Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանին 120 տեղանոց ավտոբուսներ են պետք». Կարեն Չիլինգարյան

Մայիս 06,2016 12:56

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը մայիսի 6-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադարձավ քաղաքային տրանսպորտի խնդիրներին` կարծիք հայտնելով, որ երթեւեկության գերբեռնվածության խնդիրը հնարավոր է լուծել միայն մեծ ավտոբուսներ ներդնելու միջոցով. «Մեր ունեցած ավտոբուսները խնդրի լուծում չեն: Մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող Երեւանի համար 100-120 տեղանոց ավտոբուսներ են պետք: Երբ այս հարցը բարձրացնում ենք, տնտեսվարողներն ասում են, թե մեր երթեւեկության պայմաններում դա հնարավոր չէ, քանի որ խցանումներ կլինեն, բայց այլ քաղաքներ գնացեք եւ տեսեք, որ մեծ ավտոբուսներ ունենալու պարագայում խցանումներ չեն լինում անգամ նեղ փողոցներում: 4-5 փոքր ավտոբուսի փոխարեն կարելի է մեկն օգտագործել:

Բացի այդ, մեզանում երթուղիները նույն գծատերերին են պատկանում, որոնք իրար հետ չեն գործակցում, յուրաքանչյուրը որոշում է իր երթուղու աշխատանքի ժամանակահատվածը: Պետք է լինի մեկ միասնական օպերատոր, որը երթուղիների ժամացուցակ կկազմի, ոչ թե մեկ էլ տեսնում ես` կանգառում իրար հետեւից նույն համարի երթուղայինն է գալիս»:

Սպառողների իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ քաղաքակիրթ երկրներում ուղեվարձը վճարվում է պլաստիկ քարտերով. «Վարորդը դրամի հետ չպետք է գործ ունենա, նրա գործը մեքենա վարելն է, իսկ նա ձեռք է մեկնում` գումար վերցնում, միաժամանակ` ծխում, հեռախոսով խոսում: Դա անթույլատրելի է: Միայն հարեւան Վրաստանում այդ հարցը վաղուց լուծված է` պլաստիկ քարտերով են վճարում: Քաղաքային տրանսպորտը ուղեւորափոխադրում է, ոչ թե բիզնես: Տնտեսվարողն իր գրպանի մասին է մտածում, իսկ վերջում նոր սպասարկման որակի»:

Ըստ Չիլինգարյանի` Երեւանում ավտոկայանատեղիները երթեւեկելի մասի հաշվին են ստեղծվել, մինչդեռ միջազգային փորձն այդ խնդիրը վաղուց լուծել է լայն մայթեզրերի հաշվին. «Մեր մոտ մայթերը գրավել են շինությունները եւ կրպակները, հետիոտնի համար քայլելու տեղ չկա, ուր մնաց մեքենաների կայանման համար տեղ հատկացվի: Մեզանում փողոցի երթեւեկելի հատվածի մի շարքը հատկացվում է կարմիր գծերին, մյուս շարքը` երթեւեկությանը, դրա համար էլ խցանումներ են առաջանում: Կանգառներում ավտոբուսները չեն կարողանում կանգնել, 15-20 մետրանոց կանգառներ պետք է լինեն: Փոխարենը, կանգնում են տաքսիները: Չեմ տեսել, որ ոստիկանը տուգանի կանգառներում կանգնած տաքսիներին: Տրանսպորտն էլ ստիպված երկրորդ շարքում է կանգնում, ու խցանում է առաջանում: Մյուս կողմից, տաքսիների համար էլ կայանատեղիներ չկան, մի քանիսն են, բայց չեն բավարարում հազարավոր տաքսիների համար»:

Կարեն Չիլինգարյանը նշեց, որ «Գազել»-ների գերբեռնվածությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել. «Նախատեսված է 13 նստատեղ, բայց մի 8 հոգի էլ կռացած եւ խցկված է, եւ դա կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել. անգամ բռնվելու տեղ չկա, աթոռներից են բռնվում, որոնք արդեն ջարդվում են: Քաղաքային տրանսպորտը պետք է բաղկացած լինի տրոլեյբուսներից, մեծ ավտոբուսներից, ոչ թե «Գազել»-ներից: Ավտոբուսներն էլ նրա համար են, որ կանգնելու տեղ լինի»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ տրանսպորտի սակագնի թանկացման շուրջ քննարկումներից երկու տարի է անցել, բայց ուղեվարձի գինը մնացել է անփոփոխ. «Եթե վնասով էին աշխատում, բա այս երկու տարին ինչպե՞ս աշխատեցին: Բա ինչպե՞ս եղավ… Չգիտեմ` թանկացման պատճառաբանություններ ասող փորձագետների աշխատանքը ինչպես է կազմակերպվել: Վարորդը գումարը հավաքում է, չգիտես` ինչքա՞ն է վճարում գծատիրոջը եւ ինչքան` ոստիկանին: Եթե դա թափանցիկ կլինի, կորոշվի` որքան պետք է լինի ուղեվարձը»:

Չիլինգարյանը հավելեց, որ հարեւան Վրաստանում տարրական դասարանների դպրոցականները ուղեվարձ չեն վճարում, իսկ մեզանում մինչեւ 7 տարեկան երկու երեխայի համար մեկ տոմս է սահմանված:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031