Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Կայցելի՞ Լավրովը Ստեփանակերտ»

Մայիս 05,2016 09:53

«ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը Հայաստանի կառավարության կողմից քննարկելու առթիվ տեսակետ չեն հայտնել ԱՄՆ պետական դեպարտամենտը եւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի Հայաստանի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով ՌԴ արտգործնարխարար Սերգեյ Լավրովի այդ առիթով արած հայտարարությանը:

Հիշեցնենք, ՌԻԱ-Նովոստին տարածել է Սերգեյ Լավրովի հարցազրույցից հատված, որտեղ խոսվում է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարից: Նա ասում է, որ զորքերի շփման գծում հետաքննության գաղափարը Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկել են հինգ-վեց տարի առաջ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ: Անգամ ԵԱՀԿ փորձագետները որոշ նկատառումներ ներկայացրել են, սակայն 2012-ին չի հաջողվել առաջ շարժվել: Լավրովը կարծում է, որ ներկայումս պետք է դրան հասնելու ջանքեր գործադրվեն եւ շեշտում է գերմանական կողմի՝ որպես ԵԱՀԿ նախագահողի, շահագրգռվածությունը: Լավրովը նաեւ գտնում է, որ նախկինում կողմերի միջեւ քննարկված գաղափարները դժվարությամբ, բայց հնարավոր է դարձնել փաստաթուղթ:

«Սա նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նախկինում որոշակի հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ունեցել են, այժմ հնարավոր է սկսել բանակցությունների նոր փուլ՝ նպատակ ունենալով հասնել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման, որը պետք է ստանա փաստաթղթային ձեւակերպում»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ այս համատեքստում Լավորվն ասել է, որ Երեւանը հավաստիացրել է, որ միակողմանիորեն չի որոշարկի ԼՂ կարգավիճակը. «Այսինքն՝ չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ավելի վաղ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էր հասկանալ տվել, որ կառավարության նիստում օրինագծի քննարկումը դեռեւս չի նշանակում, թե այն ԱԺ-ում կդրվի քվեարկության: Երեւանում Լավրովը պնդել է, որ պետք է պահպանվեն 1994 եւ 1995 թ. ձեռք բերված զինադադարի եւ այն ամրապնդելու միջոցառումների մասին համաձայնությունները: Այս տեսակետը ֆորմալ հավանության է արժանացել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Նշված համաձայնությունները ձեռք են բերվել Ռուսաստանի ուղղակի միջնորդությամբ: Ռուսաստանը, թեեւ դա փաստաթղթային ձեւակերպում չի ստացել, դե-ֆակտո այդ պայմանագրերի երաշխավորն է: Նշանակու՞մ է արդյոք, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան «լվանում են ձեռքերը» եւ հետագա զարգացումների պատասխանատվությունը թողնում Ռուսաստանի վրա: Թե՞ Ռուսաստանն է կարողացել Վաշինգտոնին եւ Փարիզին համոզել, որ Հարավային Կովկասում նրանց «խաղն ավարտված է»:

Որպես ապագա բանակցությունների առարկա Լավրովը նշել է կողմերի միջեւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ քննարկված գաղափարները, որոնք թեեւ դժվար, բայց հնարավոր է ձեւակերպել որպես փաստաթուղթ, իսկ իրավիճակի կայունացման եւ հետաքննությունների մեխանիզմներ մշակելու հարցում ակնարկել ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի շահագրգռվածությունը:  «Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո արդեն չորրորդ անգամ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաեւ ԼՂ խնդիրը: Բացառված չէ, որ թեեւ այդ մասին հրապարակային չի ասվում, ԱՄՆ-ը Ռուսաստանին է վերապահել իրավիճակը կայունացնելու հանձնառությունը: Թե ի՞նչ ենթատեքստով՝ դժվար է կանխատեսել: Խնդիրն այն է, թե Ռուսաստանն ինչպե՞ս կօգտագործի հնարավորությունը: Կպնդի, որ Բիշքեկի արձանագրությամբ հանձնառությունները կատարվե՞ն, թե՞ կաշխատի ստատուս-քվոն ամրապնդելու եւ բանակցությունները մաքուր էջից սկսելու հնարավորության ուղղությամբ: Պնդել 1994-ի համաձայնության կատարման վրա, նշանակում է բանակցություններին ներգրավել նաեւ ԼՂՀ-ն: Մեկ անգամ՝ 1996-ին ՌԴ արտգործնախարար Պրիմակովը Ստեփանակերտում փորձել է «ճեղքում արձանագրել»: Կայցելի՞ Լավրովը Ստեփանակերտ»,- թերեւս հռոտորական հարցադրում է հնչեցնում Վահրամ Աթանեսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031