց շարժման համակարգող Արմեն Նալբանդյանը:

«Վերազարթոնք» հաղթարշավը նախաձեռնել է «Հանուն հայրենիքի, հանուն Հայքի» համահայկական շարժումը:

Շարժման անդամներից Էդգար Մակարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հատուկ են միջոցառումը կազմակերպել ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հաջորդ օրը. «Փակում ենք հայոց ճգնադարը, կորուստների վերջին հազարամյակը և բացում մի նոր՝ վերազարթոնքի էջ:

Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, որ անկախ իր հոգեբանական, սոցիալական վիճակից, հայ ժողովուրդը միասնական է ու թշնամու դեմ կանգնած՝ որպես մեկ ամբողջություն: Որպեսզի այս արթնությունն ունենա իր հաղթարշավը ոչ միայն այսօր, այլև հազարամյակներ շարունակ, այն պիտի ունենա գաղափարական և հոգևոր սնուցում»,- նշեց նա:

Էդգար Մակարյանի խոսքով՝ շարժումն ունի իր առջև դրված խնդիրներ և ձևակերպում է բոլոր այն գաղափարական, հոգևոր, ոգեղեն տեսլականները, որոնք երկար ժամանակ որոնվում են որպես հայկական կամ ազգային գաղափարախոսություն:

«Մենք ունենք այդ ուղղությամբ կատարած և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներ,- ասաց մեր զրուցակիցը: «Քանի որ ժամանակը սուղ է, և մենք չենք կարող իմանալ՝ թշնամին որ օրը, որ ժամին մի նոր ոտնձգություն կանի, պետք է ազգովի պատրաստ լինենք: Չգիտենք՝ ոտնձգությունը քանի ճակատով, ինչ սպառազինությամբ, ինչ հովանավորողների ու դրդողների կազմակերպվածությամբ կլինի: Դրա համար օր առաջ, ժամ առաջ պետք է ազգովի գերկազմակերպված լինենք: Մենք հստակ քայլեր ենք մշակում, որոնց ուղղությամբ մինչև սեպտեմբերի 21-ը կկատարենք կոնկրետ գործողություններ: Այդ օրը կկազմակերպենք նաև մի մեծ համաժողով, որտեղ կամփոփենք մի քանի ամիսների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները»:

Էդգար Մակարյանի փոխանցմամբ՝ գործնական քայլեր արդեն կան մշակված, իսկ թե ինչպիսիք, ասաց, որ ժամանակի ընթացքում կտեղեկացնեն: Այսօր միայն հայտարարում են դրանց մեկնարկի մասին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Կեցցեք

    • Գրիգոր says:

      ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ-
      «Հայոց ոգեղեն քաղաքակրթական Ոսկեփուլի ազդարարում»
      ———————————————-

      Ագռավաքարը բացելու ժամանակը կամ ազդ Հայոց Ոգու Ոսկեփուլի
      Մենքուխտունենք՝ միշտ դեպի լույս,
      Ու գընում ենք մեր ճամփով,
      Մըրրիկներով պատած անհույս,
      Սև խավարով, մութ ամպով…
      Հովհ. Թումանյան

      Գուցե մի ավելորդ անգամ հիշենք մեր ազգի ընդամենը մեկ ֆենոմենի՝ վտանգի պահին համախմբվելու, բռունցքվելու մեղմ ասած՝ առաքինի հատկության մասին: Բայց թույլ տրվի հռետորական մի հարց կախել օդում՝ իսկ քանի՞ սերունդ, քանի՞ հարյուր ու հազարամյակ է պետք, քանի՞ պատմիչ ու պոետ պիտի դառնան ողբասաց, որ մեր հավաքական, այն է՝ ազգային Ես-ի գիտակցությունը,ոչ թե ընկալի սա իբրև փաստ ու անցնի առօրյա մտմտանքին, այլ մեկ անգամ և միշտ հետևություն անի՝ այս զորավոր փաստը ծառայեցնելու ոչ թե պատեհական անհարժեշտության միայն, այլ նաև դրանից առաջ ու հետոյին:

      Ստորև ասվածն ընդունենք իբրև բարձրաձայն մտածում. ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է տվել մեզ, պայմանական ասած, խաղաղ պայմաններում դիվային հանգստության արտոնություն, ո՞վ է արտոնել մեզ այդ դիվային հանգստության պայմաններում տարվել մանր, օրավուր կրքերով, վաղվա խաղաղ օրվա այդ ո՞ր երաշխիքներն են բթացնում մեր գիտակցությունը և լեթարգիական քնի տանում, և վերջապես՝ ո՞վ և ի՞նչ խղճով է արտոնում մեզ ունենալ պատմական կույր հիշողություն, որն ինձ ստիպում է մոռանալ Հայի պատմական և ոչ այնքան պատմական ոխերիմ թշնամիներին…
      Համաձայնենք, որ շատ, չափազանց շա՜տ խորն են քնեցրել մեր Լինելիության գիտակցությունը:
      Եվ ահա ինչպես:
      Տևական ժամանակ է, որ մեր գիտակցության, իսկ ավելի ստույգ՝ անգիտակցության մեջ, սերմանել են, թե Հայ ազգը դարեր ի վեր գոյության մաքառում է կրել, կրկնում եմ՝ գոյության: Նկատե՞լ ենք արդյոք, որ մեր գրեթե բոլոր պատմական, ավելին՝ Արարչական, Լինելիությունը հաստատող հերոսամարտերը նախ լրագրորեն, ապա՝ պատմագրորեն, ամրագրվում են իբրև գոյամարտեր: Ասել կուզի, թե համաշխարհային քաղաքակրթության ծիրում մենք ֆիզիկական ներկայությունից զատ ոչինչ ավելին չունենք մատուցելու և չենք էլ մատուցել: Այնինչ, մշտապես կենաց մահու կռիվ ենք տվել ոչ թե խուսափելու սոսկ ֆիզիկական ոչնչացման անասնային բնազդից ելնելով, այլ, որովհետև մենք «Ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս»:Իսկ այս Ուխտը մարդկային վերագրում չէ, այլ՝ Արարչական, Տիեզերական: Եվ, ցավոք, թե՛ Հայի Աստծուն, թե՛ Նրա մեզ վերապահված առաքելության չափ ու կշիռը, մեզնից առավել, լավ գիտեն ու շատ լավ են գիտակցում չաստվածների համհարզները:

      Նրանք հո՞ գիտեն, թե բիբլիական Լեռան ստորոտում ո՞ր Երկիրն է, նրանք հո՞ գիտեն, թե Սրբազան Երկրի ներկայիս տերերը ի բնե են և գալիքում էլ են տերը լինելու: Ու թե մենք հիմա տառապում եմ ազգային սնապարծությամբ, ուրեմն թող մեզ ցույց տրվի մի երկրորդ էթնոհանրույթ, որը մոլորակի պատմության մեջ քաղաքակրթության օվկիանին ոչ թե վտակով, այլ լայնահուն գետերով է սնուցել, և որի ամբողջ քաղաքակրթությունն այնքան փորձած լինեն եղծելու պղծել, որքան որ մեր:

      Համոզված ենք, պատմականորեն փորձված է, որ աշխարհը հենց այն պահից, երբ ճանաչել է մեզ ու մեր Ուխտը, մեզ հետ հարաբերվել է՝ չկա մարդ, չկա խնդիր կեղծ ու պատիր, դիվական փիլիսոփայությամբ:
      Սակայն չկարծվի այնպես, թե մենք ճիգ ենք անում մեր տանուլ տվածի մեջ մեղադրել օտարին կամ մեղադրել առհասարակ: Եվ ինչպես առածն է ասում՝ մենք էլ մեղքերն ենք ասում և ո՛չ մեղավորը:

      Հանճարեղ Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը գուցե շատերը չմտաբերեն՝ իբրև գեղարվեստական արժեք, բայց այ նրանում եղած մեզոստիքոս-ակրոստիքոսը՝ իբրև գաղափարական աքսիոմատիկ արժեք բոլորը գիտեն բառացի՝ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ այս հանճարեղ գլուխը՝ իբրև դարձ ի շրջանս յուր, գաղափարապես հանգել էր այս ճշմարտությանը, երբ արդեն քննել էր մեր ոգեղեն քաղաքակրթության պատմության քառուղիները: Ավա՜ղ, գեղարվեստական չափազանցություն չէ, երբ «Պատմության քառուղիներով» պոեմում նա ասում է, թե մենք ունեցել ենք անանցյալ, ոչնչատեսիլ անցյալ, ավա՜ղ, նույն տեղում ասված այս տողերում պոետի հիվանդագին երևակայությունը չի պոռթկացել՝

      …Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
      Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
      Հազար երանգներով իրենց դեմքը ներկած,-
      Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
      Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
      Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
      Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա…

      Այսուհանդերձ, շատ չծամծմելով բուն ասելիքը, պիտի հաստատենք, որ Հայ մեծ Ժողովուրդը քանիցս ապացուցել է, թե «Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար», որ Հայ մեծ Ժողովուրդն իր պատմական ողբը ողբացել է աշխարհի դեմքին և արդարության չի հասել, որ Հայ մեծ Ժողովուրդն այլևս կոծ ու կականի ժամանակ չունի և ոչ էլ արդարություն մուրալու խեղճություն: Հայ մեծ Ժողովուրդը այս աշխարհի իմաստուն Ծերունին է, որ գավազանով հրաշքներ կգործի, և հենց ինքը կվերականգնի Արդարության Կենսակարգը, եթե ոչ հանուր մարդկության, ապա գոնե Սրբազան երկրի ու դրա տերերի համար:

      Այո՛, ժամանակն է պատմության քառուղիներով մահաբեր ամեն կեռմանի վրա տանուլ տվածը վերադարձնելու:
      Այո՛, ժամանակն է լինելու ռազմատենչ՝ սեփական էթնոսի քաղաքական ու քաղաքակրթական առաքելությունը լրումին հասցնելու:
      Այո՛, ժամանակն է բացելու Ագռավաքարը և վերաձևակերպելու Մհերի փիլիսոփայությունը, որովհետև կորեկն արդեն դառել է քանց մասուր մի, սակայն մահաբեր կեռմաններից մեկում կորցրել ենք արտատեր Պառավին, և վաղուց արդեն մեր կորեկի արտերում թլոր Դավիթը թրև չի եկել, այլ բնություն չունեցող ներքին ու արտաքին կճղակավոր ոսոխն է կոխոտում մեր կորեկ Հացը:
      Այո՛, ժամանակն է ի խորոց մտքի հասկանալու «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» վերազարթոնքի կոչը և այն գործադրելու ոչ թե օրացուցային ընդհատությամբ, այլ ըստ էության՝ ամեն Աստծո օր, քանզի՝

      Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
      Դեպի լույսն են մեր ուխտի….

  2. Վերջապես մի բարի խոսք…դրական խոսք, ապրեցնող կյանքի կոչող միտք….համատարած հուսահատ ողբի մեջ…. լավ սկիզբ է, ողջունում եմ…

  3. Գրիգոր says:

    ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԺՈՂՈՎՈՒՄ
    -*-

    ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ԵՎ ՀԱՂԹԱՐՇԱՎ

    Մեր սերունդը իր կյանքի ընթացքում մեկ անգամ արդեն եղել է կերտողը համազգային Զարթոնքի` 88թ-ի Ղարաբաղյան շարժման ժամանակ: Աննկարագրելի են ապրումները, որ ունեցել են մեզանից շատերը, այդ օրերի ականատեսները: Ազգային ոգու փոթորկուն հոգեվիճակ, որն ընդունակ եղավ կերտելու Արցախյան հերոսամարտ: Անվեհեր հայորդիք ամրագրեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի իրենց հայրերի հերոսական հաղթանակները: Մոլորակի վրա յուրաքանչյուր ազգ և ժողովուր կերազեր ունենալ այդպիսի նկարագիր, ոգեղեն ուժ, համախմբան այդօրինակ կարողություն, ազգասիրության և հայրենապաշտության նման ոգեպոռթկում: Կյանքի դժվարին օրերին հերոսականության և նվիրումի ազգային ինչպիսի նախանձելի օրինակ: Սակայն…

    Սակայն, ավաղ… կարճ ժամանակ անց այս ամենը կորցրինք, մարեց, կամ ստեղծվեց, իսկ ավելի ճիշտ ստեղծեցին մի այնպիսի իրավիճակ, որտեղ այդ ոգին պետք է ինքնաբերաբար մարեր, հավաքական ազգը պետք է մինչև խոր ատելության աստիճան բզկտվեր, և ողջ հասարակական բարիքը անարդար բախշվեր՝ բնակչությանը մատնելով խորը հիասթափության, ծայր աղքատության և արտագաղթի: Եվ այսպես արդեն քարորդ դար: Պատճառները շատ են և բազմաշերտ: Սակայն անհրաժեշտ է առանձնացնել դրանցից հատկապես մեկը: Այն, որ այդ հուզազգացմունքային պոռթկումը չունեցավ համարժեք գաղափարական սնուցում: Իսկ զգացմունքայնությունը, որքան էլ որ լինի շռնդալից, ունի մի թերություն՝ ուշ թե շուտ սպառվում է: Այն սպառվում է, եթե որպես գոյավիճակ, չի ստանում գաղափարական ձևակերում և համարժեք բովանդակություն: Իսկ վերջինս ճահճանում է, եթե ինքն էլ չի սնուցվում հոգևոր իմաստությամբ և արժեքայնությամբ: Իսկ այս ամենի ներդաշնակությունը ստեղծում է ազգային-հասարակական մի նոր կենսակերպ: Մի բան, որ տեղի չունեցավ հայոց մեջ, իսկ ինչ էլ, որ տեղի ունեցավ, խորթ էր մեր նկարագրին, մեր ինքնությանն ու հոգեկերտվածքին: Հետևաբար պետք է լիներ այն ինչ եղավ և ինչն այսօր ունենք: Իսկ այսօր…

    Այսօր, չնայած համատարած դժվարությունների և հուսալքության, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը մեկ ակնթարթում ոտքի հանեց ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ աշխարհի հայությանը:
    Թշնամին՝ սարսռաց, օտարը՝ ապշեց, մենք՝ դարձանք մի անպարտելի հավաքական ուժ: Մեր սերունդը երկրորդ անգամ ականատեսն է դառնում հայության անօրինակ վարքի դրսևորման և անպարտելի ուժ-զորություն է իջնում յուրաքանչյուրիս վրա: Վստահորեն պետք է ասել, որ սա 88-ի զարթոնքի մի նոր կրկնությունն Է: Վերազարթոնք, որը մեկ ակնթարթում զարկերակեց յուրաքնչյուրիս սրտում և հոգենյութով թելակարեց բոլորիս ներաշխարները՝ հաստատելով և փաստելով, որ հոգեթրթիռ ազգ-երակը արիաշունչ ոգու կենսաուժ և ավիշ է հորդում դեպի մեզնից յուրաքանչյուրի էություն՝ հավերժ հայ մնալու վերին նախախնամությամբ և մի մեծ գաղտնախորհուրդ իմաստությամբ:

    Սակայն, հարկ է, քաղելով անցյալի (հատկապես ոչ վաղ անցյալի) փորձառությունը, հասկանանք, որ այս զգացմունքային պոռթկումն էլ կարող է մարել և չվերաճել նոր կենսակերպի, եթե սա էլ նախորդի նման չունենա գաղափարական հեռանկար, չլուսավորվի հոգևոր իմաստությամբ և չառաջնորդվի համընդհանուր բարոյականով: Հետևաբար այս Վերազարթոնքը Հաղթարշավի մի նոր հնարավորություն-մեկնարկ է՝ մի նոր կյանքի նպատակային, գաղափարական վերընթաց: Ահա թե ինչու այսօրը` ապրիլի քսանհինգին, փակելով հայոց ճգնադարը և կորուստների հազարամյակը, բացում ենք հայության համար Վերազարթոնք Հաղթարշավի մի նոր բյուրաշրջան:

    Այո, ազգակերտումի, հայրենատիրության, մարդափրկության, քաղաքակրթումի, մոլորակային բարօրության և արդարության հաստատումի Հաղթարշավ:
    Սակայն այս Վերազարթոնքը և առավելապես Հաղթարշավը, նախևառաջ, անհատական, ներանձնային խնդիր ու հրամայական է: Այն ներքին ինքնաարթնության, ինքնամաքրումի, ինքնահաղթահարումի, ինքնակատարելագործումի և սրբագործումի Աստվածընթաց մի ճանապարհ է, հետո միայն ազգային համընդհանուր հոգենորոգումի վերընթաց լուսեուղի է:
    Իսկ նա, ով չի գիտակցում այս լուսընթաց ուղու կարևորությունը, նա դեռ մրափում է խորը քնի մեջ, և այս Վերազարթոնքը դեռ նրա սրտում չի զարկերակել, ով թերահավատությամբ է նայում այդ ուղու գոյությանը, նա դեռ չի արթնացել, և ով դեռ կասկածում է, նա կանգնած է անդունդի եզրին…
    Իսկ մեզ համար այս Վերազարթոնքը նախևառաջ ոգու արթնություն է: Այո յուրաքնչյուրս և ազգովի միասնական կատարելու ենք ոգու մեծագույն սխրանգը, հոգեպահանջ ճիգը՝ ինքնափրկության և հոգեմաքրության սրբագույն սխրանքը:
    Մենք եկել ենք մեր ժամանակների այս թոհ ու բոհում, քաոսային աշխարհում հստակ առաջարկելու մեր ազգային բարձրագույն իդեալ-տեսլականը, դրանից բխող մեր հավաքական նպատակն ու գաղափարը, և կայացնելու ազգային անբասիր բարոյական արժեքների վրա խարսխված մեր ՀԱՅՔ ԱԶԳԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ:

    Սա է Հաղթարշավի մեր նոր քաղաքակրթական լուսե ճանապարհը, ազգային կյանքի պանծալի նոր փուլը, այս և գալիք հազարամյակների մեր անխոնարհ դրոշն ու ցնծագին օրհներգությունը:
    Հոն առաջ եղբայրներ: Ի զեն և ի գործ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930