Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը հարցնում է. «Ասում են՝ ինչ կապ ունի` դիակը մասնատվե՞լ է, թե ոչ»

Մայիս 05,2016 16:12

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 5-ին շարունակվեց «Մհեր Ենոքյանն ընդդեմ Նարեկ Մալյանի եւ Իզաբելլա Աբգարյանի» գործով քննությունը:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն իրեն զրպարտելու համար 2 միլիոն դրամ է պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանից: Ենոքյանը պնդում է, որ 11.11 2015-ին Նարեկ Մալյանն իրեն զրպարտել է facebook-յան գրառմամբ. «Վալերի Պերմյակով, Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան` տարբերություն չկա: Մենք ունիկալ ազգ ենք. մարդկանց թվում է, որ իրենք կարող են ներել ուրիշին ոչ իրենց հարազատներին մորթած, քառատած մարդասպան ոճրագործներին: Այսօր ավելի հուզիչ են ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը»:

Mher_Yenoqyan_7Ենոքյանը դատարանում մեջբերել էր նաեւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի` Նարեկ Մալյանի հրապարակման տակ թողած մեկնաբանությունը. «Կտրատված ու սպորտային պայուսակի մեջ լցրած տղայի մոր գիրքը թող կարդան»: Ըստ Ենոքյանի, բլոգերի այս մեկնաբանությունը հաստատում է ոստիկանապետի խորհրդականի հայտարարությունը: Նա պահանջում է, որ բլոգերը facebook-ով հերքում տարածի, իսկ Նարեկ Մալյանը փոխհատուցի երկու միլիոն դրամով եւ հերքում տարածի:

Այսօրվա դատական նիստին Նարեկ Մալյանը եւ Իզաբելլա Աբգարյանը չէին ներկայացել: Դատավորը հայտնեց, որ Մալյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին առաջարկել է նախնական նիստերն անցկացնել առանց Մալյանի եւ Աբգարյանի ներկայության:

Դատավորն այս առնչությամբ հարցրեց հայցվոր կողմի կարծիքը: «Ցանկալի կլիներ, որ նրանք ներկա գտնվեին, որովհետեւ ես պատրաստված փաստերով եմ եկել»,-ի պատասխան ասաց Մհեր Ենոքյանը: Դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել առանց պատասխանող կողմերի ներկայության:

Mher_Yenoqyan_1Մհեր Ենոքյանն անդրադարձավ երեք հարցերի, որոնք, իր բնորոշմամբ, շոշափել էին Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը, եւ որոնք, ինչպես ինքը պնդեց, ակնհայտ զրպարտություն են` ուղղված իր դեմ:

«Նարեկ Մալյանն անում է հրապարակում, նույնը բարձրաձայնում է Աբգարյանը, այսինքն, նա ոչ թե մեկնաբանել է Մալյանի գրառումը, այլ հաստատել է Մալյանի ասածը: Առաջին հարցը` Մալյանը հրապարակել է, թե իբր սպանվածը անչափահաս է եղել, որ դիակը մասնատվել, քառատվել, մորթվել է եւ լցվել պայուսակի մեջ: Դա եւս սուտ է: Երկրորդ հարցը` Մալյանն ասել է, իբր ես սպանվածի մորից փող եմ ուզել: Սա եւս զրպարտություն է: Ներկայացնեմ փաստեր` նա 19 տարեկան է եղել, եւ նրան ներկայացնելով որպես անչափահասի` ատելության քարոզով փորձում են ինձ հրեշի դիմակով ներկայացնել»,-ասաց Ենոքյանը, ապա դատավորին ներկայացրեց ժամանակին դիահերձում կատարած դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Իոսիֆ Աղաջանովը (սպանվածը) եղել է 19 տարեկան:

Ապա Մհեր Ենոքյանը դատավճռից ընթերցեց համապատասխան հատվածը. «Դիակի վրա հայտնաբերված վնասվածքներն ունեն կենդանության ծագում, հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Մհեր Ենոքյանը զարմանք արտահայտեց, որ Մալյանն ու Աբգարյանը շարունակում են իրեն զրպարտող գրառումներ կատարել սոցցանցում. «Ասում են՝ ինչ կապ ունի` դիակը մասնատվե՞լ է, թե ոչ: Շարունակում են իմ վրա, կներեք արտահայտության համար, կեղտ լցնել եւ ծանրացնել իմ մեղքը: Այստեղ իմ մեղքի հարցը չի քննարկվում, սա Վճռաբեկ դատարան չի»,-շարունակեց Ենոքյանը, ապա որպես ապացույց դատավորին ցույց տվեց դիակի լուսանկարը` կատարված դիահերձումից առաջ. «Սա էլ եզրակացությունն է, համաձայն որի` դիակը չի մասնատվել եւ կտոր կտոր չի արվել, դա սուտ է եւ զրպարտություն»:

Հայցվորը սուտ որակեց նաեւ տեղեկությունները, թե ինքն իբր սպանվածի ծնողից դիակի համար գումար է պահանջել, ապա անդրադարձավ երրորդ` պայուսակի հարցին. «Ես շեշտը չեմ դնում դրա վրա, որովհետեւ մասնատում չի եղել: Դատավճռով պայուսակ գոյություն չունի, այն չի կցվել գործին որպես ապացույց: Բացի այդ, դիակը չի կարելի «լցնել», ինչպես ասվել էր Մալյանի կողմից: Եթե դիակը մասնատված լիներ, ինձ մեկ այլ հոդվածով էլ կմեղադրեին` դիակն անարգանքի ենթարկելու համար, որը քրեական պատիժ է ենթադրում»:

Մհեր Ենոքյանը դատավորին մեկ առ մեկ ներկայացրեց քաղվածքներ մամուլից, սոցցանցային գրառումներ եւ կարծիքներ` այդ կերպ բացատրելով, թե բարոյական ինչպիսի վնաս են հասցրել իրեն Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը:

Դատարանը, լսելով նրան եւ ծանոթանալով ներկայացված նյութերին, որոշեց այս քաղաքացիական գործը նշանակել դատաքննության: Առաջիկա նիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 12:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031