Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա «Վերածննդի տիտանները»

Մայիս 05,2016 10:00

Պատերազմը ճանապարհ է բացում ոչ միայն այն արժանի քաղաքացիների համար, որոնք այս պահին պատրաստ են անել ամեն ինչ` սկսած խրամատ փորելուց` թշնամուն դիմադրելու համար, այլեւ բազմաթիվ ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» եւ «դիվանագետների»: Դժվար թե որեւէ մեկս ցանկություն ունենանք դատողություններ անելու, ենթադրենք, քվանտային ֆիզիկայի մասին, բայց թե` ո՛ր ուղղությամբ պետք է գնան մեր ստորաբաժանումները, ո՛ր զինատեսակը պետք է օգտագործեն եւ ինչպես է պետք «Բաքվում թեյ խմել»` դրա մասին ամեն մեկս ունի իր հստակ պատկերացումը: Բայց չէ՞ որ ռազմական գործը նույնպես գիտություն է:

Այստեղից-այնտեղից, կայքերից, ֆեյսբուքից եւ «հետճաշային» խոսակցություններից տեղեկատվություն քաղելով՝ հնարավոր է, իհարկե, սեփական անձնական պատկերացումը կազմել իրավիճակի մասին: Սակայն պարտադիր չէ այդ պատկերացումները «ձեւակերպել» ասուլիսների եւ հարցազրույցների տեսքով: Դա, իհարկե, նկատվում է ոչ միայն ապրիլյան իրադարձություններից հետո` 25 տարի մոտավորապես նույն վիճակն է: Այս ամբողջ ընթացքում ես լրագրող եմ աշխատում, եւ մարդիկ, փողոցում զրույցի բռնվելով, ինձ (իբր որպես տեղեկատվություն ունեցող մարդու) դիմում են հարցով… «ճի՞շտ է, որ…», եւ հետո ներկայացնում են այնպիսի մի անհեթեթ բամբասանք, որ ես մի պահ կարկամում եմ եւ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Մասնավորապես, ինձ հարցնում էին եւ հիմա էլ հարցնում են` ճի՞շտ է, որ ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները հանձնում են Ղարաբաղը թուրքերին: Բայց եթե ասես, որ դա սուտ է, նրանք կսկսեն վիճել` «ո՞նց, դու, ուրեմն, բան չես հասկանում, էն օրը Հերմինե Նաղդալյանն է ասել»: Եվ ես «գիտակ մարդուց» դառնում եմ «տգետ», որին զրուցակիցներս պետք է հավելյալ տեղեկատվություն հաղորդեն:

Բայց 20 կամ 10 տարի առաջ չկար ֆեյսբուք, չկային այս քանակությամբ կայքեր, ինչպես նաեւ մամուլի ակումբներ, որոնք ամեն օր կարիք ունեն «սփիքերների», իսկ մեր ոչ մեծ հանրապետությունում դժվար է ամեն օր գտնել այս կամ այն ոլորտի ոչ միայն մասնագետների, այլեւ քիչ թե շատ տեղեկացված մարդկանց: Դրա համար էլ նույն մարդը կարող է խոսել թե Ղարաբաղյան հիմնահարցի, թե փոքր ՀԷԿ-երի, թե արագաչափերի եւ թե սեռաբջիջների մասին: Ոչ ոք, նույնիսկ Վերածննդի տիտանները, ի վիճակի չեն այդ բոլոր ոլորտներից միաժամանակ ունենալ հանրության ուշադրությանն արժանի մտքեր կամ դատողություններ: Այդ առիթով փոքրիկ խորհուրդ տամ երիտասարդ գործընկերներիս` եթե մարդը գալիս է ասուլիսի, ասենք, «Ոսկե ծիրան» փառատոնի թեմայով, նրան էլեկտրաէներգիայի սակագնի մասին մի՛ հարցրեք:

Ի դեպ, սեռաբջիջների վերաբերյալ Թեւան Պողոսյանի նախաձեռնության մասին: Այո, մենք հնարավորություն չունենք այդ թեմայի մեջ մասնագիտորեն խորանալու: Բայց ցանկալի է` բացենք համացանցը, փնտրենք այդ բառը, տեսնենք՝ քանի երկրում է այդ պրակտիկան կիրառվում, հետո միայն էմոցիոնալ մեկնաբանություններ անենք: Համացանցը հո միայն ֆեյսբուքում հիմարություններ կարդալու համար չի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ ճիշդ էք – Այս կէտը միշտ նկատած եւ բողոքած եմ թէ ինչու քննական մաղէ չեն անցուիր այս հարցերը -Թէեւ հակառակորդը չազդուիր այս խայտաճամուկ “գիտանականներէն ” սակայն երկրին մէջ կրնան տկարամիտներու մօտ տագնապի մշտական վիճակ ստեղծել`որուն կարիքը չունինք ներկայիս ;Այս քաղաքա-պատերազմա-թրքա-քրտա -գէտերը լաւ կ`ընեն եթէ աւելի անվնաս նիւթերով զբաղին` օրինակ ԵփրատԳԵՏ-ԱրաքսԳԵՏ-ԿուրԳԵՏ-եւ այլն ;

  2. մերկանտ says:

    Պ֊ոն Աբրահամյան, շնորհակալություն հոդվածի համար։ ))))) Այն՝ ինձ, ակամայից հիշեցրեց Հայաստանի անկախության առաջին՝ մութ ու ցուրտ տարիները, որի ընթացքում, համարյա բոլորը դարձել էին էլեկտրիկ կամ էլեկտրո֊էներգետիկայի «անգերազանցելի» վարպետ֊մասնագետներ, «ապացուցելով» իրենց իրավացիությունը տարբեր և ամենա անհավանական ձևերով։ )))))) Հուսով եմ, որ շատերը կկարդան և շատ կարևոր հետևություններ կանեն, չդառնալով, հետագայում, զավեշտալի պատմությունների թեմա։

  3. Աննա Նաղդալյան says:

    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Առավել ցավալի էր, երբ Երեւանում կայացած «Գլոբալ ֆորումի» մասնակից առաջատար ցեղասպանագետներից փորձում էին պարտադիր մեկնաբանություն ստանալ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ՝ առավել եւս երբ վերջինը հայտարարում էր, որ այդ հիմնահարցը չի ուսումնասիրել եւ չի կարող մեկնաբանությամբ հադես գալ: Լրագրողի լավագույն պատասխանն էր. «հա, բայց որպես մարդ ինչ եք կարծում այդ հակամարտության մասին»:

    • Հ.Շ. says:

      Ընդհանուր դիտողութեան հետ ես ալ համաձայն եմ,
      «փորձագէտ» տիտղոսը շատ հապճեպ կերպով շնորհվում է Հայաստանի մէջ:

      Սակայն Ձեր զատած մասնայատուկ օրինակը դժբախտաբար լաւը չէ, յարգելի Տիկին Նաղդալյան:

      Որովհետեւ Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի նիւթերու միջեւ ոչ միայն սերտ, էական եւ այժմէական կապեր կան, այլ պարզապէս՝ միեւնոյն նիւթն է, խորքին մէջ:

      Այդ պարագային, տեղին էր ուրեմն լրագրողի հարցումը, եւ իր դիմացինն է որ բաւարար ծանօթ եւ ատակ չէր այն նիւթին որու որպէս մասնագէտը կը ներկայանար: Ինք պէտք է որ կարենար բացատրել ու պարզաբանել թէ ինչպէս երկու նիւթերի իրարու կ’առնչուին: Իրեն, իրաւացիօրէն, այդ առիթն է տվել լրագրողը: Քանզի, ցաւոք, երեւի այդ տարրական իրականութեան բացատրութեան կարիքը կայ տակաւին, կարգ մը հայերի համար:

  4. Ruben says:

    Ռազմական գործը նույնպես գիտություն է, որը կոչվում է ռազմագիտություն: Դպրոցներում, կրթական հաստատություններում ուսուցանու՞մ են այդ առարկան:
    Բարձրագույն ռազմական հաստատությունների ղեկավարների գույքը համապատասխանու՞մ է իրենց աշխատավարձին, ի՞սկ զբաղեցրած պաշտոնը` գիտելիքներին:
    Բազմաթիվ ինքնուս «քաղաքագետները», «ռազմագետները» եւ «դիվանագետները» իրենց գիտելիքներով «չեն տարբերվում» դիպլոմավորներից: Դուք կարող եք գնել եւ դիպլոմ, եւ աթոռ… Հետեւանքները` մեկ քայլ առաջ – երկու քայլ ետ:
    Քվանտային ֆիզիկայի վերջին «սերենադը» Հայաստանում նվագեցին Արցախի դասալիք «հանճարները», գիտությունների ակադեմիայից սկսած: Դրա համար էլ ո՛չ Շաքարյան ունենք, ո՛չ էլ Բաքվում թեյ խմող Օնիգ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031