Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից մեկ ամիս անց

Մայիս 05,2016 10:18

Հարաբերական անդորր փոթորկից առա՞ջ

Մայիսի 2-ին` Ալիեւի սանձազերծած պատերազմից ուղիղ մեկ ամիս անց, ԼՂ ՊՆ-ն հայտնեց, որ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: «Ղարաբաղյան շփման գծում այժմ հակառակորդի կուտակած զորքերի թիվն ավելի մեծ է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ»,- օրերս լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԼՂ-ի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվում է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ականանետներից շարունակում է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հայ-ադրբեջանական սահմանին եւս անկանոն կրակահերթեր են հայ դիրքապահների ուղղությամբ:

Առաջիկայում նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը ոչ ոք չի բացառում: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` Ադրբեջանի զինված ուժերի հրթիռա-հրետանային զորքերը սկսել են ծրագրված զորավարժություններ: Ըստ երկրի ՊՆ-ի կայքի՝ զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանից գնված եւ ոչ վաղ անցյալում Ադրբեջանի զինված ուժերի կազմը համալրած «Մստա Ս» ինքնագնաց հաուբիցները:
Մինչ Ադրբեջանը ՌԴ-ից հերթական սպառազինության խմբաքանակն է ստանում, պաշտոնական Երեւանում դեռ շարունակում են հայտարարել, թե աշխատում են ռուսական զենքն արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ: ՌԴ-ից 200 մլն դոլարի վարկով ձեռք բերված սպառազինությունը Հայաստան հասցնելու հստակ ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հայտնեց. «Պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան»:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ: ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` Լավրովն ու Քերին քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը խոսել են ԼՂ հակամարտության կողմերի միջեւ հանգստության վերականգնման ջանքերը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ՝ պարզաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին: Ամերիկյան կողմի նախաձեռնության սա արդեն որերորդ քննարկումն է ռուսական կողմի հետ: Դեռ ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղարությունը խստորեն դատապարտեց ԼՂ-ում հակամարտության վերսկսումը եւ կոչ արեց կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից ու հետագա զարգացումից: Վաշինգտոնը` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների մակարդակով, համանախագահող միակ երկիրն էր, որը խոսեց ինքնորոշման իրավունքի մասին. «Մենք լիապես աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին, համանախագահների միջնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծում գտնելու համար: Այն հիմնված է լինելու միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության Հելսինկյան ակտի՝ ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»:

Պաշտոնական Երեւանը ներկայացրել է իր դիրքորոշումը. բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, առանց Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման: Ինչպես նաեւ՝ բանակցությունների վերսկսման համար ներկայացվել են հետեւյալ նախապայմանները` վստահության վերականգնում, հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի նկատմամբ։

Պաշտոնական Բաքուն այսօր սկսել է խոսել բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին՝ այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիներին արել է ամեն հնարավորը բանակցային գործընթացը փակուղի մտցնելու նպատակով: Խոսելով ռուսական կողմի բանավոր հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին՝ Բաքուն մոռանում է 1994 եւ 1995թթ. (1994թ. մայիսին ԼՂ-ի եւ ՀՀ-ի հետ կնքված զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման եւ 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը) զինադադարի եռակողմ համաձայնագրերն անվերապահորեն հարգելու իր պարտավորությունները, համանախագահների ու միջազգային հանրության հորդորները` շարունակելով խախտել հրադադարը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում, երբ ակնհայտ է, թե ինչ մեծ վնաս է հասցվել բանակցային գործընթացին, Բաքուն այսօր Երեւանին է մեղադրում բանակցություններից խուսափելու մեջ, մի բան, որն իսկապես աբսուրդային է: Բաքուն ոչ միայն տարիներ շարունակ արգելափակել է կառուցողական բանակցությունները, այլեւ հետեւողականորեն մերժում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարը` դրանք համարելով «տեխնիկական զավեշտալի առաջարկություններ»: Բացի այդ, Բաքուն խոչընդոտում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ նրա թիմի կարողությունների ընդլայնմանը:

Ինչպես վերջին երկու-երեք տարիներին, այնպես էլ հիմա Ադրբեջանի նկատմամբ հասցեական քննադատություններ չեն հնչում, եւ չնայած 1994 եւ 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ համանախագահող երկրների եւ միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր: Լռությունն ու անտարբերությունն ի վերջո հանգեցրեցին Ադրբեջանի` միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականությանը: Եվ այսօր, իսկապես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքնորոշման իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միակ բանալին է:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Շավարշ Քոչարյանը վերոնշյալ օրենքի նախագծի ճակատագրի վերաբերյալ հստակություն է մտցրել. «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ»: Այնուհետեւ նույն թեմային անդրադարձավ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը. «Թող ոչ ոք չկասկածի, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։

Բաքվում, մինչդեռ, նշյալ օրինագծի շրջանառության մեջ մտնելու տեղեկություններից հետո գրեթե խուճապային տրամադրություններ են տիրում: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը նշել է. «Հայաստանի կողմից նման ճանաչումը կնշանակի, որ պաշտոնական Երեւանը որոշել է վերջ դնել Մինսկի խմբի գործընթացին: Այդ դեպքում Մինսկի խումբը չի ունենա բանակցություններ վարելու մանդատ: Միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Հայաստանի այդ գործողություններին»: Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նկատել է. «Եթե հայկական կողմը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա այդ դեպքում կխախտվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Դա խաչ կքաշի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազում առաջարկների վրա: Կարծում եմ, որ համանախագահող երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ: Ադրբեջանը նաեւ այսօր պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով կարգավորել հակամարտությունը»:

Պաշտոնական Երեւանի կողմից ԼՂ ճանաչումը թեեւ Ադրբեջանին նոր պատերազմի սանձազերծումից զսպելու որոշակի քայլ է, այնուամենայնիվ, այս ուղղությունը՝ անկախ Բաքվին սանձելու հնարավոր արդյունքից, պետք է դարձնել օրակարգի հարց: Թե՛ ԼՂ-ին բանակցությունների սեղանին վերադարձնելը, թե՛ ԼՂ միջազգային ճանաչումը այն քայլերն են, որոնց դիմելուն նպաստել է բացառապես ալիեւյան ռեժիմը` չթողնելով որեւէ այլ ճանապարհ:

Բաքուն, մինչդեռ, ակնհայտորեն միջնորդներից այլ սպասելիք ունի։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում օրերս Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի կեսին՝ եվրոպական քաղաքներից մեկում: Մամեդյարովը կրկին խոսում է ՌԴ-ի դերի մասին. «Դա նման է սառցալեռան: Երեւում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաեւ մեզ: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում: Սակայն առաջին հերթին պետք է մեր տարածքներից դուրս բերվեն հայկական զորքերը: Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա: Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարեւոր հարց է: Անկարելի է այն ռազմական ճանապարհով լուծել: Մենք մշտապես ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցենք եւս 25 տարի»:

Մինչդեռ ՌԴ-ի դերի մասին Մամեդյարովի հայտարարություններն ադրբեջանցի փորձագետների զարմանքն են առաջացրել: Քաղաքագետ Առասթուն Օրուջլուն նշել է. «Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը եւ ոչ թե Լավրովը, եթե դա Մոսկվայի պլանն է… Անհասկանալի է նաեւ ԵԱՀԿ-ի դերը տվյալ հարցում: Ինչո՞ւ է փուլային պլանն առաջ քաշում Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիրը եւ ոչ թե երեք երկրներն էլ: Ի՞նչ են նշանակում ՌԴ-ի առաջարկում այսբերգի վերնամասի մասին Մամեդյարովի խոսքերը: Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է բարյացակամություն հայտնել բուն պլանին, սակայն հասկացնել է տվել, որ այնտեղ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին: Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այն է` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հրավիրելը: Սերգեյ Լավրովը Բաքվում գտնվելիս բաց կերպ էր ակնարկել այդ մասին: Եվ վերջապես՝ դա վերաբերում է խաղաղապահների հարցին: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց նրա խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»: Ըստ Օրուջլուի` Արեւմուտքը եւ առաջին հերթին ԱՄՆ-ը չեն համաձայնվի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Իսկ քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը նկատել էր, որ ռուսական առաջարկը սառցալեռան հետ համեմատելով` Մամեդյարովն ակնարկել է ՌԴ-ի առաջարկներում ոչ բոլոր պահերի բաց լինելու մասին. «Հնարավոր է` կան ՌԴ-ի առաջարկած ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատում, այդ իմաստով դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Միեւնույն ժամանակ, չկա առաջարկների մանրակրկիտ մշակում եւ, մասնավորապես, հստակ չեն հանրաքվեի անցկացման ձեւի ու ժամանակի մասին հարցերը, խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցերը»:

 
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամենավատ վարկածի պարագային իսկ պատրաստ լինելու
    եւ չափազանցեալ «ահազանգապաշտութեան» միջեւ,
    նուրբ գիծ մը կայ…

    Գալիք մարտահրաւէրների նկատմամբ ժողովուրդին միտքը պատրաստելը մի բանէ,
    զայն խուճապի եւ սարսափի մղելը, այլ բան:

    Ադրբեջանի կողմէ վերեւ թվարկված բոլոր շարժումներն ու կեցվածքներն ալ կարող է նաեւ մեկնաբանել որպէս թշնամիի կողմէ մտահոգութեան նշաններ, պաշտպանողական դիրքորոշումներ, որպէս հետեւանք` իր յարձակման ձախողութեան եւ այդ առիթով իր ստացած դասին, ապտակին:

    Կարող է սակայն որ այդ մօտեցումն ալ հակառակ ծայրահեղութիւնը լինի…

    Ամէն դէպքում, այո, պատերազմի նորագոյն վերաբռնկումից մի ամիս ետք, օգտակար կը լինի որ կացութեան վերաբերեալ վերլուծումները լինեն մի քիչ նվազ զգացական, եւ հետեւաբար նվազ զգայացունց:

    (այս մեկնաբանութիւնս հաւանաբար երկու օր ետք կը հրատարակվի,
    մէյ մը որ այս էջը այլեւս կարդացող չմնա… մերսի…)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031