Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը «թիկունքում» է

Մայիս 03,2016 22:00

Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր, որ պատերազմները հաղթում են ոչ թե գեներալները, այլ վարժապետներն ու քահանաները:

Քառօրյա Արցախյան պատերազմը ստիպեց, որպեսզի մեր պետության համակարգային արատների հաղթահարման հարցը գրեթե համընդհանուր ընկալվի որպես հրամայական: Ի վերջո, ռազմական մտքի դասական Կարլ Կլաուզեւիցը սահմանում էր պատերազմը որպես քաղաքականության շարունակություն…

Հայ Զինվորի սխրանքի արդյունքում հակառակորդը չկարողացավ որեւէ սկզբունքային փոփոխության ենթարկել առկա ստատուս քվոն: Սակայն իշխանությունն ինքն էլ եկավ եզրակացության, որ կոպիտ սխալներ են թույլ տրվել, սխալներ, որոնք սխալ համակարգային որոշումների, որոշում ընդունելու մեխանիզմի համակարգային սխալների հետեւանք են: Կարճ ժամանակ անց պաշտոններից հեռացվեցին բանակի նյութատեխնիկական, կապի եւ հետախուզական ապահովման պատասխանատուները:

Ուշագրավ է, որ Ադրբեջանում, որի բանակը չհասավ ի սկզբանե դրված խնդիրների իրականացմանը, ինչպես նաեւ խիստ ցավալի հակահարվածներ ստացավ հայկական կողմից, նրա անվերապահ տեխնիկական գերակայության առասպելը հօդս ցնդեց, այնուամենայնիվ, մենք չտեսանք որեւէ «կազմակերպական հետեւանք»: Հազիվ թե տեսնենք, իհարկե, քանի որ հարեւանն առաջնորդվում է «труба есть – ума не надо» սկզբունքով: Բայց դա իրենց խնդիրն է: Ընդ որում, այս հանգամանքի վրա ուշադրություն էին հրավիրում սոցցանցերի ուկրաինացի օգտատերերը՝ դրվատանքով նշելով հայկական կողմի հետեւությունները ժամանակին անելու ունակությունը, համեմատելով Ադրբեջանի հետ:

Այստեղ հրճվելու առիթ չկա: Անվիճելի է, գոնե մեր պարագայում, որ ադրբեջանական չափանիշը ոչ միայն չի կարող որեւէ բանական մարդու համար հիմք հանդիսանալ, այլեւ չի կարող դառնալ ինքնահանգստացման եւ ինքնագոհության պատճառ:

Չպետք է մոռանալ, որ հակառակ կողմն էլ է, այնուամենայնիվ, հետեւություն անում, գոնե մի շատ պարզ հետեւություն՝ հաստատապես. քառօրյա պատերազմում ներգրաված ուժերի եւ միջոցների քանակը բավարար չէին խնդիրը լուծելու համար, առկա են կառավարման խոշոր բացթողումներ: Հեւտեւապես հաջորդ անգամ հակառակորդը հաստատապես ներգրավելու է էապես ավելի շատ ուժեր եւ միջոցներ: Ուստի հայկական կողմն օր առաջ պետք է պատրաստ լինի դեպքերի նման զարգացման: Բայց սա կմնա զուտ վերացական դատողություն կամ բարի ցանկություն, եթե չհետեւեն շատ կոնկրետ քայլեր, որոնք տեղավորվում են իրավիճակին համարժեք ռազմավարության շրջանակներում:

Առաջնագծում մարտական գործողությունների խնդիրները, կարծես, քննարկվում եւ լուծումներ են տրվում: Սակայն դժվար է ասել՝ արդյո՞ք կա այն ընկալումը, որ այսօրվա թիկունքում (լայն իմաստով) լրջագույն խնդիրների առկայությունը բացառում է արդիական պահանջներին համապատասխան հետախուզությունը, կապը, նյութատեխնիկական մատակարարումը եւ ընդհանրապես՝ բանակին վերաբերող բոլոր ոլորտները: Զինվորի ոգին, սխրանքը, այդ ամենի գնահատանքը, հիացմունքը կարող են լինել հստակ աշխատող համակարգի հետ միասին, այլ ոչ թե դրա փոխարեն:

Բուն առաջնագծում չկա կոռուպցիա, բայց առաջնագիծը կրում եւ կրելու է թիկունքում կոռուպցիայի եւ վարչական ոչ կոմպետենտության բոլոր՝ հաշվելի, չափելի եւ, իհարկե, ցավալի հետեւանքները:

Հանգամանքների բերումով մենք չունենք անպատիժ սխալներ թույլ տալու ռեսուրս եւ ամրության պաշար: Այսքանից հետո միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ Հայաստանը եւ ԼՂՀ-ն կարո՞ղ են արդյոք նոր մակարդակի բերել իրենց մարտական պատրաստականության համակարգերը, եթե ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության, արտաքին քաղաքականության՝ «սովորական» դարձած պրակտիկաները, մեթոդաբանությունը եւ «ստանդարտները» մնում են այնպիսին, ինչպիսին եղել են մինչեւ ս.թ. ապրիլի 1-ը:

Կարծես թե պատասխանը միանշանակ է, սակայն իրականությունը, ինչպես տեսնում ենք, ավելի բարդ է: Մենք տեսնում ենք մի ինքնագոհ, ցինիկ, գավառամիտ եւ աչքածակ մի լայն խավ, որն, ինչպես ֆրանսիացի Բուրբոնները, ոչ միայն ոչինչ չեն մոռացել, այլեւ այդպես էլ ոչինչ չսովորեցին: Նրանց համար քառօրյա պատերազմը մի անցանկալի «թյուրիմացություն» էր՝ այնպես, ինչպես, ասենք, լոլիկի բերքի վրա եկած կարկուտը, այն էլ՝ ոչ շատ, եւ կարեւորը՝ մնացած «բերքը», ասենք՝ «Մոսկվայում ժամանակին ծախելու» հարցերը լուծելն է, եւ կյանքը կշարունակվի առաջվա պես:

Քառօրյա պատերազմը վեր հանեց ողջ այդ խավի անհամարժեքությունը, նույնիսկ քաղաքական անմեղսունակությունը: Իսկ հասարակության խնդիրն այս բալաստից ձերբազատվելն է՝ հանուն նոր զոհերից զերծ մնալու: Եվ այստեղ է, որ հասարակության ֆունկցիոնալ որակները պայմանավորված են նրանով, թե ինչ են սերմանել տարիների ընթացքում այդ՝ Բիսմարկի նշած «վարժապետը եւ քահանան»: Իսկ թե ինչ որակների կրող է միջին վիճակագրական վարժապետն ու քահանան՝ դա արդեն այլ ցավալի խոսակցության առարկա է…
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Թիկունքդ… լայն, թևերդ ուժգին,
    Կռնակդ ամուր` պինդ պողպատ
    ….»

    https://www.youtube.com/watch?v=QCMKUaRGHFk

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031