Լրահոս
Օրվա լրահոսը

Տականքներ եղան, ովքեր իրենց թույլ տվեցին «Մեր Արցախին» գրառումներով արկղերից իրեր թռցնել. «Հայոց աշխարհ»

Մայիս 05,2016 08:31

Հարցազրույց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ

Արցախի կառավարությունը ստեղծեց օպերատիվ շտաբ, նաեւ բացվեց հատուկ հաշվեհամար՝ գումարների հավաքումը կազմակերպելու նպատակով: Ամեն ինչ արվեց ստացվող օգնությունը հավասարաչափ բաշխելու համար: Իհարկե եղան դեպքեր, երբ տեղահանված բնակիչների մի խումբ ավելի շատ օգնություն ստացավ, մյուս խումբը մասամբ անտեսվեց, բայց հնարավորն արեցինք նման իրավիճակները բացառելու համար:

   -Այնուհանդերձ պղտոր ջրում ձկներ որսացող տականքներ էլ եղան, ովքեր իրենց թույլ տվեցին «Մեր Արցախին» գրառումներով արկղերից իրեր թռցնել:

-Ցանկացած հասարակության մեջ կան տականքներ, այդպիսիք ջրի երես են դուրս գալիս հենց արտակարգ իրավիճակներում: Ուղղակի մեր հասարակությունը պետք է համապատասխան արձագանք ու գնահատական տա նման քայլերին՝ տականքի դեմն առնելու համար:

Ինձ համար ցանկացած մարդ, որը գողանում է զինվորի բաժինը, որը գողանում է մեր պետական միջոցները, տականք է ու դավաճան: Եթե որեւէ մեկն անձնական նպատակների համար է օգտագործում այդ միջոցները, գողանում Արցախին ու հայ զինվորին ուղղված օգնությունը, նա պետք է արժանի պատասխան ստանա:

Այդ տականքը պղտոր ջրում ձուկ որսաց թե՛ նյութական, թե՛ բարոյական, թե՛ հոգեբանական տեսանկյունից: Մարդիկ կան, որոնք ներքին տեղեկատվական դաշտում եւս «ձուկ» որսացին ու շարունակում են իրենց սեւ գործը։ Չեմ բացառում, որ այդպիսիների թիկունքում կա արտաքին միջամտություն: Անզեն աչքով իսկ նկատելի է, որ այդպիսիք զբաղված են բամբասանք տարածելով: Չի բացառվում, որ նմանատիպ «տեղեկատվություն»՝ բամբասանք տարածելով՝ նրանք նպատակ ունեն մեր այս օրերի միասնականությունը խաթարել:

Խնդրում ու կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ զգույշ լինել նման տեղեկատվության տարածման հարցում, ինչը կարող է անվստահության մթնոլորտ ստեղծել, կարող է խաթարել մեր միասնականությունը:

Արցախն ունի մեր հայրենակիցների օժանդակության կարիքը: Արցախի համար ամենից ցանկալի տարբերակը գումարի փոխանցումն է, բայց եթե որեւէ մեկը չի ցանկանում գումար ուղարկել, կարող է իր ձեռքով գնել այն անհրաժեշտ իրերը, որոնք մենք ներկայացնում ենք ըստ պահանջարկի, ու իրենց իսկ ձեռքով ուղարկել մեզ, իսկ հետո անձամբ գալ Արցախ կամ ուղարկել սեփական ներկայացուցչին տեղում ստուգելու՝ հասե՞լ է իր ուղարկածը հասցեատիրոջը, թե՞ ոչ:

   -Երբ թխվածք, կոնֆետ ու նման մանր-մունր բաներ ուղարկվեց մեր զինվորներին, կասկածամիտների մեջ հարց առաջացավ՝ կարո՞ղ է խրամատում կանգնած մեր տղաներն այնքան վատ են սնվում, որ անգամ նման սննդի կարիք ունեն:

-Մեր զինվորը սննդի կարիք չունի: Բայց կային դիրքեր, որտեղ պատերազմի առաջին օրերին խնդիրներ ծագեցին։ Դրանք այն դիրքերն էին, ուր անհնար էր մեքենայով ինչ-որ բան հասցնել, քանի որ գտնվում էին գնդակոծության տակ:

Սննդային խնդիրներ ծագեցին նաեւ կամավորականների սահմանագիծ մեկնելուց հետո, քանի որ թվաքանակ աճեց: Հրամանատարները պետք է հաշվարկը ճիշտ ներկայացնեին, բայց երբ դա փոքր-ինչ ուշացավ, բնականաբար հարցեր առաջացան: Այնուհանդերձ այս ամենը կարճ ժամանակում լուծվեց:

Մի հանգամանք էլ կա, որ կուզենամ ասել. մեր կամավորականներից ոմանք, որ երկար ժամանակ չէին եղել սահմանին, փոքր-ինչ խորթացել էին սննդի հարցում, անգամ զանգում էին իրենց տնեցիներին ու ասում՝ քաղցրավենիքը, պահածոները լիքը լցված են, հոգնեցինք, տնական ճաշ ուղարկեք: Բայց պարզ է, չէ՞, որ դիրքերում հնարավոր չէ նման սնունդ հասցնել, սովորաբար դիրքերի սնունդը լինում է հեշտ պատրաստվող ու հեշտ տեղափոխվող: Դրա համար ոմանք սննդի հարցում փոքր-ինչ նեղվեցին:

Ինչ վերաբերում է կոնֆետ, թխվածք ու նման բաներ ուղարկելուն, դրանց կարիքն ընդհանրապես չկա: Մանավանդ առաջին օրերին շատերը սրտանց ուղարկեցին նման ուտելիքներ, բայց դրանք, թող ներվի խոսքիս համար, դարձան պատուհաս, որովհետեւ մինչ Երեւանից Ստեփանակերտ հասնելն արդեն փչացել էին:

Թերեւս միակը ծխախոտն է, որի թեկուզ շատ ուղարկելը չի խանգարում, քանի որ այն ժամկետայնության խնդիր չունի եւ կարելի է պահեստավորել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.aysor.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031