92 տոկոս գործազրկություն. հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքի չեն ընդունում

92 տոկոս գործազրկություն. հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքի չեն ընդունում

Այս տարվա մայիսի մեկը՝ Աշխատավորների միջազգային օրը, առաջին անգամ տոնում է նաև Արմինեն. բազում անհաջող փորձերից հետո այս տարի նրան վերջապես հաջողվեց մեկով կրճատել հաշմանդամություն ունեցող գործազուրկների թիվը:

Քսաներկուամյա աղջիկն ունի լսողության խնդիր: Մանկության տարիներին տարած խոզուկ հիվանդության հետևանքով աստիճանաբար սկսել է թուլանալ նրա լսողությունը, և արդեն մի քանի տարի է, ինչ լսում է լսողական սարքի օգնությամբ: Հենց այս հանգամանքն էլ մշտապես խոչընդոտել է նրան աշխատանք գտնել:

«Տարբեր կազմակերպությունների ուղարկում էի ինքնակենսագրությունս: Պատահում էր, որ կանչում էին հարցազրույցի, բայց, երբ նկատում էին ականջիս սարքը, ամեն ինչ փոխվում էր»,- պատմում է Արմինեն (հերոսի խնդրանքով անունը փոխված է):

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ նա աշխատում է մանկական հագուստի և խաղալիքների խանութում որպես վաճառողուհի: Նրա խոսքերով այս աշխատանքն իրեն մեծ դժվարությամբ է տրվել:

«Դռան վրա տեսա հայտարարությունը և մոտեցա պատասխանատուին: Երբ նկատեց ականջիս լսողական սարքը, այլայլվեց: Ասաց, որ թեև կցանկանար ինձ աշխատանքի վերցնել, այնուամենայնիվ մտավախություն ունի, որ իմ վատ լսելը կխանգարի ինձ աշխատել: Անգամ ասաց, որ քանի որ խանութը մանկական է և այստեղ շատ երեխաներ են լինում, գուցե իմ սարքը վախեցնի նրանց: Ես երկար բացատրում էի նրան, որ սարքի միջոցով ես նորմալ լսում եմ, որ ուրիշ բան, եթե սարքը չլիներ, բայց քանի որ ես այն կրում եմ, հետևաբար նաև լսում եմ: Իսկ սարքը այնքան էլ տարօրինակ տեսք չունի, որ սարսափեցնի երեխաներին»-հիշում է Արմինեն:

Երկար զրույցից հետո գործատուն համաձայնել է նրան աշխատանքի վերցնել, սակայն երեք ամիս փորձաշրջանից հետո միայն. եթե արդարացնի իրեն, ապա կշարունակի այնտեղ աշխատել: Փորձաշրջանի ավարտին մեկ ամիս է մնացել, և Արմինեի խոսքերով այս ընթացքում գործատուի և հաճախորդների կողմից որևէ դժգոհություն չի եղել:

«Սկզբնական շրջանում դեպքեր են եղել, որ հաճախորդները կարծել են, թե ականջակալներ եմ կրում և հետաքրքրվել են, թե ինչ երգ եմ լսում: Մի աղջիկ էլ կարծել է, թե ժամանակակից բջջային հեռախոս է ականջինս և հետաքրքրվել է, թե որտեղից և ինչ արժեքով եմ այն գնել»,-ժպիտով հիշում է Արմինեն և խոստովանում, որ չնայած նման իրավիճակներին, շատ է սիրում իր աշխատանքը:

«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ-ի համանախագահ Սուսաննա ժամկոչյանը նշում է, որ թեև վերջին տարիներին ավելի շատ երիտասարդներ են կարողացել հաղթահարել գործազրկության խնդիրը, այնուամենայնիվ, լսողության խանգարում ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտող գործոններ դեռևս առկա են: Մասնավորապես շատ աշխատատեղեր հարմարեցված չեն նրանց կարիքներին:

«Աշխարհում արդեն գոյություն ունեն լսողական սարքին լրացնող օժանդակ պարագաներ, որոնք կարող են բարձրացնել շրջապատի հետ շփման կարողությունը և, հետևաբար, հեշտացնել մարդկանց  աշխատանքը: Դրանք միացվում են լսողական սարքին և, արդյունքում, հեռուստացույցից, համակարգչից և հեռախոսից եկող ձայնային ազդանշանները լինում են ավելի ուժեղացված: Այդ սարքերը, սակայն, դեռևս կիրառություն չունեն Հայաստանում»,- պարզաբանում է Ժամկոչյանը և հավելում, որ առանց լսողական հաղորդակցության համար անհրաժեշտ այդ պարագաների այսօր վատ լսող մարդկանց համար շատ և շատ ոլորտներում հնարավոր չէ աշխատանք գտնել, իսկ վերջիններս բավական թանկ արժեն և հասկանալի չեն նրանց համար:

Լսողական սարքերի ձեռքբերման համար պետության կողմից մինչև երեսուն տարեկան անձանց տրվում է ութսուն հազար դրամ արժողությամբ հավաստագիր, և շահառուն այդ գումարի սահմաններում պետք է կարողանա ձեռք բերել անհրաժեշտ սարքը: Սակայն Ժամկոչյանի խոսքերով՝ տրամադրվող գումարը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել և՛ որակյալ՝ բարձր խորության ձայնային հաղորդակցության համար անհրաժեշտ լսողական սարք, և՛ օժանդակ պարագա:

Լսողական խանգարում ունեցող անձանց զբաղվածության ոլորտներն այսօր շատ տարբեր են, սակայն նրանք հիմնականում փորձում են ներգրավվել այնտեղ, որտեղ հեռախոսային հաղորդակցությունը հասցված է նվազագույնի:

«Վերջին շրջանում շատերը մասնագիտանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ունենք արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև դեռևս բժշկական համալսարանում սովորող ապագա բժիշկ»,- ասում է Սուսաննա Ժամկոչյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 անձ: Նրանցից մոտ 192 հազարը գտնվում է գործունակ տարիքում, մինչդեռ աշխատանքով ապահովված է ընդամենը 8-9 տոկոսը:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտող գործոնները բազմազան են՝ սկսած օրենսդրական բացերից ու անհամապատասխանություններից, մինչև գործատուների խտրական վերաբերմունքը, անմատչելի միջավայրն աշխատավայրերում և  նույնքան անմատչելի հանրային տրանսպորտի առկայությունը: Ոչ պակաս դեր ունեն նաև  իրազեկման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում մասնագիտական որակավորման և հմտությունների պակասը:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքի իրականացմանը խթանելու նպատակով Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացնում գործող հասարակական կազմակերպությունները: «Save the children» կազմակերպության կողմից իրականացված LIFE եռամյա ծրագրի շրջանակներում, օրինակ, (2012-2015) շուրջ 550 հոգի ընդունվել է աշխատանքի տարբեր ոլորտներում:

Ծրագրի գործընկեր hատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքերով ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող հարյուրավոր մարդիկ անցել են նաև վերապատրաստում և ստացել  միջին մասնագիտական կրթություն: Նրանցից շատերն այսօր աշխատում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հաստատություններում, իսկ գործունեության ոլորտները շատ տարբեր են՝  սպասարկման ոլորտից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների, կար ու ձևի ոլորտ:Armen Alaverdyan

Թեև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը մշտապես գտնվում է երկրում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և այսօր նույնիսկ կան այնպիսի հաստատություններ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձինք, միևնույնն է, այսօր՝ Աշխատավորների միջազգային օրը, սովորական, մյուս օրերից ոչնչով չտարբերվող օր է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 92 տոկոսի համար:

Իրավիճակը բարելավելու համար 2015-ի հունվարի մեկից 100-ից ավելի աշխատակից ունեցող պետական կառույցները պարտավորվեցին աշխատանքի ընդունել նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Պետական հիմնարկներում նրանք պետք է կազմեն աշխատակիցների 3 տոկոսը, իսկ մասնավորներում, որտեղ օրենքն ուժի մեջ մտավ  այս տարվա հունվար ամսից` 1 տոկոսը:

Ըստ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի, դեռևս պարզ չէ, թե որքանով է կիրառվել օրենքն ու զբաղվածության ինչ աճ է գրանցվել այ փոփոխության շնորհիվ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հաստատություններում, քանի որ դեռևս չկան այդ մասին վկայող պաշտոնական տվյալներ:

«Կան տարբեր ոլորտներ ներկայացնող մասնավոր ընկերություններ, որոնք նախքան օրենքի ուժի մեջ մտնելն  էլ աշխատանքի էին վերցնում հաշմանդամություն ունեցող  մարդկանց: Կարելի է ասել, որ այս հարցում արդեն  որոշակի ակտիվություն են սկսել ցուցաբերել նաև հյուրանոցները,֊ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ պետականներից դեռևս նախորդ տարիներից Արտակարգ իրավիճակների նախարարությունում են աշխատում հաշմանդամություն ունեցող մարդիկ, վերջերս մի հոգու էլ ընդունել է նաև Կենտրոնական բանկը: Առայժմ հաստատել կամ ժխտել, որ  օրենքը կիրառվել է և դրա արդյունքում ունենք զբաղվածության աճ, վաղ է, քանի որ անգամ նախորդ տարվա  պաշտոնական արդյունքները դեռևս չենք ստացել»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանի խոսքերով՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի տեղավորման համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվը (քվոտա) թեև տարբեր կազմակերպություններում փուլերով է ներդրվելու, այնուհանդերձ, դրա ամրագրումն օրենսդրությամբ, իրավապաշտպանների երկար տարիների պայքարի կարևոր ձեռքբերումն է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության ցուցանիշի նվազմանը:1913247_745051252195718_3911036913742781461_o

«Կարևոր է նշել, որ քվոտայի ինստիտուտը միջազգային պրակտիկայում օգտագործվում է որպես ժամանակավոր միջոցառում, որի նպատակը հասարակությունում առկա փաստացի անհավասարությունը վերացնելն է: Բացի այդ, քվոտայի փիլիսոփայությունը նաև այն մարդկանց կրթելու, նրանց իրազեկվածությունը բարձրացնելու մեջ է, որի արդյունքում անգամ օրենսդրությամբ քվոտայի պահանջի բացակայության դեպքում գործատուներն առանց խտրականության աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձին` իր կարողությունների և գիտելիքի հիմքով, այլ ոչ թե սանկցիայի սպառնալիքի տակ»,-պարզաբանում է Խաչատրյանը:

Թեև Քվոտայի պահանջի կատարման վերաբերյալ Պաշտպանը չի ստացել որևէ բողոք, և չեն գրանցվել նաև դրա հետ կապված համակարգային խնդիրներ, այնուամենայնիվ, Պաշտպանի տեղակալի խոսքերով քվոտային պահանջների պատշաճ կատարումն ու օրենսդրության արդյունավետության գնահատումը մշտապես եղել են և լինելու են իրենց  ուշադրության կենտրոնում:

Ըստ Խաչատրյանի՝ այն, որ աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից Պաշտպանին ուղղված բողոքները քիչ են, նախևառաջ, բացատրվում է Պաշտպանի լիազորությամբ, որը տարածվում է միայն պետական մարմինների գործունեության վրա:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ անձինք հաշմանդամության հիմքով խտրականության են հանդիպում հիմնականում աշխատանքի ընդունվելիս, իսկ այդ հարաբերությունները դուրս են մնում Աշխատանքային օրենսգրքի կարգավորման շրջանակներից, քանի որ դրանցով կարգավորվում են գործատուի և աշխատողի միջև արդեն ծագած աշխատանքային հարաբերությունները»,-ասում է Խաչատրյանը և նկատում, որ  դրանով է հենց պայմանավորված նաև համապարփակ խտրականության պայքարի դեմ միասնական օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որն առավել արդյունավետ կպաշտպանի անձին հնարավոր խախտումներից նաև տվյալ հարաբերություններում:

Արևիկ ՉԱՓԱՐՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email:   [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Իսկ ու՞մ են ընդունում աշխատանքի Հայաստանում:
    Մեր երկրում աշխատանքը ապակազմակերպված է ամենաբարձր մակարդակով: Մի կողմից՝ որ կողմ նայում ես կառուցել, վերանորոգել, ցանել, մշակել, բարեկարգել, կազմակերպել է պետք, մյուս կողմից՝ տեսնող չկա, տեր չկա, ցավացող չկա, հավատացող չկա:
    Մի անգամ արդեն մեծ թվով հերոսներ տվեցինք, նրանց մի մասը հիմա նորից սահմանի վրա է, նրանցից մի մասն էլ ճշմարտությունը ասելու և երկրի ապագայի նկատմամբ անտարբեր չլինելու պատճառով զրկված են ազատությունից…
    Հաշմանդամների նկատմամբ նախ մարդկային վերաբերմունք է պետք դաստիարակել մեր ամբողջ բնակչության մեջ: Մեր ժողովուրդը հիմնականում անտակտ վերաբերմունք ունի ֆիզիկական արատ ունեցողների նկատմամբ: Մի տեսակ խղճահարություն կա, որ ավելի շատ վիրավորական է: Մինչդեռ նրանց մեջ կան շատ բարձր անհատականություններ: Բայց ցավն այն է, որ աշխատանք չկա ոչ առողջների, ոչ էլ ֆիզիկական թերություն ունեցողների համար: Էլ չեմ ասում, որ աշխատանքի կարելի է ընդունվել միայն կաշառքով, կամ ծանոթ-խնամի-բարեկամ կապերով:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք