Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգային շրջագայություններն ու շփումները սովորեցնում են հաղթահարել նախապաշարումները»

Մայիս 05,2016 14:30

ICO նվագախումբը փորձում է փոխել աշխարհը

Վերջին շրջանում հայաստանցի երաժիշտները ընդգրկվում են ճանաչված դիրիժորների ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբերի կազմերում, օրինակ՝ հայաստանցի երաժիշտները 2003 թվականից իբրեւ նվագախմբի արտիստ հրավիրվում են մաեստրո Վալերի Գերգիեւի ղեկավարած համաշխարհային նվագախումբ կամ՝ ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբ եւ այլն: 2015թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երեւանում կայացած համերգին մեկ նվագախմբում համախմբվեցին աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներ, անցյալ եւ այս տարի համապատասխանաբար՝ Ֆրանսիայում եւ Հայաստանում կայացավ առաջին հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգը՝ մասնակցությամբ Ռոման քաղաքի կոնսերվատորիայի եւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների: 2011թ. յուրաքանչյուր տարի տարբեր երկրներում ելույթներ է ունենում I,Culture Orchestra (ICO) նվագախումբը, որը ստեղծվել է Լեհաստանի Ադամ Միցկեւիչի համալսարանում եւ որի կազմում՝ նաեւ մեր կոնսերվատորիայի ուսանող երաժիշտները: Վերջիններս նվագախումբ են ընդգրկվում նախապես լսումների արդյունքում: Այս կոլեկտիվում ոչ միայն լեհ եւ հայ երաժիշտներ են, այլեւ ուսանող երաժիշտներ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Բաքվից, Կիեւից, Քիշնեւից, Մինսկից եւ Թբիլիսիից: Նվագախմբի տնօրենն է Կիրիլ Կարաբիտսը, ում ղեկավարությամբ նվագախումբը ելույթներ է ունեցել հեղինակավոր բեմերում եւ մասնակցել եվրոպական տարբեր փառատոների:

«Առավոտի» հետ զրույցում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արկադի Ավանեսովը (լուսանկարում) հայտնեց, որ մայիսի 4-6-ը կոնսերվատորիայում կկայանան ICO նվագախմբի տնօրինության կողմից Երեւան գործուղված ճանաչված երաժիշտներ՝ ֆլեյտահար Սեմյուել Քոուլզի եւ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի լարային գործիքների ֆակուլտետի դեկան Դեվիդ Ուոտկինի վարպետության դասերը, հավելեց նաեւ, որ դասերին կարող են մասնակցել 17-28 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Խնդրեցինք փոքր-ինչ մանրամասնել ICO նվագախմբի կազմ ընդգրկվելու պայմանները: «Արդեն 5-րդ տարին է՝ Լեհաստանի եւ Արեւելյան գործընկերության երկրներում նվագախմբի կողմից երաշխավորված՝ ճանաչված երաժիշտներ լսումներ եւ վարպետության դասեր են անցկացնում, որոնց արդյունքում հյուրերը ընտրում են երիտասարդ երաժիշտներին: Այնուհետեւ Լեհաստան վերադառնալուն պես մեկ անգամ էլ են քննարկում ընտրյալ երաժիշտների ցանկը եւ հետո այդ մասին հայտնում, կոնկրետ մեր դեպքում՝ թե կոնսերվատորիային, թե տվյալ երաժշտին»,- հայտնեց պարոն Ավանեսովը: Հավելեց նաեւ, որ մինչ Երեւան մասնագետների այցը, լսումներ են կայացել Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի պետական կոնսերվատորիայում, Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում, Քիշնեւի թատրոնի եւ կիրառական արվեստի ակադեմիայում, Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայում եւ Բաքվի երաժշտական ակադեմիայում:

Arkadi_Avanesov-2

«ICO նվագախումբը հիմնված է համամարդկային արժեքներով ինտեգրման բարեկամության ու համերաշխության հիման վրա, որպես կրթական ծրագիր այն հնարավորություն է տալիս երիտասարդ տաղանդներին ընդլայնել իրենց ստեղծագործական հորիզոնը, էլ ավելի հմտանալ նվագախմբային արվեստում: Ողջ պատմության ընթացքում այս նախագծին մասնակցել է ավելի քան 500 երիտասարդ արվեստագետ: Ի վերջո, տարբեր ազգերի ներկայացուցիչների համատեղ փորձերը, համերգային շրջագայությունները եւ պարզապես մարդկային շփումները սովորեցնում են հաղթահարել նախապաշարումները եւ կառուցել հասարակություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա»,- ներկայացրեց պրոռեկտորը:

Արկադի Ավանեսովը հայտնեց, որ 2015թ. այդ նվագախմբի կատարմամբ հնչել է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան: Այս ստեղծագործության կատարման համար Հայաստանից հրավիրված է եղել նաեւ երկու դուդուկահար: Հարցին, թե արտերկրում կայացած ICO-ի այդ համերգները հավանաբար նվիրված են եղել մեր ցեղասպանության զոհերի հիշատակին, պրոռեկտորը պատասխանեց. «Հատկանշական է, որ մինչ նվագախմբի ելույթները, Լեհաստանի եւ Արեւելյան գործընկերության երկրներում ICO-ի տնօրինությունը լսումներ եւ վարպետության դասեր անցկացնելու նպատակով գովազդային ազդագիրը հրատարակել է մեր կոնսերվատորիայի տաղանդավոր ջութակահարուհի Լինդա Մանուկյանի լուսանկարով, որն ուսանում է պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031