Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող իմ մինուճար տղան վերջին զոհը լինի» (Ֆոտոշարք)

Մայիս 17,2016 11:33

Վայքի սահմանապահ դիրքերում զոհված
Արամի հարազատները խաղաղություն են ուզում

Մայիսի 14-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցի կողմից Վայք-Նախիջեւան սահմանին սպանված Արամ Օհանյանի հուղարկավորությունն էր երեկ: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի Սուրբ Աստվածածին մատուռի բակում Արամին ծանոթ-անծանոթ եկել էին հրաժեշտ տալու, բոլորն էին սգում ու ափսոսանք հայտնում, որ էլի մի հայորդու հողին են հանձնում, մի ընտանիք ու մի երեխա էլ մնաց առանց հոր խնամքի:
25-ամյա Արամը Աղավնաձորում ընդամենը 2 տարի էր ապրում, կնոջ եւ մոտ 2 տարեկան որդու հետ Ջերմուկից տեղափոխվել էր պապու գյուղ, վարձով էր ապրում: Զոհվելուց առաջ վարձով տունը հանձնել էր տանտիրոջը, ընտանիքին նորից տեղափոխել էր Ջերմուկ, ինքն էլ պիտի միանար նրանց, բայց չհասցրեց: «Ընդամենը 3 օր առաջ հանձնել էր տունը, ընտանիքի հետ գնացել ծնողների հետ Ջերմուկում ապրելու: Հինգշաբթի գնում են Ջերմուկ, ուրբաթ օրը բարձրանում է դիրքեր, շաբաթ օրն էլ զոհվում»,- մեզ հետ զրույցում պատմում է Արամի հորեղբոր աղջիկը՝ Հասմիկ Օհանյանը:

Արամի հարազատներն ասում են, որ Արամը մինչ Հայկական բանակում ծառայության անցնելը մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Հետո որոշել էր հայրենիք վերադառնալ, մարզում միակ աշխատանքը որ գտել էր, բանակում պայմանագրային զինծառայողի աշխատանքն էր. ավագ սերժանտ էր: Հարազատներն ասում են՝ այնպես չէր, որ ճարահատյալ էր ընտրել զինվորականի աշխատանքը, սիրում էր բանակը:

Արամի ազգականները պատմում են՝ նա ընտանիքի միակ կերակրողն էր, դժվարություններով էին ապրում՝ վարկեր, պարտքեր ունեն: «Գյուղում, հարազատներով ինչով կարողացել ենք՝ օգնել ենք՝ կաթ, պանիր էինք տալիս կամ ինչ-որ անհրաժեշտ էր լինում: Իրենք միայն մի քանի հատ հավ էին պահում, անասուն էլ չունեին: Աշխատավարձը ցածր էր, չէր հասցնում ծախսերը հոգալ, բայց երբեք չէր դժգոհում»,- ասում է Հասմիկը: Արամի հարազատներն ասում են՝ նա երազում էր սեփական տուն ու մեծ ընտանիք ունենալու մասին:

Որդու՝ Արթուրի ծնվելու օրն էլ Արամը դիրքերում է եղել. հարազատներն ասում են, որ որդուն արժանապատիվ մեծացնելու մեծ ծրագրեր ուներ Արամը. հիմա Արամի երազանքները կինն ու մայրն են իրականացնելու:
«Պիտի ուժ գտնեմ, որ երկրորդ Արամիս՝ Արթուրիս, պահեմ, մեծացնեմ»,- համ լաց էր լինում, համ ասում զոհված Արամի մայրը՝ տիկին Ռուզաննան:

Ազգականներն Արամին հիշում են որպես կյանքը սիրող, աշխատասեր, ուրախ, բարի, սրտաբաց տղայի. ասում են՝ նա միշտ բոլորի համար պատրաստ էր օգնության հասնել, մարդկանց շատ էր սիրում:

«Մանկուց աշխատել է, երբեք չի զլացել: Ինչ երազանքներ ուներ որդու հետ կապված. միշտ ասում էր՝ ամեն ինչ անելու եմ, որ տղաս անհոգ մեծանա, կարիքի մեջ չլինի, ոչ մի բանի կարոտ չմնա, բայց, ցավոք, տեսա՞ք ինչ եղավ»,- պատմում է Արամի քույրը՝ Անին:
Արամին ճանաչել ու չսիրելն անհնար էր, հարազատներն ասում են՝ կինն էլ այդպես, միանգամից սիրեց Արամին, հենց առաջին հանդիպումից հետո սիրահարվել էր կինը՝ Արփինեն: Չնայած Արփինեի մայրը դեմ է եղել դստեր ամուսնությանը, բայց սիրահարված Արփինեն այնքան շատ է սիրել Արամին, որ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ ծնողների կամքին հակառակ փախել է սիրելիի հետ:

«Մեր տղային՝ Արթուրին, քո պես եմ մեծացնելու: Ինչ ուզում էիր նրա համար անել, հիմա ես եմ անպայման անելու, պարտավոր եմ: Ասում էիր, որ որդուդ համար եղբայր ես լինելու, ոչ մի բանի կարիքի մեջ չես թողնելու, հիմա ես եմ նույնն անելու»,- արտասվելով այսպես էր ասում Արամի կինը:

Մայրը՝ Ռուզաննան, պատմում է, որ չնայած նորաստեղծ ընտանիքը շատ դժվարություններ ուներ, բայց երջանիկ էին, սիրով ամուսինների համար սոցիալական դժվարությունները թեթեւ էին թվում, իրենց կյանքն էին պլանավորում. «Արամս ինչքան շատ էր սիրում կնոջն ու երեխային, ինչքան էր ուրախանում փոքրիկ Արթուրի չարաճճիություններով: Թոռնիկս ոնց որ Արամը լինի փոքր տարիքում: Որդուս կորցրեցի, հիմա պիտի երկրորդ Արամիս՝ Արթուրիս պահեմ: Թող սենց բան ոչ մի մայր չտեսնի, սենց մռմռոց թող ոչ մեկ չունենա, իմ մինուճար տղան լինի վերջինը»,- ասում է տիկին Ռուզաննան:

«Կամ պատերազմ լինի՝ միանգամից վերջանա էս կռիվը, կամ միանգամից խաղաղություն լինի: 90-ական թվականից հետո ավելի շատ երեխա զոհվեց: Ես 5 տղա եմ ուղարկել բանակ, կռիվ՝ Աֆղանստան, Ղարաբաղ, անփորձանք բոլորն էլ եկել են, բայց էսօր թոռս զոհվեց, ոնց եմ դիմանալու»,- ասում է Արամի տատն ու շարունակում. «Ահավոր, անտանելի ցավ ա, այ բալա, ամեն օր էս երեխեքին սենց տանում են էդ ծնողները, հետո ո՞նց են ապրելու, պատկերացնելու չի»:

Ավագ սերժանտ Արամ Օհանյանի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասում է. «Եթե մարտական դիրք է, եթե մարտական հերթափոխ է, ուրեմն խաղաղ պայմաններում չեն զոհվում: Սա հակառակորդի կողմից սադրանք էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում էլ լարվածություն մտցնի: Թուրքը մնում է թուրք, իր համար տարբերություն չկա՝ Ղարաբաղ, թե Հայաստան»: Բաբայանի խոսքերով՝ սահմանային իրավիճակը իրենց կողմից վերահսկվում է, դիրքերն այնպես են տեղակայված, որ խոցելը հակառակորդի կողմից անհնար է. «Մեր զինվորը չի պատկերացնում, որ կարող է իր հետ նման բան տեղի ունենա, պետք է շատ զգոն, ուշադիր ծառայություն տանի»: Բաբայանը ցավով ասում է՝ Արամին անհնար էր փրկել՝ գնդակը մահացու էր. «Աջ կողմից մտել, վնասելով լյարդը, թոքերը՝ ձախ կողմից դուրս էր եկել: Առաջին օգնություն էին ցույց տվել, արտաքին արնահոսությունը դադարեցրել, բայց Արամի մոտ նաեւ ներքին արնահոսություն է եղել, եւ չեն կարողացել ոչինչ անել՝ հիվանդանոցում է մահացել»:

Փոխգնդապետի ներկայացմամբ՝ թեպետ հակառակորդը որոշ առավելություն ունի, ասենք՝ զորքի քանակով, նոր զինտեխնիկայով, բայց մեր զենքերն էլ չեն զիջում. «90-ականներին որսորդական հրացաններով էինք կռվում սկզբից, ավտոմատներով տանկերի դեմ էինք, բայց դե, մեր մարտական ոգու, մեր հայրենասիրության հաշվին, համախմբվածության հաշվին հաղթանակը մերն է եղել ու մերը կլինի»:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը եւ մի քանի այլ հոգեւորականներ ներկա էին Արամի հոգեհանգստին, նրանք աղոթեցին Արամի հոգու հանգստության համար:

«Մենք երկնքում էլ զորքեր ունենք, աղոթեցինք, որպեսզի Տերը Իր երկնքի զորքերին արժանացնի Արամին, եւ նա էլ այնտեղ իր տեղը ունենա: Այս հերոս տղաները մեզ հիմա նայում են, եւ այս պայքարի ընթացքում վերեւից նրանք էլ են պայքարում, եւ եթե թուրքերի կողմից չար ուժերն են գալիս, մեր կողմից անտեսանելի հրեշտակների զորքերն են: Աստվածաբանական եզրակացությամբ մենք հաղթանակած եկեղեցին ենք: Մեր գործը արդար է, եւ մենք հաղթելու ենք»,- ասում է Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Զորամասի հրամանատարությունը եւ զինակից ընկերները Արամին հրաժեշտ տալիս հավաստիացրեցին, որ թշնամու անմարդկային արարքը անպատասխան չի մնա, եւ որ Արամի եւ մյուս զոհված տղաների մահը ծանր կնստի թշնամու վրա: «Եկեք հիշենք, որ հերոսները երբեք չեն մահանում, քանի որ նրանց սխրանքները փոխանցվում են սերնդեսերունդ: Հավերժ փառք մեր հերոսներին»,- այսպիսի խոսքերով էլ հրաժեշտ տվեցին:

Aram_Ohanyan_18 Aram_Ohanyan_16 Aram_Ohanyan_15 Aram_Ohanyan_14 Aram_Ohanyan_13 Aram_Ohanyan_12 Aram_Ohanyan_11 Aram_Ohanyan_10 Aram_Ohanyan_9 Aram_Ohanyan_8 Aram_Ohanyan_7 Aram_Ohanyan_6 Aram_Ohanyan_5 Aram_Ohanyan_4 Aram_Ohanyan_3 Aram_Ohanyan_2 Aram_Ohanyan_1
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031