Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները Եվրոպայի առաջնություններում իրենց առջեւ կոնկրետ խնդիրներ են դնում

Մայիս 05,2016 15:00

Մայիսի վերջին եւ հունիսի սկզբին կայանալու են շախմատային երկու կարեւոր իրադարձություններ՝ Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները:

Հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Ռումինիայի Մամայա ծովափնյա քաղաքում կայանալիք կանանց առաջնության գլխավոր մրցավար:

«Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում պարոն Վարդապետյանը խոսեց նաեւ տղամարդկանց առաջնության մասին: «Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է Կոսովո երկրում: Այսպես ասում եմ նախ նրա համար, որ Հայաստանն առայժմ չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, երկրորդ, որ Կոսովոն մի քանի ամիս առաջ՝ աշնանն է ընդգրկվել Եվրոպայի շախմատային միության ընտանիք: Հետաքրքիր է, որ Եվրոպայի առաջնությունը Կոսովոյում անցկացնելու որոշումը ընդունվել է ավելի շուտ, քան այդ երկիրը մտել է ԵՇՄ: Թերեւս, այնտեղ հասկացել են, որ այդ գործընթացը ձեւական է լինելու, քանի որ եվրոպական երկրները դե ֆակտո Կոսովոն արդեն ճանաչել են», – ասաց մրցավարն ու անդրադարձավ կանանց առաջնությանը: «Այն անցկացվելու է Մամայա ծովափնյա քաղաքում: Ռումինիան, չնայած շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է եւ աշխարհին բազմաթիվ լավ շախմատիստներ է տվել, սակայն այնտեղ երկար տարիներ միջազգային մակարդակի ոչ մի խոշոր մրցաշար չի անցկացվել: Կարող ենք ասել, որ Եվրոպայի առաջնություններն ընդունող երկու քաղաքներն էլ նոր կետեր են Եվրոպայի օրացուցային քարտեզի վրա: Ես այդ երկու առաջնությունների մեջ ընտրություն կատարելու հնարավորություն ունեի: Սովորաբար, նախապատվությունը տալիս եմ տղաների մրցաշարերին, սակայն այս անգամ ընտրեցի կանանց առաջնությունը: Եվ դա իր պատճառներն ունի: Բանն այն է, որ անցած տարի Չակվիի Եվրոպայի կանանց առաջնությունում բավականին տհաճ իրադարձություններ էին տեղի ունեցել՝ կապված ռումինացի շախմատիստուհի Սանդուի անվան հետ: Նա իր վարկանիշով միջին կարգի շախմատիստ է, սակայն անցած տարվա Եվրոպայի առաջնության մեկնարկային հինգ մրցափուլերում անընդմեջ հաղթանակ էր տարել, այդ թվում նաեւ շատ բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների նկատմամբ: Դա առիթ էր դարձել, որպեսզի առաջնության մասնակիցները կասկածեն, որ նա ինչ-որ հուշումներից է օգտվում: Բողոքներ ու տհաճ այլ պատմություններ էին եղել այն ժամանակ: Հավանաբար, հենց դա նկատի ունենալով՝ Ռումինիայի շախմատային ղեկավարությունը դեռ մինչեւ Մամայաի ընտրությունը դիմել էին ինձ, որպեսզի ես լինեմ գլխավոր մրցավարը: Ես դա կապում եմ ոչ թե իմ անվան, այլ այն բանի հետ, որ ես Եվրոպայի շախմատային միության մրցավարական կոմիտեի նախագահն եմ: Եվ կազմակերպիչները ցանկացել են, որպեսզի բոլորը վստահ լինեն, որ այս առաջնությունն ընթանալու է արդար ու ազնիվ պայքարի մթնոլորտում», – ասաց Աշոտ Վարդապետյանը, ում իրենց մրցավեճը վստահել են նաեւ աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարի մասնակիցներ Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայաստանցի շախմատիստներին՝ մասնագետը նշեց, որ տղամարդկանց առաջնությանը մասնակցելու են ութ գրոսմայստերներ, երեքը՝ ազգային հավաքականի կազմից, կանանց առաջնությանը՝ չորս շախմատիստուհիներ, որոնք բոլորն էլ ներկայացնում են մեր կանանց ընտրանին: «Շախմատիստները, սովորաբար, Եվրոպայի առաջնություններում իրենց առջեւ երեք խնդիր են դնում. Առաջին՝ բարձրացնել իրենց անձնական վարկանիշը, երկրորդ՝ տեղ զբաղեցնել այն ուժեղագույնների շարքում, որոնք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգիր են ստանում եւ երրորդ՝ եթե մրցաշարին հաջող են մասնակցում, պայքարել մրցանակային տեղերի համար: Կարծում եմ, մեր տղաներից երեք-չորսը կարող են պայքարել մեդալների համար», – ասաց մասնագետը:

Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեցինք, թե մեր հավաքականները մասնակցելո՞ւ են Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: Պատասխանը գրեթե միանշանակ էր՝ ոչ: Նրա խոսքերով, դա նաեւ նշանակում է, որ մեր հավաքականները ընթացիկ մրցաշրջանում թիմային պաշտոնական մրցումների չեն կարողանա մասնակցել, քանի որ այդպիսիք չկան: Սակայն նաեւ չբացառեց, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան կփորձի նրանց համար թեկուզ ընկերական կարգավիճակով նման մի քանի մրցում կազմակերպել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031