Լրահոս
Օրվա լրահոսը

Իբրև երբեմնի մահվան դատապարտված այս ընտանիքի ժառանգորդներից մեկը

Մայիս 03,2016 15:56

WIR DANKEN EUCH!

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ

Անցեալ հունիսի 21-ի առավոտյան, սովորականի պես, Ժնևից մեկնեցի դեպի Բեռն` Շվեյցարիայի Ազգային գրադարան: Ծրագրել էի առկա ուսումնասիրությանս համար շարունակել հետազոտությունս՝ օգտագործելով մասնավորաբար այն ամսա­գիրը, որ ժամանակին լույս էր ընծայել Շվեյցար­իայի Հայասերների Միությունը: «Տե­ղեկու­թյուններ Հայաստանի մասին» խորագիրը կրող ընդարձակ ժողովածուն, հրա­տարակ­վել է 1916 թվականի հուլիսից մինչև 1944 թվականը, Բազելում: Երկար տարի­ներ ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել Էմմանուել Ռիկկնբախը՝ Շվեյցարիայի գերմա­նախոս շրջանում հայոց արդար իրավունքների նվիրյալ ջատագովներից մեկը: «Տե­ղեկություններ Հայաստանի մասին» ամսագիրը ոչ միայն նպատակ ուներ Շվեյ­ցար­իայի ընթերցասեր հասարակությանը լուրեր հաղորդել Հայաստանի, Թուրքիա­յում տեղի ունեցող ահասարսուռ իրադարձությունների և առհասարակ Մերձավոր Արևելքում տիրող անմխիթար իրավիճակի մասին, այլև իրազեկել շվեյցարացի բարե­րարներին, թե իրենց նյութական նվիրատվությունները որտեղ և ինչ նպատակներով էին տրամադրվում: Անսահման հետաքրքրությամբ էջ առ էջ թերթում էի ժողովածուն, կարդում սյունակներում տեղ գտած հոդվածների խորագրերը, ապա համակարգչիս մեջ իսկույն նշում բոլոր այն վկայությունները, որոնք կարող էին հատուկ կարևորու­թյուն ներկայացնել այն նյութի համար, որ նպատակադրվել էի ուսումնասիրել և վերածել մի հատորի:

Որոնումներիս ընթացքում, երբ թերթում էի 1932 թ. հունիսի` 57-րդ համարի էջերը, հայացքս կանգ առավ մեծադիր մի պատկերի վրա, որը կրում էր «Նպաստըն­կալ երեխաներ Բեյրութի գաղթականների ճամբարում» խորագիրը: Չորս որբերի՝ եր­կու աղջիկ և երկու տղա, ուղղահայաց դիրքով զետեղված լուսանկարների կողքին մգատառ տպագրված էր երախտիքի սրտառուչ արտահայտությունը. «Շնորհակալու­թյուն ենք հայտնում Ձեզ»: Անտարակույս, սույն պատկերը արտատպված էր շրջաբե­րական մի նամակից, որ շրջանառվել էր Շվեյցարիայի Հայասերների միության կող­մից՝ շվեյցարացի նվիրատուների խիղճը կարիքավորների նկատմամբ ավելի զգայուն դարձնելու, և միաժամանակ, ուղղակի այս որբուկների բերանով նրանց շնորհակա­լություն հայտնելու համար:

Համակվեցի խորը հուզումով: Որբերի նայվածքի մեջ տեսնում էի անասելի մի թախիծ, վշտերի մի ամբողջ ծով և նահատակության պատմությունը ազգիս: Թվում էր, թե այդ երեխաները շղթայված էին միմյանց իրենց դառը ճակատագրով՝ մարդակերպ գազանների ձեռքով վայրագաբար հագնելով որբության կրակոտ շապիկը: Նրանք զրկված էին իրենց ծնողների գուրգուրանքից, ընտանեկան հարկի սիրասուն միջա­վայրից և այն ջերմությունից, որ յուրաքանչյուր անհատի կյանքում անհրաժեշտ է օդի ու ջրի պես՝ ապրելու, գոյատևելու և զարգանալու համար:

Բնականաբար առաջին անգամ չէր, որ հանդիպում էի նման տխուր պատկեր­ների: «Մանկություն չունեցող երեխաներ», ահա այս էր առաջին խորհումը, որ ծագում էր մտքումս ամեն անգամ, երբ հանդիպում էի նման, երբեմն` ավելի ճնշող հոգեցունց նկարների:

Պարզ հետաքրքրությունն ինձ մղում էր կարդալու այս որբերի անունները, ովքեր իրենց ճակատագրի ամբողջ գորշության մեջ մի պահ հանկարծ հանդիպել էին մի հուսաժպիտ երանգի՝ դառնալով շվեյցարացի բարեգործների կարեկցանքի առար­կան:

Ինքնաբերաբար, նույնիսկ մի փոքր անտարբերությամբ կարդացի երկրորդ նկարի կողքին արձանա­գրված բոկոտն մանչուկի անունը. Գրի­գոր Թափանյան: Սար­սուռի մի պաղ հոսանք անցավ ամբողջ մարմնովս: Տղայի անունը հարազատ էր ինձ, բայց դժվարանում էի հստակ մտաբերել: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ ես նույն­պես սկսեի ակամա օղա­կավորվել ճակատագրի այս շղթայի մեջ, մի օղակ, որ խեղդ­վելու չափ սեղմում էր կո­կորդս: Աստված իմ, մի փոքր շունչ խնդրեցի, առանց պատ­կերացնելու, սակայն, թե ի վերջո ինչ էր պատահել: Անցյալն էր, որ գերում էր ինձ, կյանքիս մեջ անտեղիտա­լիորեն դառնում ներ­կա, և աչքերիս առջև հառնում էր ըն­տա­նիքիս պատմությունից մի մաս, որ մինչ այժմ անծանոթ էր ինձ: Արդյոք կարելի՞ էր հավատալ, որ այս խեղճ որբի նկարի մեջ գտնելու էի հարազատ մորեղբորս: Ինչպե՞ս էր հնարավոր, որ նա հայտ­նվելու էր շվեյցարական մի ամսագրի էջերում, իսկ տա­րիներ անց ես, թեկուզ և այս հեգ նկարի միջոցով, հանդի­պելու էի նրան Շվեյցարիայի Ազգային գրադարանի հար­կի տակ: Նկարի ներքո զե­տեղված համառոտ կենսագրու­թյունն այլևս կասկածի տե­ղիք չի տալիս. «Գրիգոր Թափանյան, յոթ տարեկան, տառա­պում է մալարիայով, հայ­րը մահացել է, մայրն աշ­խատում է իբրև աղախին՝ փորձելով հայթայթել մյուս երկու երեխաների ապրուս­տը»:

Նույն օրը երեկոյան, երբ վերադարձա Ժնև, իսկույն զանգահարեցի Դալլասում բնակվող մորեղբորս՝ Գրիգորի այրիին, պարզածս պատմությունը վերջնականապես ստուգելու համար: Քեռակինս հուզմունքից փղձկաց և պատմեց, որ մորեղբայրս իր մանկության օրերին իսկապես վայելել էր այն շվեյցարացի բարեգործների խնամքը, որոնք Լիբանանում օգնության ձեռք էին մեկնել ցեղասպանությունից վերապրած հայ ժողովրդի վտարանդի զավակներին: Արդարև, մարդկության այդ հզոր վկաներից և հազարավոր հայերի կյանքը փրկող շվեյցարացի մեծ հերոսներից մեկը եղել է Յակոբ Քյունցլերը՝ Շվեյցարիայի Ավետարանական Եկեղեցու մի համեստ սարկավագ, ընդ­ամենը մի հիվանդապահ, ով 1899 թ. Դեկտեմբերից մինչև 1922 թ. Ուրֆայում անգնա­հատելի ծառայություններ է մատուցել տեղի հայությանը: Ի վերջո, իր կնոջ՝ Էլիզա­բե­թի հետ նա հետևում է տարագիրների բազմությանը և Լեռնալիբանանի Ղազիր ավա­նում «Ամերիկայի Մերձավոր Արևելքի նպաստամատույց ընկերության» օժանդակու­թյամբ ոչ միայն կարողանում է հիմնել որբանոց, այլ իր մի շարք բարեսիրական աշ­խատանքներին կից, հաճախակի այցելելով Արևելյան Բեյրութի ծովեզրյա Նահր[1] կոչ­վող շրջանում ապաստանած հայ գաղթականների ճամբարները, ձեռնարկում է բազ­մաթիվ կարիքավորների, մասնավորապես՝ հիվանդներին, ծերերին, այրիներին և երեխաներին պարենամթերք հայթայթելու և սննդեղեն մատակարարելու աշխա­տանքներ: Մարդասիրական իր այս առաքելությունը իրականացնելու համար նա բնավ չի խորշել անձանձրույթ դիմելու Շվեյցարիայում իր համաքաղաքացիների և բազելցի բարեկամների օժանդակությանը, երբ պետք էր նրանց համոզել, շարժել նրանց գութը, նույնիսկ հոգևոր-բարոյական հրամայականի առջև դնել, որպեսզի ան­տուն մնացած գեթ մի հայ, այրի կամ որբ իր ձեռքին ունենար հանապազօրյա մի կտոր հաց: Ահավասիկ այսպես է, որ մորեղբորս, ինչպես նաև մյուս երեք հայ երեխաների լուսանկարները հասել են Շվեյցարիա, որպեսզի կարոտյալների երախտիքի հոգե­ցունց կոչը նվիրատուներին փոխանցվեր զրկանքի սև թաթի տակ հեծող այս տխրա­դեմ որբերի բերանով:

Untitled-1

Մորս ընտանիքի պատմությունից ինձ ավանդվել են լոկ մի քանի պատառիկ­ներ: Արդարև, ծովի հատակը ընկղմված մի նավի կոտրտված հսկա կայմից մնացած հատուկտոր փշուրների կամ երբեմնի լայն առագաստից դեռևս ջրի վրա ծփացող ծվենների նման, ո՞ր մի հային էր վիճակված իբրև ավանդ ունենալ ավելին՝ իր ցեղի բովանդակ ծագումնաբանությունը: Եղեռնից վերապրած սերունդը հազիվ էր կարո­ղացել ազատել իր կյանքը՝ ստիպված լինելով իր պապերի հետ մահվան և անհետաց­ման ավազուտի մեջ թողնել նաև իր անցյալն ու տոհմի պատմությունը:   Մինչ այդ, ես միանգամայն անտեղյակ էի մորեղբորս ճակատագրի պատմու­թյան այն հատվածին, քանի որ մեր ընտանիքում մեծերը չէին անդրադառնում իրենց կյանքի վաղ շրջանի տխուր էջերին: Եվ սա պարզապես այն պատճառով է, որ անց­յալը հիշելով և հատկապես պատմելով անբաղձալի դեմքերը և տխուր դեպքերը վե­րակենդանանում են, դառնում են ներկայություն և հին ցավերը վերստին խոցում են, իսկ այսպես տառապանքը կրկնակի է ապրվում:

Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին հաճնցիների տարագրությունից հե­տո որբացած երեխաների մեջ էր նաև մահվան ճիրաններից մազապուրծ Արշալույս տատիկս, ով տարբեր ճամբարներով եւ ուղղակի հրաշքով հազարավորների հետ գալիս է Լիբանան և ապաստանում Արևելյան Բեյրութի Նահր շրջանի հայ գաղթա­կանների միջավայրում: Իսկ, պապս` Մինասը, փրկվել է անապատաբնակ արաբ բեդ­վինների շնորհիվ, որոնք վերցնելով և խնամելով պատանուն, կարգել են իրենց ուղտերի պահապան: Երբ նա հասնում է երիտասարդ տարիքի, բարեխիղճ բեդվինը, օրապահիկ տալով, ազատ է արձակում նրան, որպեսզի գնա Լիբանան, ամուսնանա իր ցեղից մի կնոջ հետ և այսպես միանա իր ազգին: Հասնելով Բեյրութ՝ պապիկս իր ցեղակիցներին գտնում է գաղթականների ճամբարների ընչազրկության և ծով կարիք­ների մեջ, բայց կյանքի բազմատեսակ դժվարությունների դեմ պայքարելու ոգին և վե­րապրելու անկոտրում կամքը գերազանցապես առկա էր ոչ միայն անձամբ իր, այլ նաև թշվառների այդ հոծ բանակի մեջ: Տեղի ունեցած դժբախտության և ճակատագրի կործանարար հարվածներին հակառակ, վտարանդի «հայոց հոտը» անտերունչ լքված չէր Լիբանանի՝ թեպետ հյուրընկալ, բայց տակավին օտար միջավայրի մեջ: Գաղթա­կան հայության ազգային առաջնորդներին և պատասխանատու անձանց նոս­րացած խումբը անվհատ այցելում էր նրանց՝ վիճակագրելու, մխիթարելու, հոգալու, ձեռք մեկնելու այն քչից, որ ուներ՝ փորձելով դարմանել իր հայկազուն ժողովրդի ան­համար վերքերը: Այսպիսի առաջնահերթ և տարատեսակ պարտականությունների շարքում նրանք հետամուտ էին նաև ազգի ժողովրդագրական պատկերի բարելավ­մանը, ուս­տի ցեղի շարունակությունը, հայ ընտանիքի աճը ապահովելու և գաղթա­կանների ըն­կերային-հասարակական կենցաղը վերակազմակերպելու հեռանկարով, հասունա­ցած համապատասխան զույգերին քաջալերում էին ամուսնանալ և կազմել իրենց հա­յաշունչ ընտանիքները: Հենց այդ պահին է, որ մի քաջասիրտ տեր հայր, ընդհանրա­կան պսակի խորհրդակատարությամբ, գաղթականների ճամբարի հա­մեստ պայման­ներում ուրիշների հետ օրհնում է նաև պապիս և տատիս՝ Մինասի և Արշալույսի ամուսնությունը:

Իր առաջնեկ երկու երեխաների՝ Օվսաննայի և Գրիգորի ծնունդից հետո Մի­նաս պապս որոշում է մեկնել Արգենտինա՝ իր երիտասարդ ընտանիքի համար ավելի ապահով կյանք և բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար: Բուենոս Այրեսում նա յուրացնում է լուսանկարչության արհեստը և լուսանկարչական եռոտանի գործիքն ուսին շրջում քաղաքի թաղամասերով և արվարձաններով՝ իր օրապահիկը վաստա­կելու համար: Դեռ կենդանի և թարմ գույներով եմ հիշում Արշալույս տատիս պատ­մած այն դրվագը, որ պապիկս Հաճնի բարբառով Արգենտինայից իրեն նամակ­ներ էր ուղարկում, որոնցում գովաբանում էր իր ընտրած նոր միջավայրում քաղաքակըր­թության և ճարտարապետության ձեռք բերած հսկայական նվաճումները՝ դրանք հա­մեմատելով Բեյրութի այդ ժամանակվա համեստ պայմանների հետ: «Էչքը կոյնօ ընտաս լամբայի լիսին, հէստիղի պօտին կուճօկը կու կոխես, թիմ էթրաֆը լիս կուննօ»,- գրում էր պապս, որ նշանակում է. «Աչքը կուրանա այդ լամպի լույսին[2], այս­տեղ պատի վրայի կոճակն ես սեղմում, ամեն տեղ լուսավորվում է»:

Այս նախադասությունը ես հաճախ կրկնել էի տալիս տատիկիս՝ երեխայաբար զվարճանալով Հաճնի բարբառի և արդի աշխարհաբարի միջև եղած խոշոր տարբե­րության վրա: Ինչպես կարող էի այդ ժամանակ գիտակցել և արժևորել, որ յուրաքան­չյուր բարբառ իր մայր լեզվաընտանիքի անզուգական հարստությունն է. այն իր մեջ խտացնում է ժողովրդի պատմությունը, ինքնությունը, ավանդույթներն ու սովորու­թյունները, մի խոսքով՝ մշակութային հարուստ արգասիքը: Այսօր խորապես ափսո­սում եմ, որ ֆիզիկապես կտրված լինելով մեր մայրենի հողից, զրկված խրոխտ Տավ­րոսի զմրուխտ գեղեցկությունից, մեր հայրենի Կիլիկիայի փառերգի բառերով` «արև պարգևող մեր աշխարհից», նույնիսկ այնտեղ՝ մեր պապերի աճյունների կողքին ննջելու իրավունքից, դատա­պարտված ենք կորցնելու մեր մայրենի լեզուն և բար­բառը, ազգային ավանդությունը, մշակույթը և ինքնությունը: Արդյոք կկարողանանք պահպանել գոնե մեր հավաքա­կան հիշողությունը, թե՞ ժամանակի բռնակալ քայքայ­ման մեջ, ինչպես ասում է Ռ. Որբերյանը. «յիշատակն ալ կ’անցնի երգի մը նման»:

Արգենտինա մեկնելու նախօրյակին պապիկս հավատում էր, որ Բուենոս Այրեսում իր ընտանիքի հետ վերամիավորման համար երկարատև ժամանակամի­ջոցի կարիք չի լինի: Քանի որ իր կինը հղի էր երրորդ երեխայով, նա ձեռնարկում էր բոլոր հնարավոր միջոցները հնարավորինս շուտ նրանց Արգենտինա տեղափոխելու համար: Սակայն դժխեմ ճակատագիրն այլ կերպ է ընթանում. օրերն ու ամիսները ձգվում էին և տատիկս իր ամուսնուց հեռու, նյութական դժվար պայմանների մեջ ծննդաբերում է մի աղջիկ, ով հետագայում լինելու էր իմ մայրը: Տատիկս իր նորածնին կոչում է Եղիսաբեթ՝ տարագրության մեջ մահացած իր մոր անունով, և այս մասին նամակով հաղորդում է պապիս: Կրկնակի ուրախությամբ ողջունելով իր դստեր ծննդյան և անվանակոչության լուրը՝ նա պատասխանում է, որ իր վաղամեռիկ մոր անունը նույնպես Եղիսաբեթ է եղել, հետևաբար նորածնի անվան մեջ հիշատակվելու էին նահատակ երկու մայրերը:

Պապիկիս՝ քրտինքով վաստակած և Բեյրութ ուղարկած գումարով տատիկս երկու անգամ փորձում է մեկնել Բուենոս Այրես, բայց Մարսելի պատկան պաշտոնյա­ներից մերժում ստանալով՝ ստիպված է լինում իր երեք զավակների հետ վերա­դառնալ Բեյրութ: Այս կրկնակի ձախողումների հիմնական պատճառը եղել է մորեղ­բորս վտիտ և խաժախտով տառապելու փաստը, ինչն այդ ժամանակ Բեյրութի գաղ­թականների ճամբարներում շատ տարածված աչքի հիվանդություն էր, որը ոչ միայն վարակիչ էր համարվում, այլև չբուժելու պարագայում հիվանդին կարող էր կուրու­թյան հասցնել: Մարսելի նավահանգստի պաշտոնյաները լրջորեն կասկածում էին, թե պատանին կկարողանար դիմանալ բաց օվկիանոսի վրա նավով երկարատև ճամ­փորդությանը:

Որոշ ժամանակ անց Բեյրութ է հասնում պապիս մահվան գույժը: Ծանր աշ­խատանքը, ընտանիքի համար ծայրահեղորեն խնայելու որոշումը, սննդի պակասը հյուծել էին նրան և թոքաբորբի հետևանքով հասցրել մահվան: Իր երեք որբերին պահ­ելու համար տատիկս, աշխատելուց և իր ճակատի դառը քրտինքով իր հացը վաստա­կելուց բացի, այլ ելք չուներ: Լիբանանցի արաբ պետական մի պաշտոնյայի բազման­դամ ընտանիքում դայակի, խոհարարի, հավաքարարի և տան խնամատարի ծանր և երկարատև ծառայությունը ստիպում է նրան իր զավակներին հանձնել որբանոցի խնամքին: Նկատի ունենալով, որ մայրս այդ ժամանակ դեռ ընդամենը երկու տարե­կան էր, որբանոցի տնօրենությունը մերժում է նրան ընդունել, քանի որ փոքրիկների խնամքի համար ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջվում: Ճարահատ տատիկս, սակայն, չի հուսահատվում, այլ օրնիբուն նստելով որբանոցի մուտքի առջև, աղի արցունք է թափում, աղերսում այնքան ժամանակ, որ ճմլվում են անգամ պաշ­տոնյաների քար սրտերը, ովքեր, ի վերջո, բացառություն են անում իր աղջնակի հա­մար:

Որբանոցի դպրոցն ավարտելուց հետո Օվսաննա մորաքույրս հետագա մի քանի տարիների ընթացքում իբրև դաստիարակ ծառայում է նույն որբանոցում: Ամուսնանալով բողոքական համայնքից մի հայ երիտասարդի հետ՝ առաջին իսկ ներ­գաղթի ժամանակ մեկնում է Խորհրդային Հայաստան: Բնակվելով Երևանում՝ նա դառնում է հայաշունչ մի ընտանիքի բազմազավակ մայր՝ հետագայում ունենալով շատ թոռներ և ծոռներ:

Մանկությանս օրերին անհուն ուրախություն էի ապրում ամեն անգամ, երբ մո­րեղբայրս՝ Գրիգորը, ով դարձել էր բեռնատարների հմուտ մեքենագործ, իր ընտանի­քով այցելում էր մեզ՝ նշելու Ս. Ծնունդն ու Զատիկը, ինչպես նաև՝ ազգային-եկեղեցա­կան մյուս տոները, որոնք լիբանանահայ մեր ընտանեկան-հասարակական կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեին: Դրանք կազմում էին մեր հայեցի գոյու­թյան էական մասը, ներշնչում ազգային ինքնություն ու մեր մեջ կոփում պատկանե­լության հզոր գիտակցություն՝ մեր հոգին և արյան ամեն մի բջիջը կապելով հայրենի հողին, մշակույթին, քրիստոնեական կրոնին ու պատմությանը: Ընտանեկան հավաքի և տոնակատարության այսպիսի ուրախալի առիթներով, տատիկս մեծ ոգևորությամբ ազգային քաղցրավենիքներ էր պատրաստում և մենք բոլորս՝ մեծից փոքր, հաճույքով ճաշակում էինք սեղանի բարիքը՝ մի անմահ հիշատակ հայկական հյուրընկալ օջա­խի ճոխությունից: Ճաշից հետո, երբ մեծերը սուրճ ըմպելով կամ ծխախոտ ծխելով տարվում էին իրենց քաղաքական զրույցներով և իրենց առօրյայի հետ կապված հար­ցերով, ինձ տարեկից զարմիկիս՝ Ստեփանի հետ հաճախ խոսում էի այն մասին, թե ինչ կցանկանայի դառնալ ապագայում կամ ինչպիսի մասնագիտություն պիտի ընտ­րեի հաջողակ անձ դառնալու համար: Այդ ժամանակ մտքովս բնավ չէր անցնում, որ մի օր դառնալու էի օծյալ քահանա, ազգիս հոգևոր սպասավորներից մեկը: Բայց Նա­խախնամությունը դեռ պատանի տարիքում քայլերս առաջնորդեց դեպի Սուրբ Էջ­միածին, որտեղ երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսի ձեռքով ձեռ­նադրվեցի հոգևորական՝ ճակատիս օծման հետ ընդունելով անջնջելի նոր ինքնու­թյուն, իսկ էությանս մեջ վսեմ և մշտնջենավոր մի կոչում:

Այդ օրերին էր, երբ մորաքույրս այցելեց ինձ: Ես բոլորովին իզուր հանդգնեցի հարցնել իրեն, թե ինչու է անդամակցում Երևանի Հայ բողոքական համայնքին ու հա­ճախում նրանց ժողովարանը: Մորաքույրս բարեհամբույր մի ժպիտով նայեց ինձ ու ասաց. «Տղա՛ս, Տիրոջ առջև մենք բոլորս մեկ ենք: Մեծ եղեռնի օրերին մեր դարավոր թշնամին մեզ չհարցրեց, թե մեր մեջ ով է առաքելական, կաթոլիկ կամ բողոքական: Նրանք ջարդեցին անխտիր, քանի որ բոլորս քրիստոնյա հայեր էինք՝ բոլորիս որբ և հայրենիքից վտարանդի դարձնելով: Եվ եթե նենգ ոսոխը տարբերություն չի դնում մեր միջև, ապա ինչու մենք, որ մեկ Տիրոջ և հավատքի զավակներն ենք խտրականության ենք ենթարկում իրար, անհաշտ բաժանումներ ստեղծելով ազգի մեջ: Քրիստոնեու­թյունը հավատքի և սիրո դաս է, որ կարող է աճել անձի հոգու և սրտի մեջ և պտուղ տալ հատկապես ազատության շնորհած պայմաններում: Յուրաքանչյուր քրիստոնյա անձ սրանով է, որ սնվում և ուժ է առնում, օժտվում բարոյական կատարելությամբ և իր մեջ կերտում մաքուր խիղճ և ազնիվ նկարագիր: Մոլեռանդությունն ու ծայրա­հեղությունները, լինեն դրանք գաղափարախոսական, վարդապետական կամ կրոնա­կան, կաշկանդում են մարդու հոգին և ընտրելու ազատությունը` կրոնի պարգևած մե­ծագույն արժեքը, և այսպիսով, հավատացյալ անհատին զրկում են իր Տիրոջ և Արարչի հետ մշտապես հաղորդակցվելուց: Երևանում ես այցելում եմ նաև Հայ առա­քե­լական եկեղեցիները, բայց քանի որ փոքր տարիքումս վայելել եմ բողոքական դաս­տիարակ­ների խնամքը, սիրում եմ նրանց պարզ աղոթքներն ու դյուրամատչելի աշ­խարհա­բա­րով կատարվող հոգևոր երգերը: Այո´, Հայ եկեղեցու աղոթքներն ու շարա­կանները գեղեցիկ են ու ներշնչող, բայց գրաբարի պատճառով շատ քիչ բան եմ հաս­կանում դրանց բովանդակությունից»:

Հետաքրքրականն այն է, որ մորաքույրս, ինչպես նաև մորեղբայրս ու մայրս, հակառակ որբանոցում իրենց ստացած բողոքական կրթությանը, բոլորն էլ պսակվել են Հայ առաքելական եկեղեցում, իսկ հետագայում իրենց զավակներին կնքել են նրա սրբազան ծեսի և ավանդությունների համաձայն: Այս փաստն է՛լ ավելի է բարձրաց­նում Յակոբ Քյունցլերի և իր կնոջ, ինչպես նաև մյուս մարդասերների բարոյական արժեքը` մեծ պատիվ բերելով իրենց երկրին, ազգին և կրոնական հաստատություն­ներին: Արդարև, նրանք հազարավոր ցավատանջ որբերին չմոտեցան մարդորսական նկրտումներով, այլ Ավետարանի օրինակի համաձայն, որպես նոր բարի սամարացի­ներ հոգացին նրանց մասին իրենց մաքուր հավատքի և մարդասիրական անկեղծ զգացումների մղումով:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, երբ մոլեգին ինքնակործա­նումը և մահը թևածում էին այդ գեղածիծաղ երկրի վրա, շատ լիբանանահայերի նման մորեղբայրս էլ բռնեց արտագաղթի ճամփան և 1897 թվականին իր ընտանիքի հետ ընդմիշտ հաստատվեց ԱՄՆ Դալլաս քաղաքում: Մի այցի առիթով բարեբախտություն ունեցա այնտեղ մկրտելու իր անվամբ Գրիգոր անվանակոչված թոռնիկին` իր հետ կիսելով իր ընտանիքի աճի անսահման ուրախությունը: Այս պահին ևս մեկ անգամ նայում եմ Բեյրութի գաղթականների ճամբարում հավաքված հեգ որբերի նկարին, զննում եմ մորեղբորս` երբեմնի այդ խեղճ տղայի տխուր դեմքը: Բայց տարօրինակ է, որ այս անգամ ոչ թե հուզումն էր, որ ընկճում էր ինձ, այլ հիացմունքի խանդավառող մի զգացում համակում էր ողջ էությունս: Հիացմունք` իր և իր պես հայ սերնդակից­նե­րի վերապրելու քաջության վրա։ Հիացմունք` սև ուժերի դեմ նրանց մղած հաղթական պայքարի վրա։ Հիացմունք` նրանց գրանիտե հավատքի և պայծառ լավատեսության հանդեպ. հոգեպես կառչած մնալ կյանքի անընդմիջելի և անկործանելի խորհրդին և ճակատագրի անողոք հարվածնե­րից հետո վերստին կարողանալ ոտքի կանգնել, ան­դիմադրելի վճռականություն ունե­նալ ոչ միայն հիմնելու իրենց հայաշունչ ընտանիքը, այլ նաև նոր սերնդին փոխան­ցելու ազգի ոչնչացումից և կորստից փրկված ավանդը:

1915 թվականին հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության, ինչպես նաև հետագա տարիներին, նամանավանդ 1920 թվականի հոկտեմբերին Հաճնում թուրք ազգայնականների կատարած ահավոր կոտորածի և Կիլիկիայի հայաթափման հետևանքով հայրենազուրկ դարձավ նաև իմ ընտանիքը` զրկվելով ապրուստի և գոյատևելու իր բոլոր միջոցներից: Ցեղասպան թուրքը հափշտակեց արժանավայել կյանք ապրելու իրավունքը, բայց մարդասիրական այն սրտաբուխ օժանդակության շնորհիվ, որ շվեյցարացի ժողովուրդը ցուցաբերեց կարևեր հայության նկատմամբ, վերապրողների հետ նաև ընտանիքիս շնորհվեց գոյատևելու և հետզհետե բազմանա­լու եզակի բախտը: Հակառակ ճակատագրի հասցրած դաժան հարվածնե­րին, երբեմնի մեր մեծ ընտանիքի մի փոքր բեկորը իր աշխատանքով և իր ճակատի արդար քրտին­քով ապրեց իմաստալից մի կյանք: Այսօր այն աճում և զարգանում է Հայրենիքի և Սփյուռքի տարբեր քաղաքներում` Երևան, Դամասկոս, Բեյրութ, Դալ­լաս, Լոս Անջե­լես, Տորոնտո, Ֆրանկֆուրտ և Ժնև:

Իբրև երբեմնի մահվան դատապարտված այս ընտանիքի ժառանգորդներից մեկը՝ միանգամայն տեղին եմ համարում այստեղ համակ երախտագիտությամբ ջերմ սրտիս սիրո խորքից շվեյցարացի ժողովրդին և իր հայասեր բարեգործներին անկեղ­ծորեն ասելու` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ:

Դոկտ. Աբել Քհն. Մանուկյան

 

[1] Նահր արաբերենում նշանակում է գետ։ Նկատի ունենալով, որ այդ տարածքում հոսում է Բեյրութ գետը, բնակիչներն այդ ամբողջ շրջանը կոչել են Նահր։

[2] «Աչքը կուրանա այդ լամպի լույսին»։ Ոճային այս դարձվածը Հաճնի բարբառում նշանակում է. «հանգի՛ կամ կորչի՛ այդ լամպի լոյսը», նկատի ունենալով, որ լամպի պատրույգը վառվում է քարյուղով կամ ձեթով, իսկ դրա սփռած լույսը, համեմատելով ելեկտրական լույսի հետ, շատ տկար կամ աղոտ է լինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031