Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը դրական ազդակ է ուղարկել Սերժ Սարգսյանի երեք առաջարկներից երկուսին». Շարմազանով

Մայիս 05,2016 22:25

ԼՂ ճանաչման հարցի պատասխանը կախված է ՀՀ ու ԼՂ ղեկավարությունների քննարկումներից՝  հաշվի առնելով հետագա զարգացումներն, այդ թվում նաեւ արտաքին գործոնը: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԼՂ ճանաչման մասին ԱԳՆ-ի ներկայացրած նախագծին:

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայաստանը կճանաչի ԼՂ-ն, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ: Մենք չենք ուզում պատերազմ, մենք պատերազմ չենք սկսել, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, եթե Ադրբեջանի իշխանությունները փորձեն նոր պատերազմ հրահրել ԼՂ ազատատենչ ժողովրդի նկատմամբ, բնականաբար, ՀՀ-ն կիրականացնի այն քայլերը, որոնց մասին խոսեց ՀՀ նախագահը ամիսներ առաջ, ընդհուպ մինչեւ ԼՂ անկախության ճանաչումը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ըստ նրա, մենք մերժում ենք պատերազմական լուծումները, բայց այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է. «Այս երկու օրվա ընթացքում Ադրբեջանում էլ դեսպան, էլ ԱԳՆ-ում մարդ չմնաց, որ աննպատակ գնահատականներ չհնչեցնեն»:

Հարցին, թե դիվանագիտական հարթակում գործողություններ իրականացվո՞ւմ են բանակցությունները վերսկսելու ուղղությամբ, պարոն Շարմազանովն ասաց, որ հանդիպումներ են լինում, քննարկումներ, հեռախոսազանգեր. «Մեր կարծիքը չի փոխվել, որ բանակցությունները վերսկսեն, պետք է իրականացվեն

երեք քայլեր՝ ներդրվեն վստահության մեխանիզմներ, լինեն հասցեական գնահատականներ, միջազգային հանրության կողմից երաշխիքներ, որ Ադրբեջանը չի սկսի նոր ագրեսիա: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երեկ  արձագանքեց մեր նախագահի առաջարկին, որ ՌԴ-ն կողմ է հետաքննության ու վստահության մեխանիզմների ներդրմանը, նա նշեց, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Երեք առաջարկներից երկուսին Լավրովը դրական ազդակ է հղել, իսկ Լավրովը չի խոսում միայն որպես ՌԴ ԱԳ նախարար, այլեւ որպես  ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարար»:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է՝ ԼՂ –ն լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, ԼՂ ժողովուրդն ապրի ազատ ու անկախ. «Դա է մեր նպատակն, ու մենք դրան հասնելու ենք, որովհետեւ ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, ոչ մեկ այսօր Եվրոպայում չի կարող Ղարաբաղի ժողովրդին ապացուցել, որ Կոսովոյի բնակիչներն ավելի շատ ունեն ինքնորոշման իրավունք, քան ԼՂ բնակիչները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031