Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. «Այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը». «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2016 12:22

Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ

Պարոն Մարտիրոսյան, այսօր նորից օրակարգային է դարձել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքը վերացնելու հարցը։ Դուք դրան ժամանակին դեմ էիք։ Հիմա՞ ինչ եք մտածում, վերջին պատերազմական իրավիճակը ստիպե՞լ է փոխել ձեր մոտեցումները։

– Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր այսօրվանից։ Այն ժամանակ սահմանին այսպիսի լարվածություն չունեինք, նույնիսկ կրակոցներ էլ չկային, հանգիստ, խաղաղ ժամանակ էր։ Սա՝ մեկ։

Երկրորդը՝ մեր բանակի համալրումը նորմալ մակարդակի վրա էր։ Այսինքն՝ բանակ զորակոչվող երիտասարդների թիվը բավարար էր, որպեսզի բանակի մարդկային հայտերը լրացվեն։

Մի բան գիտեմ, որ այսօր երկու ուղղություններով էլ մենք ունենք դժվարություններ։ Առաջինը՝ այն լարվածությունը, որը հիմա կա։ Սեր հակառակորդները շատ ուժեղ զինված են, դա գաղտնիք չէ, տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը, դրա համար նրանք կարողացել են ձեռք բերել ամենաժամանակակից զենքը, ամենաժամանակակից միջոցները՝ պատերազմ վարելու։

Նաեւ ամենից դժվարը մեզ համար այն է, որ մեր երիտասարդության թվաքանակն է էապես կրճատվել հայտնի պատճառներով։ Այսինքն՝ այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը։

Կարո՞ղ ենք ասել, որ շարունակում եք մտածել, թե տարկետման իրավունքը վերացնելով՝ գիտությունը կտուժի, բայց առաջնահերթ պետք է համարել բանակի խնդիրը։

– Ես մտածում եմ հետեւյալի մասին. մեր պաշտպանության խնդիրը համար առաջինն է, բայց մյուս կողմից կա նաեւ մի ուրիշ խնդիր. հայտնի բան է, որ երկրի տնտեսական զարգացումը, հասարակության զարգացումը առանց գիտության հնարավոր չէ, պետք է անպայման երկիրը հոգ տանի, որ ծավալվեն գիտական հետազոտություններ։ Միայն դրա շնորհիվ է, որ տնտեսություն է զարգանում, նոր գաղափարներ են ծնվում։ Ես կարծում եմ, մենք չպիտի մի բնագավառի խնդիր լուծենք ի հաշիվ մյուս բնագավառի։ Մտածում եմ, որ գտնենք մի այնպիսի տարբերակ, որ, ինչպես ասում են, չարիքի փոքրագույնը լինի։ Այսինքն մի կողմից կարողանանք մինիմալ չափով ապահովել բանակի պրոբլեմները, մյուս կողմից էլ կարողանանք գիտության խնդիրները մասնակիորեն լուծել։

Ավելի պարզ՝ կարելի է ընտրել որոշակի մասնագիտություններ՝ բնական, տեխնիկական, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, որոնք իրենց հերթին, անկախ իրավիճակից, կարեւոր են բանակի համար, որովհետեւ ժամանակակից զենքը պահանջում է մեծ ինտելեկտուալ զարգացում, սովորական, առանց կրթության զինվորը հազիվ թե կարողանա շահագործել այն բարդ սարքերը, որոնցով բանակը այսօր զինված է։ Մենք առաջարկում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով երիտասարդները հնարավորություն ունենան ե՛ւ ուսումը, ե՛ւ թեկնածուական աշխատանքը շարունակել, բայց միաժամանակ իրենց հմտությունները օգտագործեն բանակի ասպարեզում։ Թե դա ինչպես ձևակերպել, բարդ խնդիր է։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031