Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որ լինեի, այդ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի». Արամ Մանուկյան

Մայիս 05,2016 12:17

«Իրավիճակը լարված է, ամեն օր հնարավոր են բացասական զարգացումներ: Խաղի կանոնները, որոնք ոչ պատերազմական վիճակում գործում են, որոշ ձեւափոխումներ են ունենում, երբեմն պետք է աշխատեն դաշտային կանոններ»,- այսօր Ժողովրդավարության ազգային պլատֆորմի կազմակերպած «Պատերազմ եւ ընտրություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Ես ճիշտ չեմ համարում այն գեներալների ակտիվ գործընթացը, որոնք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհների մեջ են, բիզնեսներ են գողանում եւ իշխանությունները հանդուրժում են նրանց: Ես որ լինեի, այդ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի: Ես որ լինեի, Միհրան Պողոսյանին շնորհակալություն չէի հայտնի իր աշխատանքի համար»:

Նա ասաց, որ եթե պատերազմական վիճակ է, չի նշանակում, թե ընտրությունների հետ կապված իրենք չպետք է պայքարեն իրենց 5 կետերի համար. «Ինձ զանգում են մեր տղաները, որոնք դիրքերում են եւ խնդրում են լուծել իրենց վարկերի հարցը: Ես չեմ կարող լուծել այդ հարցը, իրենք ամեն ամսի 15-ին մուծումներ են անում, հիմա դիրքերում են եւ անորոշություն է: Իշխանությունները պետք է լուծեն այդ հարցը, պետք է ավելի կոշտ կանոններ աշխատեն: Պոռոտախոսությամբ, թուրքին հայհոյելով՝ սահման չեն պահում: Ուժեղ Հայաստան է պետք՝ կանխատեսելի տնտեսություն, արտաքին դիվանագիտական հարաբերություններում բարեկամների քանակի աճ, ներսում վստահելիություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կանխատեսելիություն: Սա՛ է ուժեղ Հայաստանը: Կունենանք ուժեղ Հայաստան՝ կունենանք ուժեղ Ղարաբաղ, թե չէ ԱԺ խոսափողները քրտնացնելով չի, սա՛ է հարցի լուծումը»:

Aram_Manukyan_4 Aram_Manukyan_1

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ասաց, որ եթե երկիրը պատերազմի մեջ է, ներքին կյանքը դադար է առնում: Նա հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանն իր 2015-ի հոդվածներից մեկում կոչ էր անում, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի Սահմանադրական բարեփոխումներից՝ ասելով, որ Ղարաբաղյան հարցում լինելու է ՌԴ ակտիվությունը, իրեն չլսեցին. «Հիմա պատերազմը բացեց մի քանի ճանապարհներ մեր առջեւ: Կարեւոր է, որ իշխանությունները գոնե ռեսթարթ արվեն»:

Արամ Մանուկյանն էլ ասաց, որ նոր Սահմանադրությամբ պատերազմական վիճակում գերագույն գլխավոր հրամանատարը մեկն է, ոչ պատերազմական վիճակում՝ ուրիշն է. «Ո՞ւմ էր պետք էս խառնաշփոթը, քթի ծակ պետք է ունենալ, հիմա պատերազմական վիճա՞կ է, թե՞ ոչ: 300 հատ տեսախցիկներ են Երեւանում բերել տեղադրել, ո՞ւմ է պետք, տարեք սահմանում այդ տեսախցիկները տեղադրեք: Կարմիր գծերը ո՞ւմ են պետք: Ո՞վ չգիտեր, որ Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել, որ դիվանագիտական բլոկում լուրջ աշխատանք է պետք: Ադրբեջանը կրակում է, բայց 45 ժուռնալիստով նկարում են BBC-ով, թե իրենց ոնց են խփում, բա սա դիվանագիտական աշխատանք է»:

Հարցին՝ ձեր՝ հանուն հայրենիքի համախմբումը Սերժ Սարգսյանի, իշխանությունների հետ ինչքա՞ն է տեւելու՝ Արամ Մանուկյանը պատասխանեց, եկեք աղոթենք, որ արագ լուծվի պատերազմական խնդիրը. «Իշխանությունները, որքան էլ թալանչի, գող լինեն, այս պահին ՀՀ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ հօգուտ Հայաստանի խնդիրը լուծելու համար: Այս պահին որեւէ իշխանափոխության, ներքին խժդժությունների խնդիր չպետք է բարձրացնել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031