Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ոտքով շարունակել էր կռիվը, զոհվել էր՝ թշնամու բանակից 2 հոգու ոչնչացնելով». (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 22:25

Շիրակի մարզի Գետափ գյուղում 1990 թվականին ծնված Վարդան Թադեւոսյանի ընտանիքը տեղափոխվեց Արցախ բնակության, երբ Վարդանը վեց տարեկան էր: Նրա քույրն ու եղբայրը ծնվել են Արցախում: Վարդանենց՝ Գետափում գտնվող տունը տարիներ շարունակ դատարկ է, մեր այցի պահին էլ դռները փակ էին:

Դռները  վերջին անգամ բացվել են այս տարվա ապրիլի վեցին՝ Ջեբրայիլի մարտերի ժամանակ հերոսաբար նահատակված պայմանագրային զինծառայող Վարդանին հարազատ գյուղից հուղարկավորելու համար:

ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հանդիպեցինք Վարդանի հորեղբոր ընտանիքին, որոնք եւ որոշակի մանրամասներ ներկայացրեցին նրա կյանքից ու սխրագործություններից: Հորեղբոր կինը մեզ հետ զրույցում ասաց, որ Վարդանը չափից ավելի լռակյաց էր, լուրջ, իրենց միշտ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ Վարդանը այս կամ այն դիվերսիոն խմբին է հետ մղել, բայց նրանից ոչինչ իմանալ հնարավոր չէր: Հորեղբոր կինն ասում է, որ Վարդանին վերջին անգամ տեսել է  երկու ամիս առաջ, երբ եկել էր քրոջ հարսանիքին:

Բոլորը զարմացել  էին, որ ինքնամփոփ երիտասարդն այդքան ուրախ է եղել, շփվել, զրուցել է բոլորի հետ: Վարդանը երկու դուստր ունի, նրանցից փոքրը՝ մոտ 2 տարեկան է: Չնայած Արցախում անվտանգ չէ, բայց  հորեղբոր կնոջ ասելով, նահատակված հերոսի ընտանիքի անդամներից եւ ոչ մեկը համաձայն չէ ապրել Գետափում. ո՛չ  Վարդանի կինը, ո՛չ հայրն ու մայրը, ոչ էլ առավել եւս փոքր եղբայրը: Փոքր եղբորը համոզում են, թե լարված իրավիճակ է, գոնե դու մնա, Գետափում ժամանակավորապես ապրի ու դպրոց գնա, սակայն հնար չկա: «Ես Գետափում չեմ կարող ապրել, ես իմ Արցախն եմ ուզում»,- ասում է փոքր տղան:

Հորեղբոր կինն ասում է, որ Վարդանենց ընտանիքը գժի պես սիրում է Արցախը. կարծես մեղր լցրած լինեն Արցախի հողի վրա, չեն կտրվում, զոհվելուց անգամ չեն վախենում: Տիկինը պատմեց, որ Վարդանը թեժ մարտերի ժամանակ արնաքամ է եղել, զրկվել է ոտքից, բայց չի նահանջել, զոհվել է՝ թշնամու բանակից երկու հոգու ոչնչացնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930