Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ IELTS քննություն հանձնողները հնարավորություն կունենան մասնակցել նախապատրաստական դասընթացներին

Ապրիլ 29,2016 23:50

Ապրիլի 29-ին IELTS քննության նախապատրաստական դասընթացներին նվիրված հուշագիր ստորագրվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Բրիտանական խորհրդի միջև:

IELTS (International English Language Testing System) քննությունն անգլերեն լեզվի ամենաճանաչված թեստն է աշխարհում: Տարեկան աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ հանձնում է IELTS քննություն:

Ավելի քան 9 000 կազմակերպություններ աշխարհի 140 երկրում`այդ թվում պետական, ակադեմիական և աշխատանքային հաստատություններ, ճանաչում և ընդունում են IELTS քննությունը:  Հայաստանում ևս կառավարության որոշմամբ IELTS քննությունն ընդգրկվել է որպես անգլերեն լեզվի թեստ ասպիրանտուրա ընդունվելու համար:

Բրիտանական խորհուրդը Հայաստանում IELTS քննության կազմակերպող միակ մարմինն է և նախորդ տարի անցկացրել է ավելի քան 1000 քննություն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ  IELTS քննությունը միջազգայնորեն ճանաչելի թեստ է, որը հանձնելով` հնարավորություն են ստանում ուսանել լավագույն համալսարաններում կամ աշխատել արտերկրում. «Հաշվի առնելով քննության հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը` Բրիտանական խորհուրդը որոշեց նախաձեռնել IELTS քննության նախապատրաստական դասընթացներ: Մենք ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացավ Հայկական պետական մանկավարժական համալսարանը»:

Դասընթացներն անցկացվելու են ՀՊՄՀ-ի մասնաշենքում և դասավանդելու են Բրիտանական խորհրդի որակավորումն անցած ուսուցիչները: Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, ընդհանուր 34 ժամ: Սա քննությանն արագորեն ու որակյալ պատրաստվելու հնարավորություն է:

Aravot.am-ի հետ խոսելիս՝ ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցությամբ հարցերով ռեկտորի տեղակալ Արա Երեմյանը հավելեց, որ ծրագիրն անժամկետ է և կարծում է, որ այն հաջողություն կունենա. «Բրիտանական խորհրդի հետ համատեղ որոշում էինք կայացրել դեռևս մեկ տարի առաջ, ստեղծել հնարավորություն մեր ուսանողների , մագիստրոսների և ասպիրանտների համար, որ նրանք կարողանան մասնակցել այս ծրագրին և բարձրացնեն գիտելիքները: Մեր կրթական համակարգի համար այս ծրագիրն ունի բացառիկ նշանակություն, քանի որ կրթական համակարգի որակների բաղադրիչներից մեկը հենց լեզվի իմացությունն է»:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանն էլ մանրամասնեց, որ  այս դասընթացները հնարավորություն կտան քննությունը հանձնելուց առաջ ամրապնդել գիտելիքները հնարավորինս բարձր միավորներ հավաքելու համար. « Դասընթացը բաց է անխտիր բոլորի համար : Տարիքային սահմանափակում չկա, սակայն խորհուրդ է տրվում 18 տարեկանից սկսած մասնակցել: Մինչև  դասընթացներին մասնակցելը հանձնելու են թեստ լեզվի իմացության մակարդակը պարզելու համար»:

Aravot.am-ի հետ զրուցելիս Արևիկը հավելեց, որ դասընթացները լինելու են վճարովի. 34 ժամ դասընթացն արժե 120000 դրամ, այսինքն` յուրաքանչյուր ժամը՝ 3500 դրամ:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930