Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր վիրավոր Ռուբենի ու Արմանի ծնողներն ուզում են նրանց Գերմանիա տեղափոխել. մնում է նախարարությունը թույլ տա

Մայիս 09,2016 20:00

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած եւ այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 19 ամյա Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգիյանի ծնողները ուզում են իրենց տղաներին տեղափոխել արտերկիր՝ բուժման:

Մինչ այս, հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունից վստահեցրել էին, որ տղաներին տրամադրվում է  բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը մշտապես վիրավոր զինվորների եւ նրանց ծնողների հետ է, եւ նաեւ մասնակցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ծնողների հետ տղաների առողջական վիճակի շուրջ քննարկմանը, մեզ հետ զրույցում նշեց՝ տղաների ծնողները հաստատակամ են իրենց որոշման մեջ:

Չնայած կառավարությունը հայտարարել է, որ հոգալու է վիրավոր զինծառայողների՝ արտերկրում բուժման ծախսերը, այս օրերին Ռուբենին եւ Արմանին արտերկիր տեղափոխելու ու բուժման համար դրամահավաք է կազմակերպվել:

Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի բժշկական կլինիկայում Ռուբենի բուժման վերաբերյալ կոնսիլիում է եղել, որը կազմակերպել է ազգությամբ հայ մի մասնագետ, նրանք քննարկել են Ռուբենի բժշկական փաստաթղթերը եւ ասել են՝ շատ ծանր վիճակ է, բայց որքան հնարավոր է՝ շուտ բերեք. «Այստեղ էլ կան բժիշկներ, որոնք համաձայն են արտերկիր տեղափոխելուն: Բայց առողջապահության նախարարի, Հայաստան ժամանած գերմանացի եւ Մոսկվայից եկած բժիշկների հետ քննարկման ժամանակ, իրենք ասում էին՝ դեռ նպատակահարմար չէ տեղափոխելը: Նրանք չեն ասում՝ ոչ, պետք չէ տանել, ասում են՝ տղաների վիճակը կայունանա, նոր է պետք տեղափոխել»:

Բախշյանն ասում է, ծնողները հակված են լսել այն բժիշկներին, որոնք հորդորում են տղաներին տեղափոխել արտերկիր, քանի որ դա է ծնողների միակ հույսը. «Ես չեմ ասում նախարարը կամ կառավարությունն իրենց խոստումը չեն ուզում անել: Տղաներն ունեն ողնուղեղի լուրջ վնասվածք, կերակրափողի ու շնչափողի վնասվածքներ: Այս երկու տղաների հետ կապված տարակարծություն կա: Մենք գիտենք, որ մեծ ծախսեր են, բայց կառավարության այսօրվա դանդաղկոտությունը, այն առումով, որ ասում են դեռ ժամանակը չէ տեղափոխելու համար, մյուս կողմից էլ ծնողներն ուզում են մյուս բժիշկների հետ համագործակցել, բայց մինչեւ չլինի նախարարի հավանությունը, թույլտվությունը, պետական հովանավորությունը չի լինի: Ծայրահեղ դեպքում ասելու են՝ ծնողներ, ուզում եք՝ տարեք, բայց մեզանից ոչինչ մի ակնկալեք»:

Տիկին Բախշյանի դիտարկմամբ՝ եթե անգամ վիրավորված տղաների ծնողները շտապում են, դեռ հարմար չէ տեղափոխելը, այնուամենայնիվ, հասարակությանն ուղղված այն ուղերձը տալու հարմար պահն է, որ կառավարությունն  ասի՝ այո, ես իմ զինվորի կյանքի  համար ամեն ինչ անում եմ, եւ հակառակ այն տեսակետին, այո, եթե պետք է, տալու եմ այդ գումարը, հովանավորում եմ.«Փոխանակ հեղինակությունը բարձրացնելու, բազմաթիվ ծնողներ տեսնեն, որ պետությունն իրենց կողքին է լինելու, որ իրենց տղաները բանակ են գնալու կամ սահմանին են լինելու, հանգիստ լինեն, որ պետությունն երկար-բարակ չի դնելու ծանր ու թեթեւ անի, որ արժե՞  այս գումարը ծախսել, թե՝ ոչ, չգիտես ինչ են անում»:

Բախշյանն ասաց, որ նախարար Մուրադյանն Արման Լազգիյանի բուժման համար խոսել է Համբուրգում իր ծանոթ բժշկի հետ, նաեւ ծնողներին է տեղեկացրել այս պահին արտերկիր տեղափոխելու վտանգների մասին մտահոգությունները, ի վերջո ոչ ոք չի կարող երաշխավորել՝ ինչպես կլինի. «Նախարարն ասել է՝ ես նրանց ինչպես իմ զավակներին եմ նայում: Ես էլ մազաչափ չեմ կասկածում, ինքը շատ մտահոգ ուզում էր

ծնողներին ասել, տեղափոխման հետ կապված վտանգ կա, մյուս կողմն էլ ասում է՝ բերեք տղաներին, այստեղ էլ կան բժիշկներ, որոնք ասում են, որ նման ծանր դեպքերով էլի են տեղափոխել արտերկիր: Ի վերջո, ծնողներն ուզում են, նրանց միակ հույսն է տեղափոխելը, մնում է կառավարությունն ու առողջապահության նախարարությունը կանգնեն ծնողների կողքին»:

Տիկին Բախշյանի խոսքերով՝ չնայած, ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե տեղափոխումն ինչպես կընթանա, բայց այն տղաների ծնողների կամքով պետք է լինի, օրինակ՝ Ռուբեն Առաքելյանի մայրն ասել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա եւ պատրաստ է փաստաթուղթ ստորագրել. «Նա ասել է՝ ինչ էլ լինի՝ իմ խաչն է»:

Բախշյանն ասում է, որ այսօր հոգեւորականի հետ է գնացել տղաներին այցելության, նրանց համար աղոթել ենք, այնպիսի լույս է գալիս տղաների դեմքին: Արմանը հենց վիրավորվելուց հետո հենց հիվանդանոցում է մկրտվել, Ռուբենը՝ բանակ գնալուց 3 օր առաջ:  Աստված պահել է նրանց, մենք պետք է օգնենք՝ ինչով կարող ենք: ԱՄՆ-ում  դրամահավաք է սկսվել նրանց համար, կառավարությունն էլ ամեն ինչ պիտի անի, ի հեճուկս ամեն տեսակ վախերի: Այս երեխաներին պետք է ուղարկենք բուժման»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031