Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ռազմաքաղաքական խաղերի միջև Հայաստանը մանրադրամի է վերածվում». Գագիկ Գինոսյան

Մայիս 05,2016 22:15

Գրող, երգահան Քրիստ Մանարյանը կարծում է, որ Ադրբեջանը երկարատև ու հյուծող պատերազմի է պատրաստվում. «Ճիշտ չէ, որ այս ամենին քառօրյա պատերազմ ենք անվանում: Սա անվերջ պայքար է և դեռ երկար է շարունակվելու, որովհետև հայն ու թուրքը տարբեր իդեալներ ունեն: Այնպես չէ, որ թուրքը հող չունի և ստիպված եկել է մեր դեմ կռվի: Նրանք ուղղակի «Մեծ Թուրան» են ուզում ստեղծել, իսկ մենք պետք է դրա դեմն առնենք: Այսուհետև անընդհատ պատերազմի մեջ ենք»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քրիստ Մանարյանը:

«Մեծ Թուրանի» գաղափարը, իրականում, շատ հստակ է, և հայ ժողովուրդը դարեր շարունակ խանգարել, սեպի նման խրված է եղել դրա ստեղծման ճանապարհին,- հավելեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը.- ուղղակի անհասկանալի է գերտերությունների պահվածքը, որոնք աջակցում են նման գոյացություններին:

Հիշենք Մոսկվայի, Կարսի 1921 թվականի պայմանագրերը, որոնցով Հայաստանն ուղղակի փոշիացվեց երկու տերությունների միջև: Այդ միտումը կարծես թե շարունակվում է. մեծ ռազմաքաղաքական խաղերի միջև Հայաստանը մանրադրամի է վերածվում»:

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ մանրադրամի չվերածվելու ընդամենը մեկ տարբերակ կա. «Օր առաջ հիմք դնել ռազմական արդյունաբերությանը, օր առաջ հիմք դնել գիտության զարգացմանն ու կերտել այնպիսի պետություն, որը կունենա՞ բարեկամներ՝ լավ, չի՞ ունենա՝ մենակ կգոյատևի: Սա դատավճիռ է: Դարերով ապացուցված բան է, որ չարժե որևէ մեկի վրա հույս դնել: Մանավանդ՝ մեծ տերությունների. սրանք փոքրերին բարեկամ լինել չեն կարող, որովհետև մեծերի շահերն էլ են մեծ»:

Գագիկ Գինոսյանը ևս գտնում է, որ պետք է երկարատև պայքարի պատրաստվել. «Պատերազմը երբեք էլ չի դադարել: Այն կշարունակվի, քանի դեռ կա Ադրբեջանը: Եվ քառօրյա սրացումը, ավելի մասշտաբային ընդհարումները պետք է սթափեցնող ազդակ լինեն՝ սրբագրելու նախ ինքներս մեզ, ապա՝ մեր մոտեցումը»:

Գ. Գինոսյանի կարծիքով, այսօր ոգեղեն և գաղափարական Սարդարապատի օրն է, երբ կրկին թուրքական կրակը կասեցվեց հայ մարդու ոգու շնորհիվ, բայց, ցավոք, հերթական անգամ պարտվեց մեր դիվանագիտությունը. «Այսօրվա պատերազմական գործողությունները 1994 թվականի մեր դիվանագիտության պարտության հետևանքն են: Չորս օր աշխարհը լռեց: Երբ կրակ էր տեղում Հայաստանի վրա, ոչ մի պետություն չփորձեց որևէ կերպ կանգնեցնել Ադրբեջանին, որը մարդու գլուխ ու ականջ էր կտրում: Իսկ երբ Հայաստանն իր զավակների անձնազոհության շնորհիվ կարողացավ կանգնեցնել այդ ամենը և գնալ հակահարձակման, բոլորը կարծես թե սթափվեցին:

1993-ին Մոնթեն մեկ օրում ութ գյուղ էր ազատագրում, և այդ ընթացքում հայկական կողմն արդեն զոհեր էլ չէր տալիս, որովհետև թուրքը խուճապահար փախչում էր: Բայց չգիտես ում ցանկությամբ, պատերազմը կասեցվեց: Այսօր էլ, երբ հայը հակահարձակման անցավ, դարձյալ կասեցվեց այն…

Մեզ ավելի զորեղ իշխանություն ու դիվանագիտություն է պետք՝ մեր ոգու, մեր տղաների անձնազոհության հաշվին կերտած հաղթանակներն ամրագրելու համար»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031