Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյան. Իմ փաստաթղթում Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անձնագրերի պատճենները չեն եղել

Մայիս 05,2016 14:43

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 5-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին իր հարցերն ուղղեց Փայլակ Հայրապետյանի պաշտպան Շալիկո Փիրուզյանը: Աշոտ Սուքիասյանը, պատասխանելով հարցերին, ասաց, որ Հայրապետյանն է իրեն խնդրել այդ հանքերը ձեռք բերել, ինքն առաջարկել է Աֆրիկայում գրասենյակներ բացել. «9 ամիս Հայրապետյանը ինձ խնդրել է, որ այդ հանքերը ստեղծեմ, որ միասին աշխատենք: Մի օրում չեն ստեղծվել»:

Հարցին, թե արդյոք Աշոտ Սուքիասյանը համաձա՞յն է փորձաքննության հետ, ամբաստանյալը պատասխանեց՝ ոչ եւ հավելեց, որ Շալիկո Փիրուզյանն ամբողջությամբ չի ներկայացնում. «Այդպես աղանդավորներն են անում՝ Աստվածաշնչում մի բան որսում են, մնացածի վրա սկսում են խաղալ: Բայց երբ որ սկզբից մինչեւ վերջ կարդում ես ….»:

Շալիկո Փիրուզյանը նկատեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ պարտավորվում է պատճառած վնասը փոխհատուցել: Նա այս դատական նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե արդյոք պնդո՞ւմ է իր այդ հայտարարությունը: Աշոտ Սուքիասյանը նախ հետաքրքրվեց, թե որ վնասի մասին է խոսքը, ստանալով պատասխանը, ասաց. «Իմ խղճի առաջ պարտավորվում եմ, կա՛մ Հայրապետյանին, կա՛մ նրա թոռներին, որ իմ խղճի առաջ մաքուր լինեմ, ոչ՝ Հայրապետյանի»:

Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ միջոցներից, Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Տարիների մեղադրանքներ են վրաս դրված, Դուք այդպիսի հարցեր եք տալիս, ես ո՞նց պատասխանեմ: Եթե դրսում լինեի ես այդ հարցի պատասխանը կտայի»:

Փայլակ Հայրապետյանի մյուս պաշտպան Ինգա Ավագյանը մեջբերում կատարեց Արփի Բալյանի ցուցմունքից, որտեղ վերջինս նշել է, որ իր փաստաթղթերի մեջ տեսել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրերի պատճենները: Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Արփի Բալյանը ստում է՝ նրանց անձնագրերի պատճենները չեն եղել:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031