Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Հրազդան-ցեմենտ»-ին տույժերից ազատելով դրական քայլ է կատարվում. կպահպանվի 500 աշխատատեղ

Մայիս 05,2016 15:35

Կառավարությունը հավանություն է տվել  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Գործադիրը հավանություն  է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի  էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Հարկ է նկատի ունենալ, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝  նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական և վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման և դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության  նորմերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչպես նաև կպարզեցվեն և կհստակեցվեն հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունով նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող  ապրանքների մասով: «Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը  կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ  որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները: Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չափով:

Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի  «Քրեական օրենսգրքի»  205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասել է Վ. Միրումյանը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը:

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Ըստ հիմնավորման` ներկայում բնապահպանական վճարների գծով արտոնություններ է սահմանված Երևան քաղաքի և հարակից 30 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալ` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի համար: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ իրականացվում է հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկվող տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական վարձակալի ընտրության գործընթացը, որի գործունեության մեկնարկը սահմանվել է 2017թ. հունվարի 1-ը:

Օրինագծով  նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաև ապագա միասնական վարձակալ ընկերության համար: Արդյունքում՝ ակնկալվում է ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում: Օրինագծի ընդունումը թույլ կտա նաև բնապահպանական վճարների մասով չբարձրացնել ծառայությունների սակագները:

Գործադիրը հավանություն է տվել «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից  հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:

Անդրադառնալով օրինագծին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանով դրական քայլ է կատարվում, որի արդյունքում կպահպանվի  500 աշխատատեղ և հնարավորություն կտրվի ընկերությանը մարել պարտքը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031