Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ քվեարկություն ԱԺ-ում. պատգամավորները վիրավորում են միմյանց. «Կռուտիտ մի՛ եղեք» (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 17:45

Այսօր Ընտրական օրենսգրքի նախագիծը դրվեց քվեարկության: Մինչ այդ Դավիթ Հարությունյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ նրան, թե ընդդիմության որ առաջարկներն են ընդունվել. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Լյուդմիլա Սարգսյանին, Ռուբիկ Հակոբյանին, Ալիկ Արզումանյանին, Տիգրան Ուրիխանյանին, Նաիրա Զոհրաբյանին, Լեւոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին՝ հետաքրքիր առաջարկությունների համար, որոնք պետք է հաշվի առնվեն»:

Նա հայտարարեց, որ ընդունում են, ռեգիոնալ կուսակցությունների գաղափարն է. «Շատերը մերժեցին դա, մենք երեւի հրաժարվենք այս մոտեցումից: Երկրորդը՝ ձայների բաշխումը, երբ լինի թիվը կենտ, այդ թիվը տեղափոխվի համապետական ցուցակ: Դա ընդունելի է: Եղավ առաջարկություն, որ ամփոփումը ձայների ավելի կատարյալ դարձնենք տեխնիկական միջոցով, դա եւս կընդունվի»:

Դավիթ Հարությունյանը հորդորեց սթափ վերաբերվել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգին եւ ուսումնասիրել այն գրականությունը, որը դրվեց քվեարկության:

Իսկ բուն քվեարկությունն անցավ խայտառակ ընթացքով: Ընդդիմության դաշտից մի քանի պատգամավորներ գոռում էին՝ ձեռք էին բարձրացնում, որ մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ իրենց խոսելու հնարավորություն տան, ձայնի իրավունք, բայց Գալուստ Սահակյանը չլսեց եւ դրեց քվեարկության:

«Քվեարկեք, հետո վարման կարգի համար կխոսեք»,- ասաց Գալուստ Սահակյանն ու խոսքի տերն եղավ: Դահլիճում բոլորը ծիծաղում էին:

Օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվեց 98 կողմ, 9 դեմ, ձեռնպահ 5 արդյունքներով: Քվեարկությունից հետո սկսեց թեժ վեճ:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ Օսկանյանի գլխավորությամբ ցուցադրաբար դուրս գնացին դահլիճից: Զարուհի Փոստանջյանը ոտքի կանգնեց, սկսեց բղավել, թե ինչո՞ւ չեն թողնում խոսել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց՝ ռումբ եք դնում Ընտրական օրենսգրքի տակ, սա խայտառակություն է, տարրական իրավունքները խախտում եք, օրենքները խախտում եք:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Կանոնակարգ օրենքում ասվում է՝ վարման կարգի վերաբերյալ կարող են խոսել քվեարկությունից առաջ եւ հետո, իրենք էլ ձայն են տվել, որ հետո խոսեն: Հեղինե Բիշարյանը բորբոքվեց. «Էստեղ ստրկական միջավայր չէ, պարտավոր եք լսելու, ձայն տալու, հետո քվեարկություն կազմակերպելու»:

Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց. «Տիկի՛ն Նաղդալյան, դուք արդեն վաստակել եք այդ անվանումը, կներեք, որ պիտի ասեմ՝ կռուտիտ մի՛ եղեք: Այդ անվանումը պտտվում է ամբողջ համացանցում, ունեցել եք դիտավորություն, որ թույլ չտաք, որովհետեւ ունեիք մտավախություն, մենք կվերցնեինք 20 րոպե ընդմիջում եւ դուք չէիք կարող բերման ենթարկել ձեր այս զանգվածին, որոնք արդեն այս պահի դրությամբ արդեն այստեղ չեն, փախել են բոլորը»:

Նրան Հերմինե Նաղդալյանը հորդորեց չվիրավորել. «Էստեղ զանգված չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930