Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց հետ խոսելու միակ լեզուն ռազմական ուժի լեզուն է»

Մայիս 02,2016 14:00

Եվրոպացի երաժիշտը՝ թուրքերի եւ ադրբեջանցիների մասին

«Առավոտը» հյուրընկալել էր շվեյցարաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար Ալեքսանդր Բրինքենին (լուսանկարում):

Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 1975թ., երբ դեռեւս ուսանում էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում: Հետո հաճախակի են դարձել արվեստագետի՝ մեր երկիր այցելությունները: 1988թ., մինչ երկրաշարժը, նա մասնակցել է ազգային-ազատագրական հողի վրա Երեւանում անցկացված միտինգներին: Այդ ժամանակ մտերմացել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, երաժշտագետներ Աննա Արեւշատյանի, Սվետլանա Սարգսյանի, Արմեն Բուդաղյանի եւ այլ երաժիշտների հետ: Բրինքենի հավաստմամբ՝ մեր երկիրն ու հայերս այնքան ենք նրան գրավել, ընդ որում՝ ոչ միայն մշակույթով, որ նա այսօր գրավոր եւ բանավոր տիրապետում է արեւելահայերենին ու արեւմտահայերենին, ունի հայ մշակույթն ու պատմությունը ներկայացնող մեծ գրադարան, իրեն էլ համարում է սիրողական մակարդակի հայագետ:
Նա նշեց, որ ինքը կողմնակից է մեսրոպյան ուղղագրությանը: Հարցին՝ իսկ ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, Բրինքենը նշեց, որ 1992թ. Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ ապրում է մինչ օրս, հետո էլ ժպտալով պատասխանեց. «Դատեք ինքներդ՝ երակներումս հոսում է վրացու, գերմանացու, ռուսի եւ լեհի արյուն…»:

Կոմպոզիտորը հեղինակ է օրատորիայի, մեսսայի, 4 սիմֆոնիայի, խմբերգային ու կամերային մի շարք ստեղծագործությունների եւ մեկ՝ «Ձյունե թագուհի» բալետի: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 30-ին առաջին անգամ կկատարվի Ալեքսանդր Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան՝ Վարուժանի, Սիամանթոյի, Իսահակյանի եւ Վ. Դավթյանի տեքստերով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, ժողովրդական նվագարանների փոքր կազմի, ձայնի եւ 2 ասմունքողի համար: Հրավիրված են ՀՀ վաստակավոր արտիստներ՝ տենոր Պերճ Քարազյանը, ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանն ու Սարգիս Նաջարյանը: Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:

Զրույցի ընթացքում Ալեքսանդր Բրինքենը նշեց, որ հիշյալ ստեղծագործությունն առաջին անգամ ներկայացրել է 2011թ. մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, գործն էլ նվիրված է հայ ժողովրդին՝ ի հիշատակ 1894-1923թթ. Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների եւ 1915թ. Մեծ եղեռնի 100-ամյակի:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից սանձազերծված պատերազմին, մեր զրուցակիցն ասաց. «Բացառվում է այդ ցեղի հետ բանակցությունների միջոցով հասնել խաղաղ լուծման, որովհետեւ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանը մշտապես խախտել է ու շարունակում է խախտել հրադադարը: Ավելին, վերջին գործողությունները ցույց տվեցին, որ նրանք մորթում են նաեւ խաղաղ բնակչությանը: Ես որ ասում եմ ադրբեջանցի, նկատի ունեմ նաեւ թուրքերին: Նրանց հետ խոսելու միակ լեզուն ռազմական ուժի լեզուն է եւ հենց դրա միջոցով պետք է հասնել մինչեւ Քուռ գետը եւ մեր թշնամիներին ստիպել ընդունել սեփական պարտությունը եւ ճանաչել Արցախի անկախությունը»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031