Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է բանակցի Ստեփանակերտի հետ, եթե ուզում է որեւէ արդյունք տեսնել (Տեսանյութ)

Մայիս 05,2016 15:52

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով կառավարության այսօրվա որոշումը, որով հավանության արժանացավ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, ասաց, որ, եթե Ադրբեջանը շարունակի նոր ագրեսիա, Հայաստանը կգնա Լեռնային Ղարաբաղի ճանաչման:

Արձագանքելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որում ասվում էր, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման գաղափարների փաստաթղթային ձեւակերպումն իրատեսական է, Շավարշ Քոչարյանն ասաց` «Լավրովի հայտարարությունը շատ հստակ էր, որ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը»:

Պարոն Քոչարյանը պատասխանելով, թե 1994 թվականին կնքած Բիշքեկյան  պայմանագիրն այսօր որքանով է կենսունակ հարցին՝ ասաց, որ «Բիշքեկյան արձանագրությունները չափազանց կարեւոր էին, բայց իրականում դա հիմք էր, որից հետո արդեն կնքվեց բուն զինադադարի մասին պայմանագիրը»:

Նշենք, որ այսօր Բիշքեկի պայմանագրի կնքման օրն է, որով Ադրբեջանը բանակցել է Արցախի հետ:

«Մի բանի վրա ուշադրություն դարձնենք, Բիշքեկն անսպասելի չառաջացավ, որովհետեւ էդ ո՞նց եղավ, որ կողմերը եկան այդ համաձայնությանը, որովհետեւ մինչ այդ եղել է երկար գործընթաց: Դեռեւս 1993 թվականի սեպտեմբերից Բաքուն ուղղակի բանակցությունների դուրս եկավ Ստեփանակերտի հետ, եւ եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիեւն իր ստորագրությամբ լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ՝ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, նմանատիպ լիազորագիր ստացավ նաեւ այն ժամանակ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը:

«Եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցային գործընթացում որեւէ արդյունք տեսնել, նա ուղղակի պետք է բանակցի Ստեփանակերտի հետ: Այդ տեսակետից, դա կարող է լակմուսային թուղթ լինել. «1994 թվականի այդ համաձայնագիրն ու դրանից հետո կնքվածը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն  են: Դրա խախտումը նշանակում է խախտել միջազգային պարտավորությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031