Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը

Մայիս 08,2016 22:39
mayr ator

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս տարի այն համընկավ Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հետ:

Երկակի արժևորվող օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը:

Պատարագի ընթացքում Հայր Պարթևը, քարոզելով օրվա խորհրդի շուրջ, ներկայացրեց հրաշազարդ Երկրորդ Ծաղկազարդի խորհուրդը` ընդգծելով, որ այն, հաստատված լինելով հայ ժողովրդի հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռամբ, հատուկ է միայն Հայ Եկեղեցուն և հստակորեն բովանդակում է Միածնի փառավոր մուտքը Երկնային Երուսաղեմ:

«Այսօր տեսնում ենք, որ հրեշտակների բոլոր դասերը ցնծության բերկրանքի մեջ են, ինչպես մարդիկ այն ժամանակ, երբ Երուսաղեմում դիմավորում էին Քրիստոսի հաղթական մուտքը: Եթե այն ժամանակ մարդիկ էին դիմավորում Աստվածորդուն, ապա հիմա արդեն հրեշտակներն են փոխարինել նրանց` Հիսուսին փառաբանելով իբրև Աստծու Որդի»,- մասնավորաբար ասաց նա:

Իր խոսքում անդրադառնալով Երկրապահի օրվան` Հայր Սուրբը կարևոր նկատեց, որ արդեն մի քանի տարիներ է, ինչ երկրապահներն իրենց համար նվիրական այս օրն սկսում են` մասնակցություն բերելով Պատարագի սրբազան արարողությանը և վերանորոգում իրենց ուխտն Աստծու, Եկեղեցու և Հայրենիքի առջև: Հոգեշնորհ Հայր Սուրբը հավելեց, որ հաղթության մայիսյան օրերը սոսկ թվականներ չեն, այլ շեն ու բարօր Հայրենիքի խորհրդանիշներն են հանդիսանում, իսկ հայ ժողովրդի` հավատքի ու ազատության համար մղված պայքարը մշտապես արդար ու աստվածահաճո է եղել:

Խոսելով հայկական սահմանի խաթարված խաղաղության և թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին` պատարագիչ հոգևորականն ասաց, որ այսօր նույնպես հայ զինվորները սխրագործություններ են գործում` իրենց կյանքն ընծայաբերելով հայրենիքի համար, որովհետև Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի հաղթական ոգին է ապրում նրանց մեջ, ու նրանք դաստիարակված են հայոց քաջազուն նախնիների սուրբ գաղափարներով:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Հանրապետական մաղթանք` Հայոց աշխարհի սասանված խաղաղության վերականգնման համար:

Մինչ մաղթանքն սկսելն իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշեց, որ հայոց համար մայիսը հաղթանակների հիշատակման ամիս է. Ավարայրի ճակատամարտը, Սարդարապատի հաղթանակը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի, Արցախի ազատագրումը: Խոսելով ապրիլ ամսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի սահմաններին ծավալված սադրիչ գործողությունների և հայոց բանակի մարտիկների հերոսական դիմակայության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծեց. «Թշնամին կարծում էր, որ իր անակնկալ հարձակումով պիտի կարողանա իրականացնել իր նենգ ծրագիրը` հասնել նույնիսկ մինչև Ստեփանակերտ, բայց բախվեց հայ զինվորի աննկուն ու քաջարի ոգուն: Եվ այս միջադեպը` ճառագայթած հայրենասիրության այս ոգին, տարածվեց ողջ հայ կյանքի մեջ, համախմբեց ու մեկ բռունցք դարձրեց մեր ժողովրդին: Յուրաքանչյուր հայորդի իր հնարավորությունների ու կարողությունների սահմանում ելավ իր հոգու պարտքը տալու հայրենիքի նկատմամբ, ելավ պաշտապան կանգնելու մեր երկրին, մեր սահմանների վրա ապահովելու մեր ժողովրդի խաղաղությունը:

…Մենք գիտենք մեր ոգու պարտքը տալ հայրենիքի նկատմամբ, անսասան կանգնել մեր հավատքի, մեր հայրենասիրության ու աստվածսիրության մեջ` պաշտպանելու մեր երկիրը, մեր ազատ, խաղաղ, ստեղծագործ կյանքը»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գնահատանքով նշելով, որ այսօր բանակի զինվորների կողքին պարտքի բարձր գիտակցությամբ, հայրենիքի պաշտպանության սուրբ ու նվիրական գործին լծված հայ կամավորականներ են կանգնած, հրավիրեց Երկրապահի օրվա առիթով տաճարում համախմբված կամավորականներին և ժողովրդին համատեղ աղոթք բարձրացնելու երկինք, որպեսզի Աստծո Ս. Աջը հովանի լինի հայոց բանակի զինվորներին ու զորավարներին, որպեսզի թշնամու ամեն մի նենգ ծրագիր փշրվի մեր քաջարի բանակի արի ոգու և հզոր կամքի ու բազկի դեմ:

Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի Հայոց աշխարհին, և հայ ժողովրդի զավակները միակամ ու միասիրտ, առ հայրենին ունեցած սիրո ու պարտքի զգացումով ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով:

Սրբազան արարողությանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ, բազում ուխտավորներ:

###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031