Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախթամար» լարային քառյակն Ստեփանակերտում ելույթ չի ունենա

Մայիս 04,2016 19:54

«Ախթամար» լարային քառյակն (Ֆրանսիա) առաջիկայում երեք համերգ կունենա Հայաստանում: Մեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված համերգները տեղի կունենան Գյումրիում (մայիսի 5-ին), Ջերմուկում (մայիսի 7-ին) և Երևանում (մայիսի 11-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում):

«Մեզ համար շատ կարևոր էր նաև Ստեփանակերտում մայիսի 7-ին նախատեսված համերգը, սակայն ֆրանսիական կողմը կտրուկ «խորհուրդ տվեց» չգնալ այնտեղ՝ հասկանալի պատճառներով»,- «Անի պլազա» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանը:

«Սիրտս շատ ցավեց, բայց… ուրիշ անգամ կգնանք»,- ավելացրեց կոմպոզիտոր, քառյակի գեղարվեստական խորհրդատու Էժենի Ալեսյանը:

Նշենք, որ Բրյուսելի թագավորական ակադեմիայում ձևավորված «Ախթամար» լարային քառյակի անդամներից է նաև հայազգի Կոլին Ալեսյանը (ջութակ): Նրա հետ քառյակն ամբողջացնում են Ջուլիետ Ռոլանը (ջութակ), Օնդին Սիմոնը (ալտ) և Աստրիդ Ուոթերսը (թավջութակ):

«Եղբորս աղջիկը՝ Կոլինը, մի քանի տարի առաջ զանգ տվեց և ասաց, որ իրենք քառյակ են ձևավորում, ուզում են Կոմիտաս նվագել և իմ օգնության կարիքն ունեն: Սիրով համաձայնեցի: Սկսեցինք աշխատել: Կարճ ժամանակ անց նկատեցի, որ լուրջ գործ են անում, քիչ-քիչ իրենցն է դառնում այդ երաժշտությունը»,- պատմեց Էժենի Ալեսյանը:

Հայաստանում քառյակը կհնչեցնի Կոմիտասի, Յոզեֆ Հայդնի, Ֆրանց Շուբերտի և Էժենի Ալեսյանի ստեղծագործություններից:

«Երիտասարդ աղջիկները բավականին բարդ ծրագրով են հանդես գալիս, ինչն էլ ապահովել է նրանց հաջողությունն այս ասպարեզում: Քառյակի այցեքարտն են դարձել Կոմիտասի ստեղծագործությունները: Ոչ մի համերգ առանց Կոմիտասի չենք անցկացնում: Կոմիտասյան երաժշտությանն անծանոթ օտարազգի հանդիսատեսն էլ է ազդվում նրանից»,- եզրափակեց քառյակի գեղարվեստական խորհրդատուն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031