Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Քեզ խփում են, դու էլ պիտի խփես»

Մայիս 05,2016 09:26

«Չեմ կարող ասել: Չեմ խորացել: Այս քանի օրը եղել եմ Ղարաբաղում, այնտեղ տարբեր կարծիքներ կան. ո՞րն է ճիշտ, ո՞րը սխալ… Ես գնացի Ղարաբաղ, հասարակ մարդը, զինվորն ինձ սովորեցրեց, թե ի՞նչ է պաշտպանությունը: Չի կարելի պաշտպանվել, պետք է հարձակվել: Հաղթանակը հարձակվողինն է: Դրա համար, որ ասում են`փայլուն հաղթանակ ենք տարել, պետք է այդ փայլուն հաղթանակը զարգացնենք»,- Aravot.am-ի հարցին`բանակում էլ, կամավորականների մոտ էլ դժգոհություններ եղան, որ հայկական կողմի քաղաքական իշխանությունները ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում համաձայնեցին կրակը դադարեցնել, ինչն աղերսեց Ադրբեջանը`ՌԴ-ի միջնորդությամբ, այսպես պատասխանեց արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Մեր զրուցակիցը փաստում է`վերջապես պետք է հասկանանք`քեզ խփում են, դու էլ պիտի խփես. մարտավարության վերանայման անհրաժեշտություն կա:

ՊՆ-ում եղած բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության մասին լեգենդար հրամանատարը չի ցանկանում խոսել. «Այսօր ոչ թե թերությունները պետք է ման գանք, այլ … Պաշտպանության նախարարությունում թերություններ կան, բայց դա մեր ի՞նչ գործն է, իրենք պետք է նայեն, զեկուցեն… մենք իրավունք չունենք ՊՆ-ին ասել, ես դեմ եմ այդ հարցերով խոսելուն»: Ճշտող հարցին`այդ պաշտոնանկություններով թերությունները վերանում ե՞ն, հետեւություններ անո՞ւմ ենք քառօրյա պատերազմում եղածից, Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց, որ այն գիտելիքները, որոնք զինվորները ստանում են բանակում եւ այն դաստիարակությունը, որն իրենց հետ տանից էին տարել`տվեցին այսօրվա գլխավոր արդյունքը. «Թուրքերը չկարողացան իրենց ծրագիրը կատարել: Ով հարձակվում է, նա մեծ հաղթանակ պիտի ունենա: Բայց ոչ մի հաղթանակ չունեցան: Ես ավտոմատով զինվոր այսօր չունեմ, ունեմ կենտրոն, որտեղ կարելի է սովորեցնել, ես դրանով եմ զբաղվում: Ու գիտեմ, որ մեր թուլությունն այն էր, որ մոռացել էինք թշնամի ունենալու մասին ու այդ պատրաստությամբ չէինք զբաղվում: Խոսքը ոչ թե բանակի, այլ ժողովրդի մասին է: 2011 թվականին Ալ-Քաիդան իր զինվորների համար 22 կետանոց ցուցակ էր գրել`ոնց ԱԹՍ-ներից պաշտպանվել: Դրանցից 5-6-ն իմանային, այդքան զոհ չէինք ունենա: Ի՞նչ է, բանա՞կն է մեղավոր: Մենք ենք մեղավոր»:

Կոմանդոսն ասում է, որ մենք երբեմն մեր թշնամուն թերագնահատում ենք, մինչդեռ իրենք ունեն լավ դասախոսներ եւ լավ զինվում են. «Եթե զինվորական խորամանկության դասեր ստանայինք, այսօրվա դժվար պահի մեջ չէինք ընկնի»: Ամեն դեպքում, բոլոր բացթողումներով հանդերձ, մեր զրուցակիցը մի բան հաստատ է ասում` Ադրբեջանի նոր, լայնածավալ հարձակմանը մենք պատրաստ ենք: Միայն մեկ բանում է տարակուսում` նորիվ նրանց կկանգնեցնենք, մինչդեռ լիակատար հաղթանակն առաջխաղացումն է:

ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին էլ մեր զրուցակիցն ասում է. «Իմ մոտեցումն այն է, որ մենք հայեր ենք, իրար կողքի ենք ապրում, մենք ինչի՞ պետք է ունենանք երկու նախագահ, երկու վարչապետ, 400 մեքենա… Ես չեմ ասում, որ դա հենց էդպես պետք է լինի, իմ մոտեցումը գուցէ պրոֆեսիոնալ չէ, քանի որ կա միջազգային իրավունք: ԼՂՀ-ն փուլ առ փուլ անցել է միջազգային նորմերով, բայց ճանաչում դեռ չի ստացել. ոչ մի միջազգային ատյան, ոչ մի պետություն չի ճանաչել: Ես զինվորական եմ, դրանց մեջ չեմ խորանում, այդ հարցը Նաղդալյանին կտաք»:

Այս հարցն այսօր կքննարկվի ՀՀ կառավարության նիստում :

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031