Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան. Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելն ավելի դյուրին է դարձել

Ապրիլ 30,2016 12:57

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը ապրիլի 30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններին:

Նա ասաց, որ կարգավորվել է մինչեւ տասնչորս տարեկան երեխաների աշխատանքի իրավունքի կարգավորումը, որը հիմնականում վերցված է միջազգային իրավունքի նորմերից: Ըստ նրա, այն հանգամանքը, որ աշխատանքի իրավունքի կարգավորումը առկա չէր, խնդիրներ էր առաջացնում, քանի որ նման աշխատանք կար, եւ կարգավորված չլինելը ավելի ռիսկային էր դարձնում: Մյուս փոփոխությունը կապված է աշխատանքային պայմանագրի բովանդակության հետ, մասնավորապես՝ կատարվել է լրացում՝ ավելացվել է արձակուրդի տեսակը եւ տեւողությունը:

Թադեւոս Ավետիսյանի խոսքերով՝ Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններով երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելն ավելի դյուրին է դարձել. «Մասնավորապես՝ նախատեսվել է, որ բացի փորձաշրջանի տեւողությունից նաեւ հստակ պետք է սահմանվեն դրա պայմանները:  Դա առավել կնվազեցնի գործատուի հայեցողական մոտեցումը կամ աշխատողի՝ նայած թե ով է սահմանում փորձաշրջան՝ փորձաշրջանի ավարտին՝ այդ հարաբերությունները շարունակելու կամ դադարեցնելու իմաստով: Նաեւ հստակ նշվել է, որ փորձաշրջանի դեպքում արդեն փորձաշրջանն ավատված անձի հետ հարաբերությունները, եթե շարունակվում են, ապա նոր պայմանագիր պետք չէ:

Անդրադարձ է կատարվել նաեւ աշակերտության ինստիտուտի կարգավորմանը, այսինքն՝ մարդիկ, որոնք պետք է անցնեն աշխատանքի եւ ուսուցում են անցնում գործատուի մոտ սահմանվել է, որ գործատուն ընդամենը պետք է կրթաթոշակ վճարի՝ նախկին աշխատավարձի փոխարեն: Կարծում եմ՝ առավել դյուրին են դարձել այդ հարաբերությունները»:

Սակայն, Թադեւոս Ավետիսյանի խոսքերով, օրենսդրական խնդիրներ եւս կան. Հայաստանը ամբողջությամբ Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի բոլոր նորմերի պահանջները դեռ չի կատարում: Շուրջ 10-11 կետերով դեռ անհամապատասխանություններ կան. «Բայց դրանք առկա են նույնիսկ Եվրամիության անդամ երկրներում:  Դրանք հիմնականում վերաբերվում են կոլեկտիվ պայմանագրերին, 24-ժամյա աշխատանքային ռեժիմին եւ ընդհանուր առմամբ՝ սոցիալական գործընկերության որոշակի դրույթներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930