Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անում են, որ Գեւորգ Կոստանյանի նամակը ջրի երես դուրս չգա». Դանիել Իոաննիսյան

Մայիս 06,2016 21:52

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ գլխավոր դատախազության գործով դատական նիստին այսօր հ/կ-ից ներկայացուցիչ չէր ներկայացել: Հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նիստի օրը շփոթել էին մեկ այլ օրվա հետ ու չներկայանալու պատճառը դա էր:

Վարչական դատարանում քննվող հ/կ-ի հայցով դատարանն այսօր լրացուցիչ դատաքննություն էր նշանակել, թեեւ այսօր պետք է վճիռը հրապարակվեր, բայց անսպասելիորեն դատարանը հարկ էր համարել դատաքննության լրացուցիչ օր նշանակել:

Հիշեցնենք, որ հ/կ-ն  հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը: Հիշեցնենք, որ նամակը վերաբերում էր Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործին, Գեւորգ Կոստանյանը ռուս գործընկերոջը դիմել էր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, իրենք Կոստանյանի նամակը տրամադրելու խնդրանքով դիմել են անմիջապես Դատախազությանը, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել:

Դանիել Իոաննիսյանի համոզմամբ. «Դատարանը ներկայացված փաստերով չէր կարող որոշում կայացնել, հիմա ուզում են նոր փաստեր քննել ու վերհանել, որ մերժեն իմ հայցը: Վերսկսել են դատաքննությունը, ամեն ինչ անում են, որ այդ նամակը ջրի երես դուրս չգա, որովհետեւ երկու տարբերակ կա՝ կամ այդ նամակը ուղղակի գոյություն չունի, ու դատախազը բոլորին ստել է, թե նամակ է ուղարկել, կամ էլ այդ նամակում այնպիսի սարսափելի բաներ են գրված, որ կխայտառակեն եւ դատախազին եւ դատախազությանը»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով, դատախազությունը նամակի պատճենը չտրամադրելու որոշումը դատարանում հիմնավորել էր դրա՝ նախաքննական գաղտնիք լինելու հանգամանքով, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, նախաքննությունն այդ գործի վաղուց ավարտվել է ու Գյումրիում շուտով կավարտվի Պերմյակովի գործով դատաքննությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031