Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ չի՞ Ադրբեջանը ՌԴ-ից զենք գնի, գոնե կոնտրոլի տակ է»

Մայիս 05,2016 17:30

Պատգամավոր Արագած Ախոյանը ողջունում է, որ հակառակորդը զենք է գնում մեր ռազմավարական դաշնակցից՝ ասելով, թե ՌԴ-ն գոնե զենքի դետալները Ադրբեջանին չի տա:

«Քաղաքականության մեջ կան փոխադարձ շահեր: Այնպես չի, որ մենք ՌԴ-ի ձեռքում ենք, նաեւ մենք ենք իրենց շատ ձեռնտու: Այնպես չի, որ գիտեք ինչ կա, հանկարծ ռուսները չլինեն՝ մենք կորած ենք: Էդ հոգեբանությունից պիտի դուրս գանք, բայց էնպես էլ պիտի չլինի, որ ասենք՝ դու ով ես, որ: Շատ զուսպ պետք է լինել բոլոր հայտարարությունների մեջ, որպեսզի ոչ մի սխալ թույլ չտանք եւ ժողովրդին չտանենք մի ճանապարհով, որը լուրջ վնասներ կբերի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Թե ինչու է մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն, հավասարության նշան դնում մեր եւ Ադրբեջանի միջեւ, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ճիշտ խոսենք՝ ինչի՞ ա ձեզ թվում, որ ՌԴ-ն Ադրբեջանին կթողնի, որ ձեռքից գնա: Դա քաղաքականություն է, բնականաբար, նա պետք է այնպես անի, որ Ադրբեջանին էլ չկորցնի: Այստեղ մեր խնդիրն է, կան բաներ, որ մենակ գոռալ-գոչելով չի: Կան բաներ, որ մեր շահերից ելնելով՝ պիտի լռենք, օրինակ՝ զենքի մատակարարման հարցում, թե Ադրբեջանին ինչի՞ ես զենք տալիս: Իսկ ես հարց եմ տալիս՝ ո՞վ տա, կարա՞նք հարցնենք: Իսկ եթե այդ զենքը տար Իսրայելը կամ, ասենք, ՆԱՏՕ-ն»:

Մեր դիտարկմանը, որ զինվորականները պնդում են, որ այդ տիպի հարձակողական զենք չուներ ոչ ոք, Արագած Ախոյանը պատասխանեց. «Այդպիսի զենք միայն ՌԴ-ն չի արտադրում: Սխալվում եք, կարող է մարկան ուրիշ լինի, բայց նույն ֆունկցիաներն ունենա, նույն տվյալները, բայց մի բան ավել կամ պակաս անի: Հիմա ես հարց եմ տալիս՝ իսկ ավելի լավ չի՞ Ռուսաստանից լինի, որ գոնե քանակը գիտենք՝ ինչքան ունեն, գոնե գիտենք, որ դրա սպասարկման դետալները անհրաժեշտության դեպքում կարող են եւ չմատակարարվել: Էդ փաթեթը նրա ձեռքի մեջ է, գոնե այդ առումով կոնտրոլի տակ ա, պիտի էդ տեսանկյունից նայել»:

MHM0103510-copy
Երբ զարմացանք՝ եթե ՌԴ-ն զենքը վաճառում է Ադրբեջանին, ադրբեջանցիներն այդքան հիմա՞ր են, որ դետալները ՌԴ-ն չտա՞ նրանց, Արագած Ախոյանը պատասխանեց. «Կարող է եւ չմատակարարվի: Կամ գիտենք՝ ինչ ունեն, ինչ չունեն: Եթե այլ տեղից գար, մենք դրա կոնտրոլը չէինք ունենա»:

Հարցին՝ հիմա կարծում եք, որ մենք ունե՞նք ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների «կոնտրոլը», Արագած Ախոյանը պատասխանեց. «Մենք չէ, գոնե ռուսներն ունեն: Հայաստանը ՌԴ-ի համար հենց այնպես երկիր չի: Հանկարծ չսխալվեք, որ նրանք էն վճռական պահին կարող են մենակ թողնել մեզ կամ ձեռքով ցտեսություն ասեն: Էդ իրա՛նց են ցտեսություն ասելու, եթե տենց բան անեն: Մեզ չէ, այլ իրա՛նց»:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը կողմ էր քվեարկել ԵՏՄ անդամակցությանը:
Պատգամավորի խոսքերով՝ այսօր ավելի, քան երբեւիցե մենք պիտի լինենք ակտիվ, պիտի ցույց տանք աշխարհին, որ «մենք սկուտեղի վրա մատուցած զոհ չենք, որ ով ուզենա՝ մեզ համիկ անի». «Մենք ազգ ենք: Մենք գիտենք, որ մեր պետությունը տնտեսապես չի փայլում, ու հաճախ կախված ենք գերտերությունների վարած քաղաքականությունից, բայց ոչ ոք թող չմոռանա, որ ՀՀ-ն նախ քրիստոնեության հարավային դարպասն է»:
Թե ինչ կլինի, եթե լայնածավալ պատերազմ սկսվի՝ պարոն Ախոյանը պատասխանեց. «Ադրբեջանը խուճապի է մատնվելու, կտեսնեն՝ ինչ կստանան: Ունենք պետություն, ղեկավարություն, եկեք թողնենք՝ ամեն մեկն իր գործով զբաղվի: Եթե ինձնից հասնում է մի հատ զենք վերցնել, գնալ այնտեղ կանգնել, ես դա կանեմ»: Երբ հարցրեցինք՝ կրակել գիտե՞ք, նա պատասխանեց. «Շատ լավ գիտեմ, ունեմ անձնական զենքեր, ուղղակի հիմա ակնոցով եմ կրակում»: Արագած Ախոյանն ասաց, որ ինքը հայտ է ներկայացրել՝ որպես կամավոր մեկնելու ճակատ, եթե հարկ լինի:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Նման դատողություններ կարող էր անել նաև Ռուսաստան մեկնող խոպանչին, բառիս ամենաբացասական իմաստով, բայց ոչ ինքնիշխան պետության ԱԺ պատգամավորը: Նշաձողը բարձրացնելու ժամանակն է:

  2. Artur says:

    Խոպանչիները կարգին մարդիկ են, խեղճ ու կրակ: Իսկ սրա նման քաղաքագետներին պետք է տանել առաջին գիծ այդ զենքին ընդառաջ:

  3. աննա says:

    քանի որ չեն հրապարակվի հայհոյանքներն ու ոչ նորմատիվային լեքսիկան, անձին ուղղված վիրավորանքներն և այլն,,,,,,,,,,,,, ես այլ ասելիք ճունեմ…………

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031