Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքներն արգելելով այդ հարցը չենք լուծի, կբերենք պարսկական պոմիդորներ»

Մայիս 03,2016 16:01

«Առեւտուր անողները սոցիալական խնդիրներ կունենան եւ չեն հարմարվի, դա կլինի փոքր, բայց էական սոցիալական խնդիր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Ըստ նրա, մեր երկիրն ունի պարենային անվտանգության մասին օրենք, որով պետք է դառնանք ինքնաբավ երկիր, սակայն այն չենք իրականացնում. «Այնտեղ գրված է շատ գեղեցիկ հեքիաթ, որն իրականացնելու համար պետք է գյուղատնտեսական քաղաքականություն, որը չունենք: Այսօրվա եղածը` ինքնահոս աջակցությունը, բերել է նրան, որ Արմավիրն ու Արարատը զարգանում, են մնացածը` ոչ: Մինչդեռ այդ քաղաքականության մասն այն է, որ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի հողը, թեկուզ վատ պայմաններով, մշակվի, արտադրվի, բայց դա տեղի չի ունենում, որովհետեւ չկա քաղաքականություն: Այդ քաղաքականության բացակայության պայմաններում, եթե թուրքական ապրանքներն արգելենք, էլի բան չի փոխվի: Կբերենք պարսկական պոմիդորներ»:

Քննարկման թեման էր` «Ի՞նչ հետեւանքներ կունենա Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակումը»:

Հարցին, թե թուրքական ապրանքներն արգելելով արդյոք չե՞նք վտանգում այն հազարավոր հայերի կեցությունը, որոնք անօրինական հիմունքներով բնակվում են Թուրքիայում եւ որոնց մասին ակնարկել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ տուժողն, ընդհանրապես, քաղաքացին է լինելու. «Ես դրա համար եմ ասում, պետք է լուրջ հաշվարկներ անել եւ քաղաքական տնտեսական ռիսկերը գնահատել: Արդյոք պատրա՞ստ է մեր պետությունը նման մարդկանց հարցը լուծել, որոնք փոքր բիզնեսով են զբաղված եւ շատ մեծ վտանգի առաջ են կանգնած»:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով, մարդկանց պետք չէ թերագնահատել. «ամենացածր որակի բիզնեսմենը Հայաստանում երբեք չի տառապում գաղափարների դեֆիցիտից: Ցանկացած հայի մեջ առնվազն տասը գաղափար կա` ինչպես փող վաստակել, այսինքն` նրանց պետք է ընդամենը դաշտ տալ, թույլ տալ առաջին երկու տարին չհարկել, ասել` գնա ինքնազբաղվածությամբ, օրենքի շրջանակներում զբաղվի քո բիզնեսով:

Վահագն Խաչատրյանի խոսքերով, իրականում պետական քաղաքականություն չկա բիզնեսի զարգացման, աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Տարբեր կազմակերպություններ` փոքր ու միջին բիզնեսի զարգացման, դրանք բոլորը դառնում են զրո, որովհետեւ հիմնական մոտեցումը չկա: Այս պայմաններում մնացած հարցադրումները դառնում են երրորդական:

Անդրադառնալով Թուրքիայում անլեգալ ապրող ՀՀ քաղաքացիների հարցին, պարոն Խաչատրյանն ասաց. «Վիճակը սրվել է ապրիլյան պատերազմի հետ կապված եւ մի բան էլ այս կողմում վիճակը սրե՞լ: Այդպիսի հարց բարձրացնել այդ մակարդակում, մինչեւ հարց տալը կարո՞ղ է մեզ, բոլորիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս եւ քաղաքական ուժերին բացատրել` ի՞նչ են ուզում անել: Այ, ես սրանից եմ վախենում»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Թաթուլ Մանասերյանի խոսքերով, ինքը կողմնակից չէ «կացնային որոշումների», բայց նրա կարծիքով, Էրդողանը նախկինում էլ առանձնապես մեծ համակրանքով չի վերաբերվել Թուրքիայում ապրող հայերին. «Եթե նա դա անելու լիներ, վաղուց կաներ: Եթե վերցնենք առաջնահերթությունների ցուցակը, ապա այդ հարցը կլինի 100-երորդ խնդիրը, որովհետեւ նա շատ ավելի լուրջ խնդիր ունի այսօր»:
Ըստ պարոն Մանասերյանի պետք է օգտվել առիթից, որն ընձեռում է եվրասիական շուկան:

Աշոտ Խուրշուդյանի համոզմամբ, ցանկացած քայլ` լինի տնտեսական, մշակութային թե ֆուտբոլային, կարող է իր մեջ պարունակել քաղաքական ուղերձ.
«Հարցը դա է` սա քաղաքական որոշում է, թե` ոչ: Հարց է ծագում դիվանագիտական ինչ ուղերձ ենք սրանով տալիս ու ինչ ենք ակնկալում: Եթե Թուրքիան ոչինչ չանի, ուրեմն անհաջող դիվանագիտություն է: Եթե նկատի Թուրքիան եւ հակադարձի, ապա` այո, կունենան խնդիրներ: Մյուսը` ներքաղաքական ուղերձն է` ուղղված մեր բնակիչներին: Շատ կուսակցություններ անում են, լսելով իրենց ընտրողներին եւ քայլ է` տեսեք Թուրքիան մեզ վատ է վերաբերվում, մենք իրենց ապրանքները չենք ուզում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031