Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանի մորն ավտոմեքենայում ոստիկանները խոշտանգել էին

Մայիս 05,2016 16:00

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներ, փաստաբաններ Հայարփի Սարգսյանը եւ Արա Ղարագյոզյանը ապրիլի 26-ին դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան՝ Սուսաննա Ղազարյանի գործով: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նրանք ասացին, որ նախկին ոստիկանի՝ Վարդան Ղուկասյանի (հանրության շրջանում հայտնի է «Դոգ» մականունով-Ռ.Մ.) մոր պաշտպանությունն, ըստ էության, սկսել են իրականացնել վերաքննիչ դատարանից, երբ տիկինը դիմել է կազմակերպությանը:

Սուսաննա Ղազարյանի գործը վերաբերում է 2014 թվականի հոկտեմբերի 22-ի դեպքին: Այդ օրն առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, տիկինը գնացել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Թումանյան փողոցի վրա գտնվող բնակության վայրի շենքի բակը: Նա ցանկացել էր հանդիպել ոստիկանապետի հետ, որդու՝ նախկին ոստիկան Վ. Ղուկասյանի, նաեւ մեկ օր առաջ տիկնոջ բնակարանն ապօրինի խուզարկելու հարցերով:
Այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները բռնել էին տիկին Սուսաննայի ոտքերից ու ձեռքերից, ըստ նրա փաստաբանների, նստեցրել էին ոստիկանության մեքենան, տարել Հանրապետական մարզադաշտի մոտ: Նրանք տիկնոջը իջեցրել էին մեքենայից ու հեռացել: Տիկին Սուսաննան այդտեղից գնացել էր ոստիկանության վարչական շենք՝ նպատակ ունենալով այնտեղ հանդիպել ոստիկանապետին: Հերթապահ ոստիկանը նրան հրավիրել էր շենքի մեկ այլ մուտք, որտեղ տիկնոջը դիմավորել էին այլ ոստիկաններ, նստեցրել էին ոստիկանության ավտոմեքենան ու տարել Նուբարաշեն վարչական շրջան: Փաստաբաններն «Առավոտին» ասում են. «Մոտ երեք ժամ Սուսաննա Ղազարյանին մեքենայում անմարդկային վերաբերմունքի են արժանացրել: Թույլ չեն տվել իջնել մեքենայից: 60-ամյա կինը ցանկացել է բնական կարիքները հոգալու համար դուրս գալ մեքենայից, դա էլ թույլ չեն տվել: Վախեցել է, մեքենայում պատուհան չի եղել: Այդ գործողությունների հետեւանքով տիկին Սուսաննան ձեռքերի շրջանում կապտուկներ է ստացել: Կան լուսանկարները»: Իրավապաշտպան կառույցի փաստաբանները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեպքից մեկ շաբաթ հետո են տիկնոջը դատաբժշկական փորձաքննության ենթարկել, որտեղ փորձագետին տրվել է մի հարց, առանց որի պատասխանը ստանալու՝ նա եզրակացություն է կայացրել:

Խոսքը քննիչի 4-րդ հարցի մասին էր. «Արդյոք Սուսաննա Ղազարյանն այդ վնասվածքները կարո՞ղ էր ստանալ մի քանի տղամարդու քաշելու հետեւանքով»:

«Եթե մենք ուշ ենք ուղարկել, հստակ չենք կարող իմանալ, թե երբ է քաղաքացին ստացել մարմնական վնասվածքները»,-ասում է Հայարփի Սարգսյանը:

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ոստիկաններ Հակոբյանի, Բալոյանի, այլոց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու, Սուսաննա Ղազարյանին մարմնական վնասվածք պատճառելու կապակցությամբ: Անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին որոշում էր կայացվել քրեական գործով վարույթը կարճելու եւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Գլխավոր դատախազությունը նույնպես մերժում է տիկնոջ բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դրա վերաբերյալ տիկինը բողոք է ներկայացնում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով, որպեսզի որոշում կայացվի իր իրավունքների եւ օրինական շահերի խախտումը վարույթն իրականացնող մարմինը վերացնելու համար:

Սակայն որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Հայարփի Սարգսյանի գնահատմամբ. «Վերաքննիչ դատարանում կողմնակալություն դրսեւորվեց դատավոր Լիլիթ Թադեւոսյանի կողմից: Բոլորս էլ հասկանում ենք, որ բողոքն ուղղված էր պետական մարմինների դեմ: Ըստ էության, հանցանքը կատարվել է ոստիկանության ծառայողների կողմից: Ինչպես հայաստանյան պրակտիկան է ցույց տալիս, Հայաստանում իշխում է անպատժելիության մթնոլորտ, եւ որեւէ ոստիկան մինչ օրս չի պատժվել»:

Արա Ղարագյոզյանի տեղեկացմամբ էլ, իրենք վերաքննիչ դատարանում ներկայացրին մի տեսանյութ, միջնորդելով, որպեսզի ուսումնասիրվի այն: Այդ տեսանյութը հիմք էր հանդիսացել քրեական հետապնդում չիրականացնելու որոշման համար:
Փաստաբաններն ասում են. «Ինչու քրեական վերաքննիչը չի ցանկանում այդ տեսանյութը դիտել՝ մերժելով միջնորդությունը: Տեսանյութը վերաբերում էր տիկին Սուսաննայի բնակարանի խուզարկությանը, որն իրականացվել էր նրա որդու՝ այլ քրեական գործով: Այդ ժամանակ իբր տիկնոջ ձեռքերից ու ոտքերից բռնել են, իբր կապտուկներն այդ ժամանակ է ստացել, ոչ թե հաջորդ օրը, ոստիկանական ավտոմեքենայում գտնվելով: Տիկինը հատակին է եղել: Ոստիկաններն ամեն բան անում են, որպեսզի ստացվի, թե Սուսաննան իր բնակարանի հատակին թավալգլոր լինելու պատճառով է ստացել կապտուկները»:

Վերաքննիչ դատարանում բողոքաբեր կողմը պնդել էր, որ նախաքննությունն իրականացվել է կոպիտ, էական խախտումներով, մասնավորապես, ոստիկանապետի տան բակի փոխարեն զննել են հարակից բակերից մեկը, առերեսում տեղի չի ունեցել տուժողի եւ ոստիկանների միջեւ: Ի դեպ, հարցաքննվել է 3 ոստիկան. «Նախաքննության ընթացքում տարօրինակ ձեւով չեն աշխատել դեպքի վայրից առգրավված տեսախցիկները: Արձանագրությունները մի դեպքում չէին պահպանվել, մի դեպքում էլ դեպքի վայրի մոտ առկա տեսախցիկները մի քանի օր շարունակ իբր եղել են անսարք վիճակում: Ինչպես կարող են Սարյան-Թումանյան փողոցում գտնվող տեսախցիկները լինել անսարք, երբ այդ փողոցում է գտնվում հենց ոստիկանապետի տունը: Դա համոզիչ չէ»:
Օրեր առաջ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում խոսք է գնում ստորադաս դատարանների գործողությունների մասին էլ, թե ինչպես այդ դատարանները չգնահատեցին բազմաթիվ խախտումների կողքին նաեւ այն հանգամանքը, երբ քննիչի քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիմքում դրվել է դեպքի օրը դեպքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսի ցուցմունքները, այսինքն՝ շահագրգիռ անձանց:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրում նաեւ Սուսաննա Ղազարյանի բնակարանի խուզարկությանը, որը տեսա ձայնագրվել է ապօրինի: Այնտեղ գտնվող ոստիկանների թիվը չի համապատասխանել խուզարկության արձանագրության տակ նշված թվին: Իսկ, առհասարակ, թե առաջին ատյանը, թե վերաքննիչ դատարանն իրենց որոշման պատճառաբանական մասում զետեղել էին, չգիտես ինչու, քննիչի պատճառաբանությունները, ոչ դատարանինը:
«Մենք այլեւս ցանկություն չունենք ոստիկանությանը պատժելու համար դիմել ոստիկանությանը: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք անվստահություն ենք հայտնում ներպետական կառույցներին»,- ասում են փաստաբանները:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

 

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031