Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանանցը» երրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Մայիս 05,2016 10:40

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում միմյանց դեմ ելել էին Երեւանը ներկայացնող երկու թիմեր՝ «Բանանցը» եւ «Միկան»: Ընդորում, «Բանանցը» վիճակահանությամբ հանդես էր գալիս տանտիրոջ կարգավիճակով:

Մինչ այս հանդիպումը, «Միկան» պատվավոր մրցանակի եզրափակիչներում հանդես էր եկել յոթ անգամ, որոնցից վեցում գավաթը պահել է իր գլխավերեւում:

Հետաքրքիր զուգադիպությամբ գավաթային եզրափակիչներում նույնքան անգամ հանդես էր եկել նաեւ «Բանանցը»: Սակայն հաջողությունը թիմին ուղեկցել էր ընդամենը երկու անգամ: Երեկ գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը  երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Միկայի» դարպասը եւ իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, ինչպես նաեւ Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճեց:

Հաշիվը հանդիպման 3-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարվածով բացեց Լաերսիոն, իսկ առաջին խաղակեսի ավարտից յոթ րոպե առաջ Ացամազ Բուրաեւը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Արսեն Բեգլարյանի դեմ ու վստահորեն կրկնապատկեց հաշիվը:

Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը շնորհավորել է մրցակից թիմին եւ նշել, որ հաղթանակի համար իր սաներին չբավարարեց փորձի պակասը: Իսկ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, որի համար Հայաստանի գավաթը առաջին մարզական նվաճումն է մեր երկրում, հայտարարել է, թե իր սաների խաղն իրեն դուր եկավ, որ «Բանանցը» ցանկանում է փոփոխություն մտցնել հայկական ֆուտբոլում: Խոսելով Եվրոպայի լիգայի մասին՝ մասնագետը նշել է, թե դեռեւս չի ցանկանում մտածել այդ մասին եւ որ չի ցանկանում նախօրոք որեւէ բան պլանավորել: Բայց նաեւ ասել է, որ պետք է փորձեն առաջին փուլում չպարտվել:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031