Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մեր տան շեմին

Մայիս 08,2016 22:08

Գարունն այստեղ վաղուց իր իրավունքի մեջ է, տեր է բնությանը: Տիրոջ իր իրավունքով է այստեղ նաև հայ զինվորը, ով մեր տան շեմին է կանգնել վահանի պես ու իր կամքն է թելադրում թշնամուն: Հայոց երկրի հարավային սահմանում ենք՝ մարտական հենակետերում: Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ է վաշտի հրամանատար, կապիտան Խաչիկ Ադամյանը, ով արդեն տարածքի տարիների պաշտպանն է: Խաչիկի հոր՝ Ալաշկերտի դպրոցի զինղեկ Ռոբերտ Ադամյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և Կովսականի քաղաքային համայնքի աշխատակազմի հաշվապահ Մեխակ Հայրապետյանի հետ (շրջանի կամավորականների հետ վերջերս նրանք նույնպես առաջնագծում էին), այստեղ ենք:

Մինչև հենակետ հասնելը՝ առաջնագծի ուղեկալում, որտեղ սպասում էինք թույլատվության, հանդիպեցի ՀՀ ԵԿՄ Ապարանի տարածքային բաժանմունքի նախագահ Մակիչ Վարդանյանին և նրա զինակից Գրիգոր Հակոբյանին: Տղաները նույնպես հենակետ պետք է հասնեին: Զրուցում ենք. մոտ մեկ ամիս է, ինչ ապարանցիների խմբով տարածքում են: Ծանոթանում եմ ուղեկալի հերթափոխի տղաների հետ: Տանկիստներ են. Հարություն Բեկթաշյանն Ալավերդիից է, 15 ամիս է, ինչ պաշտպանում է հայոց սահմանը: Ընկերը՝ կրտսեր սերժանտ, ավագ նշանառու Հրանտ Դավթյանը, Դիլիջանի մոտակա Հաղարծին գյուղից է. 2 ամսից զորացրվելու է:

DSCN3255 DSCN3230

Ավագ մեխանիկ-վարորդ, եֆրեյտոր Արամ Բադալյանը Արարատից է. 10 ամսվա ծառայող է: Այս օրերին տղաները երկաթյա նժույգն են վարում և կատարել են իրենց առաքելությունը: Համեստորեն են խոսում մարտական գործողությունների մասին: Եղավ թույլատվություն, և ապարանցիների մեքենայի ուղեկցությամբ շարժվեցինք դեպի մարտական հենակետ: Վերջապես հասնում ենք տեղ: Ջրի բաքերի մոտ մի խումբ զինվորներ դիմավորում են մեզ: Արեգ Սարգսյանը ՀՀ Մարտունի քաղաքից է. դեռ մեկ տարուց ավելի պետք է ծառայի Հայոց բանակում: Գիտի իր անելիքը և կատարում է անտրտունջ: Մարտական ընկերը՝ Սուրիկ Բարսեղյանը, Արթիկի տարածքի Հայկասար գյուղից է: Նույն զորոկոչից են, ընկերացել ու հարազատացել են: Այստեղից խրամուղին ձգվում է դեպի առաջնագիծ՝ մարտական հենակետ: Վաշտի հետախուզության պետ, ավագ-լեյտենանտ Արման Սարգսյանի ուղեկցությամբ հասնում ենք, ինչպես ասաց վաշտի հրամանատարը, ծառայողական ընտանիք, որտեղ ժամկետային զինծառայողներն ու կամավորականները միասին մեր երկրի անդորրն են ապահովում: Ծանոթանում ենք տարածքին. որոշ հատվածներում շատ մոտ է թշնամին, որն էլ ավելի զգոն ու աչալուրջ է դարձնում տղաներին:

Բարձրացող կանաչ խոտն ավելի է դժվարացնում տղաների գործը: Կամավորականները Հադրութի շրջանից են: Մարտական գործողություններն սկսվելու առաջին օրերից թիկունք են դիրքապահ զինվորներին: Աշոտ Գրիգորյանն ու Սարգիս Խաչատրյանն Ակնաղբյուր գյուղից են: Կարմրակուճ գյուղի բնակիչ ավագ-սերժանտ, դասակի հրամանատար Տիգրան Դավթյանը, ավարտելով մարշալ Բաղրամյանի անվ. ուսումնական կենտրոնը, 14 տարի է, ինչ ծառայում է բանակում: Ունի 2 որդի և հավատացած է՝ զավակներն իր գործն են շարունակելու:DSCN3246 DSCN3186

Աշոտ Բադասյանը Մեծ Թաղեր գյուղից է, անցած դեկտեմբերին է զորացրվել, սակայն ապրիլյան դեպքերն ստիպեցին՝ հայրենիքի զինվորը նորից զենք վերցնի և բարձրանա մարտական հենակետ: Նորայր և Նվեր Դանիելյան երկվորյակ եղբայրները 10 ամսվա ծառայողներ են, ունեն կրտսեր-սերժանտի կոչում: Շատ են իրար նման, և հաճախ հրամանատարները շփոթում են տղաներին: Ավագ-լեյտենանտ Արման Սարգսյանը պատմեց՝ մի անգամ հանձնարարություն է տվել Նվերին, և քիչ անց տեսել է՝ հենակետում է: Զայրացել է, որ հրամանը չի կատարվել, և պարզվել է՝ դիմացը Նորայրն է կանգնած՝ ժպտերես, ասելով՝ պարոն ավագ-լեյտենանտ, ես Նվերի եղբայրն եմ: Հրազդան քաղաքից է Արման Սարգսյանը, որն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմ ինստիտուտը, ավարտելուց հետո ծառայել բանակում, սակայն առողջական խնդիրներ է ունեցել և զորացրվել: Լինելով հոգով զինվոր՝ 2 ամիս է, ինչ նորից է անցել ծառայության և հետախույզի իր մասնագիտությամբ օժանդակում է վաշտի տղաներին:

Մեր՝ հենակետում եղած ընթացքում թշնամին մի քանի անգամ կրակոցներ արձակեց: Զինվոր Վրեժ Դավթյանը, ում մնացել է ընդամենը 2 ամիս, որ վերադառնա հայրենի Խոր Վիրապ, ասաց՝ սովորական երևույթ է, լինում է, որ ամբողջ օրն են այսպես անկանոն կրակում:

Վերջապես վաշտի հրամանատարն ունեցավ ժամանակ, և զրուցում ենք: Ավարտելով Միջնավանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը՝ ընդունվել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվ. ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո ծառայության է անցել Հայոց բանակում՝ սկզբում որպես դասակի հրամանատար, իսկ 1 տարուց ավելի է, ինչ վաշտի հրամանատար է: Ողջ ընթացքում Խաչիկն ու իր վաշտը հայրենի սահմանը պաշտպանել են ու թույլ չեն տվել, որ թշնամին ոտնձգություն կատարի: Որպես օրինակելի զինվորական՝ արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, «ԶՈՒ-20 ամյակ» հուշամեդալի, այլ պարգևների: Այժմ ուսանում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավագիտության բաժնի 5-րդ կուրսում: Գերազանցիկ ուսանողին անհանգստացնում է այն, որ առայժմ չի կարող մասնակցել ուսումնական գործընթացին և չհասցնի ստանալ դիպլոմը: Այս տարվա ապրիլի սկզբին թշնամու կողմից ձեռնարկած աննախադեպ հարձակումը նույնպես տղաները դիմավորեցին արիությամբ: Համեստորեն է պատմում կատարած քաջագործությունների մասին:DSCN3243 DSCN3266

-Մեր վրա դրված պարտականությունն ենք կատարել, ասաց Խաչիկը: Իսկ ո՞րն է եղել այդ. հարցին պատասխանեց.

-Հենց սկզբից հայտնաբերել ենք թշնամու կրակային հենակետերը, որտեղից անցել էին հարձակման: Ճնշել ենք թշնամու առաջխաղացումը, ոչնչացրել շատերին: Փոխհամագործակցելով հրետանու հետ՝ տվել ենք թուրքերի տեղակայման տվյալները, որն էլ եղավ թշնամու գերեզմանը,-նշեց վաշտի հրամանատարը և շարունակեց, -մեծ գործ արեցին մեր զինվորները, ովքեր առանց վախի, հոգեպես ամուր ու հաստատակամ իրենց տեղում մնացին՝ ամուր պահելով մեր սահմանը:

Այժմ էլ հենակետի տղաները մշտապես հետևում են թշնամու գործողություններին և հանգիստ վերահսկում իրենց վստահված տարածքում: Վաշտի հրամանատարը գոհ է կամավորականներից, ովքեր մեկ ամսից ավելի է՝ թիկունք են իրենց, և միասին ավելի հեշտ է ու ապահով: Անդրադառնալով պատերազմական գործողություններին՝ Խ. Ադամյանը նշեց, որ իր և շատ-շատ զինվորականների ցանկությունն է, որ պատերազմներ չլինեն, ոչ մի հրամանատար չի ցանկանում, որ իր զինվորն ու զինակիցը զոհվեն, վիրավորվեն: Սակայն, եթե կա երկրի պաշտպանության, անվտանգության, հայ մայրերի ու երեխաների անդորրը պահպանելու խնդիրը, հենց հայ զինվորն է պարտավոր իրագործել դա, թեկուզ կյանքի գնով, օրեր, ամիսներ ու տարիներ խրամատներում հսկելով:

Օրը, որ ամպամած ու մառախլապատ էր, երեկոյանում էր, դառնում վտանգավոր: Ինչպես ժողովուրդն է ասում. «Գայլն ամպ օրին է որսի դուրս գալիս»: Պետք է ավելի զգոն ու պատրաստ լինել: Նենգ է մեր թշնամին, միշտ գործում է գողի պես: Վաշտի հրամանատարը տալիս է հանձնարարականներ, և յուրաքանչյուր զինվոր գիտի իր անելիքը, ով որ դիտակետում է հսկելու: Տղաներին հրաժեշտ տալուց առաջ ընթրեցինք միասին: Խաչիկի ուղեկցությամբ խրամուղիով հետ ենք վերադառնում: Վաշտի հրամանատարը ցույց է տալիս մի քարե կացարան, ու խրամուղի, որտեղ սկզբում եղել է տվյալ հենակետը: Սկայն դիրքը ոչ հարմար լինելու պատճառով զոհ ենք ունեցել, և ստիպված թշնամուն հետ են քշել տղաները և ամրացել ավելի առաջ ու հարմար դիրքում: Մթին դուրս եկանք առաջնագծից, Խաչիկն ու մի զինվոր մեզ ուղեկցեցին որոշ հատված, որ չշփոթենք ճանապարհը:

Վերադառնում ենք ազատագրված մեր հայրենիքի մի հատվածով, որտեղից է սկսվում հայ ժողովրդի անվտանգությունը: Բարձր է Ռոբերտի տրամադրությունը. աչքով տեսավ որդու վաշտին վստահված հայրենի սահմանի անվտանգությունը: Ամբողջ ճանապարհին մտքով զինվորների հետ էի, զինվորներ, ովքեր իրենց անձնազոհությամբ մեր անվտանգությունն են ապահովում, զինվորներ, ովքեր ապրիլի սկզբին զրոյի հասցրեցին թուրքի ու մեր ժողովրդին թշնամի այլ քաղաքական հզոր ուժերի ծրագիրը, զինվորներ, ովքեր գիտեն՝ միայն իրենք են հայության ու հայոց հողի ապավեն-պաշտպանը:

zinvor

Զորիկ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031