Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձման տոնին նշել են նաեւ «Ջան գյուլում»-ը

Մայիս 05,2016 15:05

«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի,
քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»

Այսօր՝ մայիսի 5-ին, նշվում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հարությունից 40 օր շարունակ երեւալով աշակերտներին, նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, 40-րդ օրը աշակերտներին օրհնելով՝ Քրիստոս համբարձվեց երկինք: Հիսուս դառնալով Իր աշակերտներին՝ ասել է. «Խաղաղություն ընդ ձեզ, իմ եղբայրներ», ապա խոսել նրանց հետ ու ասել. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: Ավետարանում նշվում է՝ Մատթ. 28 18-20, որ այս ասելով համբարձվեց երկինք, որի ժամանակ հրեշտակների գնդերը խոնարհվում էին Հիսուսի փառքի առջեւ:
Գործք առաքելոցի մեջ նշվում է, որ մինչեւ համբարձվելը՝ 40 օրերի ընթացքում Քրիստոսը իր աշակերտներին կենդանի ներկայացավ շատ ապացույցներով՝ խոսելով Աստծո արքայության մասին:

Hambarcman_ton_1
Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար: Նրա խոսքը, պատվիրանները ուղեցույց եւ փրկության դուռ եղան մեզ համար. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ ետեւից գա, խավարի մեջ չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12): «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14:6): «Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները» (Հովհ. 14:15): «Եթե Իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ որ խնդրեք Աստծուց, կտրվի» (Հովհ. 16:23): «Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:12-13):

Hambarcman_ton_3
Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Վիճակ», որը կապված էր Քրիստոսի համբարձումից հետո` առաքյալների ու աշակերտների ժողովում, Պետրոս առաքյալի առաջարկով մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ 12-րդ առաքյալի՝ Մատաթիայի ընտրության հետ: Այդ օրը անվանում են նաեւ «Ջան գյուլում»: Տոնից մեկ օր առաջ՝ չորեքշաբթի օրը, հարսներն ու աղջիկները յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար էին հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ էին քաղում եւ փնջեր կապում, որոնցից մեկը խաչաձեւ էր լինում եւ կոչվում էր Ծաղկամեր, որը տոնի ավարտին նվիրվում էր եկեղեցուն: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ էին լցնում, յուրաքանչյուրը մի իր էր գցում, եւ գեղեցիկ ծաղիկներով զարդարում էին այն: Ապա դնում էին բաց երկնքի տակ, որպեսզի համբարձման գիշերվա աստղազարդ երկնքի լույսն ընկներ ծաղիկների վրա եւ առավոտյան ցողով օծվեին վիճակի ծաղիկները:
Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում էին երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031