Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Շուտով Ադրբեջանը Ֆրանկլինի ու մյուսների նկարներով կանաչ թղթերով կգնա ՅՈՒՆԵՍԿՕ»

Մայիս 05,2016 15:41

Aravot.am-ը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Բաքվի այն քայլը, որ փաստաթղթեր է նախապատրաստում տոլմայի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը պնդում է, թե «տոլման պատկանում է ամբողջ թյուրքական աշխարհին»:

Ի պատասխան Սեդրակ Մամուլյանն ասաց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն  հասարակ թղթեր չի վերցնում, միայն կանաչ թղթեր է վերցնում, ու շուտով Ադրբեջանը Ֆրանկլինի ու մյուսների նկարներով կանաչ թղթերով կգնա ՅՈՒՆԵՍԿՕ»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անի այս պարագայում հայկական կողմը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահը պատասխանեց. «Ուղղակի պետք է մեր մշակույթին տեր կանգնենք, իսկ դրա համար պետք է փող ծախսենք, ուրիշ ճանապարհ չկա: Որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ տոլման հայկական է, նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշում կայացնողների մոտ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՅՈՒՆԵՍԿՕ է նրա համար, որ սրանից նրանից փող վերցնի, որ մի բան հայտարարի:

Իմիջիայլոց, անգամ իրենց կանոնադրությամբ իրենք բաղադրատոմս չեն ընդունում, որպես այդպիսին, որ այս բաղադրատոմսը թուրքական է, վրացական, թե ադրբեջանական: Իրենք վերցնում են պատրաստման եղանակը, եւ մի գուցե ինչ-որ ձեւեր գտնեն, փոխեն ադրբեջանական…

Մեր հասարակական կազմակերպությունը դրա դեմ պայքարի ձեւ  է ընդունել, եւ արդեն քանի տարի է Տոլմայի տոն է կազմակերպում: Պատահական չի, որ ադրբեջանցիները հենց այս օրերին են աղմուկ բարձրացրել, որովհետեւ մայիսի 21-ին Մուսա լեռան հուշահամալիրի տարածքում  արդեն 6-րդ անգամ կազմակերպելու ենք Տոլմայի տոնը: Առաջին անգամ 2011-ին ենք իրականացրել Տոլմայի տոնը, ինչը զուգադիպեց Ադրբեջանի՝  չակերտյալ Գիտությունների ակադեմիայի շենքի բացմանը, երբ Ալիեւը հայտարարեց իբր հայերի կողմից մշակութային էքսպանսիայի մասին, այդ թվում տոլմային անդրադարձավ:

Հենց այդ տարվա մեջ մենք իրականացրինք  Տոլմայի առաջին փառատոնը, որը երկու օր լուսաբանվեց CNN-ով, ու հիմա էլ  յութուբում այդ տեսագրությունը կա: Այդ ամենը ադրբեջանցիների մոտ բերեց ջղաձիգ շարժումներ: Բնական է, որ Ադրբեջանը պետք է մտահոգվի եւ յուրացման քայլեր անի, որ փաստի իր իբր տեղաբնիկ  ու իբր նստակյաց  կացութաձեւը:

Օրինակ բաստուրմայի մասին նրանք լռում են, քանի որ այն իրականում քոչվորին բնորոշ ուտելիք է, դրա նկատմամբ որեւէ  բան չեն անում եւ այն կերակուրներն են ուզում առաջ տանել, որոնք կապված են հողագործության, բնության, նստակյաց կյանքի հետ»:

Սեդրակ Մամուլյանը հավելեց, որ ի սկզբանե իրենց կազմակերպության դիրքորոշումը հետեւյալն է եղել. «Մեր մշակութային ժառանգությունը, որեւէ կազմակերպության շրջանակներում, լինի դա ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱԿ, թե տիեզերական ինչ-որ կառույց, քննարկելը մեզ համար սխալ է: Մեր մշակութային ժառանգությունը մերն է  եւ վերջ: Մանավանդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարագայում, որը մեր կազմակերպության նման կազմակերպություն է, պարզապես մի քիչ ավելի խորամանկ եւ կաշառակեր»:

dolmaՆա նաեւ ստուգաբանեց տոլմա բառը, ասելով, որ տոլին կոչվում է խաղողի տերեւ: «Օրինակ՝ Դալմայի այգիները Խաղողի այգիներ են եւ այնտեղ պատմաբանի, խոհարարի ինչ-որ դիտավորություն չկա, որ այդպես կոչվի: Դա այդպես է կոչվել ու հասել մեզ, այլ ապացույցներ էլ ունենք, բայց հարկ չեմ համարում թափառաշրջիկ, թափառիկ ցեղի համար մեջբերել: Թող իրենք ապացուցեն»,-վերջում հայտնեց Սեդրակ Մամուլյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031