Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ճանաչման մասին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հակառակորդին ուղղված վերջին նախազգուշացում. «Հայոց աշխարհ»

Մայիս 04,2016 08:45

Բազմիցս է արծարծվել, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Ստեղծված իրավիճակում այդ հեռանկարն ավելի ու ավելի շոշափելի է դառնում: Երեկ դրա շուրջ խոսակցություններն առավել ինտենսիվ էին շրջանառվում, այդ թվում՝ արտաքին լրահոսում:

Նոր անդրադարձի առիթն այն է, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կառավարության համաձայնությունը տալու վերաբերյալ: Օրինագիծը ներկայացրել են «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

Բնականաբար Արցախի ճանաչման վերաբերյալ թե՛ նախորդ, թե՛ երեկ որոշակիորեն թարմացված հայտարարությունները մի շարք հարցերի տեղիք են տալիս:

Ամենից առաջ, կարծում ենք, պետք է «ծալել» ու մի կողմ դնել զանազան մտավարժանքները, թե Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը հուսահատ քայլ է: Ամենեւին: Ասել այդպես, կնշանակի կա՛մ չհասկանալ իրավիճակն ու դրան առնչվող նրբերանգները, կա՛մ միտումնավոր ապակողմնորոշել հասարակական կարծիքը:

Իսկ իրավիճակի ամբողջական ընկալման համար արժե կենտրոնանալ այն նախապայմանի վրա, որ Հայաստանը մշտապես շեշտել եւ շեշտում է՝ Արցախի հնարավոր ճանաչման հետ կապված: Խոսքը, իհարկե, ադրբեջանական կողմի հրահրած լայնածավալ պատերազմական գործողությունների մասին է:

Այսինքն՝ ներկա իրավիճակում, երբ առավել իրատես փորձագետների մեծ մասն ուշադրություն է հրավիրում Ալիեւի վարչախմբի կողմից վերստին ընդգրկուն պատերազմական արկածախնդրության դիմելու միանգամայն շոշափելի հնարավորության վրա, Արցախի ճանաչման մասին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հակառակորդին ու ոչ միայն նրան ուղղված վերջին նախազգուշացում:

Չափազանց բյուրեղացված է պատճառահետեւանքային կապը: Սա քաղաքական առումով խիստ էական է, քանզի ակնհայտ է դարձնում, որ բանակցային գործընթացը տորպեդահարողը հենց Ադրբեջանն է իր պատերազմական ու ագրեսիվ դրսեւորմամբ: Եվ մեր քայլը, տվյալ դեպքում, համարժեք քաղաքական պատասխան է լինելու:

Թշնամու ողջախոհությանը ապավինելը անհույս գործ է, իսկ ինչ վերաբերում է «մյուսներին», ապա ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ տերությունների, միջազգային հանրությունը իսկապես արագ ու սթափ մտածելու եւ գործելու, հատկապես՝ գործելու տեղ ունի:

Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, ապա ինքնըստինքյան անէանում է բանակցային գործընթացը, քանզի բանակցող կողմերից առնվազն մեկի համար վերանում է կարգավորման առարկան: Իսկապես էլ՝ ինչի՞ շուրջ բանակցել, եթե մենք ընդունում ենք, որ Արցախը անկախ, ինքնիշխան պետություն է: Ըստ որում, նկատենք, ճանաչման քաղաքական ակտ ասվածը տրամաբանորեն ենթադրում է, որ Արցախը ճանաչում ենք իր ներկայիս՝ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված սահմաններով:

Պատրա՞ստ է արտաքին աշխարհը, տվյալ դեպքում՝ Արցախի հակամարտության կարգավորման հանձնառություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը, նման շրջադարձային զարգացման: Եթե ոչ, ապա պետք է բարի լինեն քաշել Ալիեւի սանձերը: Իսկ եթե իրենց համար միեւնույն է, թե ինչ կանեն «բոլոր կողմերը», ապա մենք, թե՛ որպես հասարակություն, թե՛ որպես ազգ ու պետություն, արդեն ապացուցեցինք (թերեւս առաջին հերթին՝ ինքներս մեզ), որ պատրաստ ենք ավելիին:

Պետք է նկատել նաեւ, որ տվյալ իրավիճակում հակառակորդը հայտնվել է այնպիսի պայմաններում, որ բացել է իր գրեթե բոլոր խաղաքարտերը: Մինչդեռ Հայաստանը ոչ միայն չի բացել իր դիվանագիտական, քաղաքական «խաղաքարտերի» մի զգալի մասը, այլեւ մի քանիսը դեռ «զինանոցից» էլ չի հանել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031