Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Սեդրակյանին չէին կարող նեղը դնել». Լրագրող Փայլակ Ֆահրադյան

Մայիս 07,2016 21:56

Լրագրողը գտնում է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է լուծարել: Խոսրով Հարությունյանի հանձնաժողովը չի կատարում իր վրա դրված գործառույթները:

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» էր անվանել, այնուհետեւ հայհոյել լրագրողներից մեկին Փայլակ Ֆահրադյանին՝ հրավիրելով նրան իր աշխատասենյակ:

Մհեր Սեդրակյանի վարքը քննելու համար՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով էին դիմել լրագրողական կազմակերպությունները: Հանձնաժողովն էլ որոշում է կայացրել, թե Մհեր Սեդրակյանը լրագրողին չի հայհոյել: Ընդ որում, ուշագրավ է, որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշումն ընդունվել է միաձայն: Հանձնաժողովը միայն որոշել է, որ Մհեր Սեդրակյանը խախտել է ԱԺ Կանոնակարգը այլ մասով՝ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր իր հետ շփվում են:

Խոսրով Հարությունյանն ասել էր, թե հայհոյանքի փաստը մենք չենք համարում հաստատված. «Տվյալ դեպքում Փայլակ Ֆահրադյանը իր դիմելաձեւով նույնպես չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկտությունը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Փայլակ Ֆահրադյանն ասաց, որ ի սկզբանե էլ իր համար հայտի էր, որ հանձնաժողովը չէր կայացնելու այնպիսի որոշում, որով «տեղը կդներ ՀՀԿ-ական պատգամավորին»: Նրա խոսքերով՝ «Այդ հանձնաժողովը ղեկավարում է մի անձնավորություն, որը Մհեր Սեդրակյանի խմբակցությունից է: Հետեւաբար չէր կարող կայացնել մի որոշում, որը նեղը կդներ Մհեր Սեդրակյանին»:

Փայլակ Ֆահրադյանը հիշեցրեց, որ դեռ դիմումն ուսումնասիրելիս էլ հանձնաժողովի երեք անդամներ դիտեցին տեսանյութը եւ ասացին, որ հայհոյանքը չեն լսում, միայն Թեւան Պողոսյանը, որը նաեւ հիմնական զեկուցողն էր, ասաց, որ լսում է եւ խախտում տեսնում է. «Երբ դիտում էին տեսանյութը, իգական սեռի ներկայացուցիչներին դուրս են հանել հանձնաժողովից, նաեւ Թեւան Պողոսյանը չլսողների համար արտաբերել է այն բառերը, որոնք ասվում է տեսանյութում: Իսկ որոշումն ինձ համար սպասելի էր, իրենք չէին կարող այլ որոշում կայացնել: Այդ մարմինը կախյալ է, ես որեւէ վստահություն չունեմ այն հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են ՀՀԿ ներկայացուցիչները»:

Մեր հարցին՝ հանձնաժողովը այնուամենայնիվ որոշել է, որ Մհեր Սեդրակյանը հարգալից վերաբերմունք չի դրսեւորել, սա այսպես ասած սփոփո՞ւմ է՝ լրագրողը պատասխանեց. «Դա չի կարող սփոփիչ լինել, որովհետեւ առաջին անգամ չէ, որ Մհեր Սեդրակյանն ու ՀՀԿ-ական իր գործընկերները խախտում են այդ նույն կետը, եւ ամեն անգամ մենք բախվում ենք նույն խնդրին՝ մեկ ամիս պիտի սպասենք, որ տեսնենք՝ Խոսրով Հարությունյանի նմանները հայտարարեն, որ գիտեք ինչ կա, նա չի պահպանել ԱԺ կանոնակարգ օրենքի այս մի ենթակետը: Այդ հանձնաժողովը, կարծում եմ, պետք է լուծարել, որովհետեւ չի կատարում իր գործառույթները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031