Լրահոս
Օրվա լրահոսը

«Nemra-ն իմ ամենասիրելի հայկական խմբերից է». Անդրե Սիմոնյան

Մայիս 07,2016 21:34

«Nemra-ն մոլորակ է, որտեղ մարդիկ ապրում են, պայքարում, սիրում միմյանց, արտահայտում իրենց զգացողությունները երաժշտության միջոցով»,- հուշում է Nemra ռոք խմբի Mubla ձայնասկավառակի շապիկը։

Ռոք խմբի կազմում են երիտասարդ երաժիշտներ Վան Եղիազարյանը (վոկալ, սոլո կիթառ, երգերի խոսքերի հեղինակ), Վասպուր Եղիազարյանը (բաս կիթառ) և Մարիաննա Կարակեյանը (ստեղնաշարային գործիքներ, վոկալ):nemra

Mubla-ն (հակառակ ընթերցանությամբ՝ Album) խմբի առաջնեկն է։ Տեխնիկական խնդիրների պատճառով ձայնագրման ընթացքը երկար է ձգվել՝ շուրջ 3 տարի։ Ձայնասկավառակում ընդգրկված է 11 երգ։

Չորսամյա խումբը ձայնասկավառակը լույս է ընծայել համերգներից գոյացած գումարով։ Mubla-ի շնորհանդեսը կայացավ այսօր «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում։

«Զգացողություն է, որ ինչ-որ մակարդակով, մի քանի աստիճանով առաջ ենք գնացել։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո, բայց սպասելիքներս մեծ են։ Հուսով եմ, որ էլի երգեր, ձայնասկավառակներ կլինեն, ինչպես նաև ավելի հաճախ հնարավորություն կունենանք Հայաստանը ներկայացնել այլ երկրներում։

Անցած ամռանը ելույթ ենք ունեցել Ուլան-Ուդե քաղաքում։ Միջազգային փառատոն էր։ Շատ լավ ընդունելության արժանացանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Nemra խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը։
Նրա փոխանցմամբ՝ ևս մեկ ալբոմի չափով երգեր ունեն, որոնք դեռ չեն ձայնագրել։
Շնորհանդեսն սկսվեց Nemra-ի համերգով, որից հետո երկրպագուները հնարավորություն ունեցան ձեռք բերել ձայնասկավառակը՝ խմբի անդամների մակագրությամբ։

Համերգ-շնորհանդեսին ներկա էր նաև ռոք երաժիշտ, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը։

«Nemra-ն իմ ամենասիրելի հայկական խմբերից է։ Խումբն ինձ համար ունի կարևոր երկու բան՝ լավ, հիշվող մեղեդի և մտածված, հետաքրքիր, բայց հասանելի, պարզ բառեր։ Չեն ուզում զարմացնել տեխնիկայով, ցուցադրական բաներով, այլ մաքուր, պարզ երաժշտությամբ։

Հույս ունեմ, որ ինչպես Շվեդիան, Գերմանիան են անգլիալեզու խմբեր տվել աշխարհին, այնպես էլ օրերից մի օր Հայաստանը կունենա ռոք խմբեր, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային լեզվով»,- Aravot.am-ին ասաց ռոք երաժիշտը։
Շուտով Անդրե Սիմոնյանն ու Վան Եղիազարյանը (Nemra) զուգերգով կներկայացնեն Nemra-ի Leave me alone երգը։ Տեսահոլովակի նկարահանմանը մնացել են հաշված օրեր։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031