Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից ուղարկված դեսանտ»

Ապրիլ 28,2016 22:52

«Ոնց որ Ադրբեջանից ուղարկված դեսանտ լինես էստեղ»,- այսօր խորհրդարանում, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ նման ռեպլիկ նետեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը նկատեց, որ Զարուհի Փոստանջյանը «վերջին շրջանում կարծես պատգամավորին վայել պահվածք էր փորձում դրսեւորել», բայց պարզվեց, որ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում»:

Զարուհի Փոստանջանը քննադատում էր Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին: ՀՀԿ-ական պատգամավորին ոչ թե քննադատությունը դուր չէր եկել, այլ այն, որ անկախ նրանից, թե ի՞նչ հարց է քննարկվում, Զարուհի Փոստանջյանը գործի է դնում իր «որոշակի բառապաշարն`ուղղված ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարին»:

Զարուհի Փոստանջյանի այսօրվա ելույթը հատկապես էր բարկացրել Ռուզաննա Մուրադյանին, քանի որ Հայաստանը քառօրյա պատերազմից, ըստ էության դեռ դուրս էլ չի եկել ու խորհրդարանի ամբիոնից հնչող նման ելույթը ուղղակիորեն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է`էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելու համար. «Սա էժանագին, նվաստացուցիչ պահվածք է, այն էլ այս օրերին, երբ բոլորս համախմբվել ենք մեր զինվորի ու պետության կողքին`հանուն ազգային արժանապատվության եւ պետականության: Նման ճիչերը որակապես չեն ազդում մեր միասնականության վրա: Ավելին, վնասում են հենց տվյալ անձի իմիջը: Ես ցավում եմ, որ մեր խորհրդարանի պատգամավորն այսօր նման վարքագիծ է դրսեւորում»:

Երեկ, ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, որ լռում են եւ չեն հակադարձում: Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեցինք`դրանո՞վ էր պայմանավորված Զարուհի Փոստանջյանի ելույթի նկատմամբ ՀՀԿ-ականների բուռն արձագանքը: «Հավանաբար բազմիցս նկատել եք, որ Փոստանջյանի նախորդ պոռթկումներին պատասխան տվողներից մեկն էլ ես եմ եղել: Այնպես որ, չեմ կարծում, թե դրանով էր պայմանավորված»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը`հավելելով, որ իր համար անհանդուրժելի է, երբ խորհրդարանի ամբիոնը վերածում են «դավաճանական հարթակի», որտեղ փորձ է արվում շահել «անձնական քաղաքական դիվիդենտները»:

ՀՀԿ-ական պատգամավորը ամոթալի է համարում պատերազմում զոհված հերոս տղաների անունները շահարկելը. «Նրանց անունները տալուց տասն անգամ պիտի մտածենք`որտեղ ենք հնչեցնում այդ անունը, ինչո՞ւ ենք բերում օրինակը, ի՞նչ ենք ստանալու դրանից: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար հաստատ չարժե դա անել: Մանավանդ, որ վստահ եմ, դա քաղաքական դիվիդենտ էլ չի բերի: Մեր ընդդիմադիր գործընկերներին էլ դուր չեկավ այդ վարքագիծը: Նման վարքագիծը ստվեր է գցում նաեւ ընդդիմության վրա, քանզի ընդդիմություն լինելը չի նշանակում ազգի դավաճան լինել: Ընդդիմություն լինելը կարծիքների եւ գաղափարների տարաձայնությունն ու բախումն  է`հանուն զարգացման»:

Ռուզաննա Մուրադյանը կարծում է, ընդդիմադիրներն էլ, հայ ժողովուրդն էլ պետք է պատշաճ գնահատի նախագահի քայլերը միջազգային հարթակներում եւ մենք էլ մեր համախմբվածությամբ «հարվածենք թշնամուն, չսպասենք միայն զինվորի զարկին», որպեսզի լիարժեք հաղթանակի գնանք այս իրավիճակում:

ԸՕ-ի նախագծի մասին Ռուզաննա Մուրադյանի մոտեցումները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այ տիկին օլիգարխուհի. դուք ձեր ամբողջ ոհմակով Զարուհու ճկույթը չարժեք: Մարդիկ ձեզ էլ գիտեն, Զարուհուն էլ: Հանձնարարություն եք ստացել պաշտպանել ՍՍ–ին, դա է ձեր առաքելությունը: Վստահեցնում եմ, հեռու չէ այն օրը, երբ բոլորդ մի մարդու նման կուրանաք ձեր բոսին: Կարդարանաք, կասեք, որ հրաման էիք կատարում:

  2. vahan says:

    կուսակցության անունը փոխեք դրեք ազերառսական հանրապետության կուսակցություն եվ այնտեղ կներգրավեն աժ ի բոիոր պատգամավորները կարողա վոր շատ փնտրենք մի 2 հոգի չի գա ձեր հետեվից

  3. Գօհառ says:

    Հերթական տրաֆարետային նախադասությունների հոսք “․․․․մենք էլ մեր համախմբվածությամբ «հարվածենք թշնամուն, չսպասենք միայն զինվորի զարկին», որպեսզի լիարժեք հաղթանակի գնանք այս իրավիճակում:”

  4. Alvard says:

    Կարծես միտում է դարձել՝ հենց որ զոհված զինվորները հիշատակվում են, ասում են՝ շահարկում, քաղաքական դիվիդենտ, ու ամեն տեսակ հերյուրանքներ։ Սա մի քանի բան կարող է նշանակել՝ փորձում են հասարակությանը մոռացնել տալ այս կորուստի մասին, քանի որ սա ենթադրում է երկու բան՝ կոռուպցիա, միջոցների մսխում, անպատրաստություն հակառակորդի հարձակմանը, որի պատճառով զոհերն ավելին էին քան կարող էին լինել։ Երկրորդ՝ պատասխանատվություն եւ հանձնառություն՝ տեր լինելու հեղված արյանը եւ տիրություն անելու զոհված ազատամարտիկների խայրահեղ աղքատ ընտանիքներին։ Թող ուրեմն կառավարությունը, տիկին Ռուզաննան, Հերմինեն ու մյուս մեծարգո կանայք կողքի դնեն իրենց կոմֆորտը, եւ թեկուզ քաղաքական դիվիդենտ շահելու նպատակով, քայլեր անեն՝ նախ որ կոռուպցիան բնաջնջվի այս երկրից ու բանակից, ամեն բան արդար բաշխվի, եւ երկրորդ՝ պատշաճ օժանդակություն հատկվացվի տուժած ընտանիքներին՝ հարմարավետ տուն, արժանապատիվ միջոցներ, երեխաներին կրթությամբ ապահովելու ֆոնդ, եւ այլն։
    Թե չէ՝ դավաճան եք փնտրում․․․․այ սա իսկապես էժանագին դիվիդենտ է, մի աղտոտեք մեր երկիրը այս ստալինյան խաղերով։ Հանձնեք պատասխանատվություն։ Ի տարբերություն ընդդիմության, դուք եք որ ունեք իշխանական լծակներ՝ իրական, տեսանելի գործեր անելու, ուղղելու սխալները, մաքրելու կեղտը, աջակցելու զինվորի ընտանիքին՝ ըստ արժանվույն։ Ուրեմն ի գործ։ Որ ձեր խոսքը երբեւէ արժեք ունենա․․․եւ որ հավատանք որ կարմիր կովը այնուամենայնիվ, կարող է եւ կաշին փոխել։ Հակառակ դեպքում՝ թափված նոր արյունը՝ ձեր խղճին։

  5. Նունե (ԵՊՀ) says:

    Ջղագրգիռ պոռթկումներ առաջանում են` երբ հհկ ազգակործան վարագծի մասին անաչառ կարծիքներ են հայտնվում…
    Իսկ ,,դեսանտի,, մասին տիկնոջ ջղաձգումները հենց այդ պատճառով են…
    Գաղտնիք չէ, որ Զարուհին մեծ ժողովրդականություն է վայելում….

  6. Армен says:

    ազեր-դեսանտներ հանրապետականների մեջ փնտրեք, ամբողջ Հայաստանը դատարկեցիք ու հիմա էլ հայրենասեր էք ձեւանում։ Հերիք է քծնեք սերժիկին, նրա դիվանագիտության արդյունքներն էնք քաղում այս վերջին տարիներին, եթե տեսնում էն որ անարդյունք է իրենց դիվանագիտությունը թող տեղները զիջեն ու սսկվեն։

  7. Մ.Գրիգորյան says:

    Համաձայն եմ Ալվարդի հետ, որ զոհված զինվորների հիշատակումը դիտվում է որպես շահարկում: Նույն նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը փրփուրը բերնին , ատելությունից շնչահեղձ լինելով, անբարոյականություն և շահարկում համարեց «զոհվածների արյան» հիշատակումը: Ւնչպես գիտեք, դրանրց առաջ,այդ թեման միանգամայն արդարացի «շահարկել» էր Տաշիրի Սամվել Կարապետյանը: Բա ու՞ր էր տիկին Նաիրան, ինչու՞ ձայն չհանեց: Դու՛խը չհերիքեց: Տիկին Նաիրա. բոլորը գիտեն, Ձեր և Զարուհի Փոստանջյանի անհամատեղելիության մասին: Մի՞թե կարիք կար իջնել այդքան, ձայնակցել ՀՀԿ-ական պատգամավորներին, ցեխ շպրտել Զարուհու վրա: Դուք վաղուց արդեն այն համարձակ, ուղղամիտ լրագրողը չեք, դուք փոխվում եք իրավիճակի հետ: Իսկ Զարուհին… Զարուհին այս բզկտված ժողովրդի սիրելի դուստրն է, Զարուհուն հնարավո չէ գնել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930