Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիջումների մասին պետք է խոսեր Լեռնային Ղարաբաղը»

Մայիս 21,2016 17:00
Igityan

Հովհաննես Իգիթյանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին

Ապրիլյան պատերազմից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Վիեննայում ներկայացուցչական էր. այս կարծիքին է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: «Առավոտը» նրա հետ զրուցել է Վիեննայում ամերիկյան նախաձեռնությամբ կազմակեպված Սարգսյան-Ալիեւ հանդիպման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող այսօրվա զարգացումների մասին:

Պարոն Իգիթյանը նկատում է, որ մենք աշխարհի ուշադրության կենտրոնում բավականին ուշ հայտնվեցինք, սակայն համարում է, որ ցանկացած բանակցությունների սկիզբ դրական կարող է լինել: «Լավ է, որ մոնիթորինգի մասին վերջապես բոլորն են խոսում: Չգիտենք՝ ինչքանով դրական բաներ կտա դա կողմերին, բայց այն, որ այսօր մեխանիզմ ստեղծվի եւ թեկուզ հայտարարվի, որ Ադրբեջանն է սկսել խախտումը, դրական մաս կարող ենք համարել,- ասում է նա՝ ավելացնելով:- Պարզ է, որ պատժիչ մեխանիզմներ չկան եւ չեն էլ լինելու, այսինքն՝ Ադրբեջանին հետագայում չեն պատժելու, ուրիշ բան, որ նա հետագայում դիվանագիտական կորուստներ կունենա, բայց ոնց որ թե Ադրբեջանը մտահոգված էլ չէ այդ դիվանագիտական կորուստներով: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հարցն ընդհանրապես չի կապում բանակցությունների հետ: Բանակցություններն ինքն օգտագործել եւ օգտագործում է զինվելու համար, ռազմական ձեւով հարցը լուծելու համար»:

Ամերիկյան կողմի նախաձեռնության փաստի վրա պարոն Իգիթյանը շատ չի ցանկանում կենտրոնանալ, միայն մատնանշում է, որ ամենակոնկրետ հայտարարությունները միշտ էլ եղել են Ամերիկայի համանախագահինը. «Որը հարցը նայում էր համակողմանի եւ միշտ շեշտում էր ինքնորոշման սկզբունքը՝ որպես բանակցային գործընթացի սկզբունք: Ինձ դա է հետաքրքրում: Հիմա ինչպես է լինելու՝ երկրորդական է, որովհետեւ, ցավոք, բոլորը գտնում են, որ դա Ռուսաստանի շահերի մեջ գտնվող խնդիր է: Կարծես ամերիկացիներն էլ փորձում են դուրս գալ, չմիջամտել կոշտ ձեւերով. ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ այլ խաղացողներ օգտագործում են այս հանգամանքը, որ այստեղ Ռուսաստանի շահն է: Նաեւ իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածում, թե իբր Ադրբեջանը Արեւմուտքի շահերն է ներկայացնում, իսկ Հայաստանը Ռուսաստանի մասն է, այս տարածաշրջանում առաջ է տանում Ռուսաստանի շահը: Իրականում այդպես չէ, եթե նայենք Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններին՝ սկսած Ռոգոզինից, վերջացրած Լավրովով եւ մյուսներով, ապա կտեսնենք, որ բոլորն ավելի շատ պրո-ադրբեջանական են, քան պրո-հայկական»,- ասում է պարոն Իգիթյանը:

Վերադառնալով Վիեննայի հանդիպմանը՝ մեր զրուցակիցը նկատում է, որ այս անգամ էլ Ադրբեջանի բանաձեւով շարժվեցինք: «Ի՞նչ է նշանակում. այսինքն՝ Ադրբեջանի հայտարարությունները չեն փոխվել: Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցային գործընթացին դեմ չէ, բայց նայեք՝ նա ինքը նախապես հայտարարում է, թե ինչ սպասելիքներ ունի բանակցային գործընթացից, եւ պահանջով ասում է, որ եթե իմ ուզած ձեւով չլինի, ես նորից սկսելու եմ, ես զինված եմ, իմ ուժը կբավարարի, որ ստանամ իմ ցանկությունները: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը. իրենք շատ պրիմիտիվ բանաձեւով են առաջնորդվում. նրանք ասում են՝ մենք հանգիստ ապրել ենք, Հայաստանը հարձակվել է մեզ վրա, գրավել է 20 տոկոս տարածք եւ հիմա ռազմական ձեւով ներկա է այնտեղ, եւ նույնիսկ շեշտում են, որ այդտեղ խաղաղ բնակչություն չկա: Նույնիսկ նշում են, որ առավելագույն զիջումն իրենց կողմից կլինի ԼՂՀ-ին ինքնուրույն կարգավիճակ տալը: Նույնիսկ երբ ադրբեջանցիները կարգավիճակի մասին խոսում են, ասում են, որ այդ կարգավիճակը լինելու է իրենց կազմում,- ասում է պարոն Իգիթյանը՝ դրան հակադրելով արդեն Հայաստանի քաղաքական վերնախավի պահվածքը բանակցություններում:-Հայաստանը՝ ի դեմս արտգործնախարարի, ինչ-որ լղոզված բաներ է ասում, որ մենք պատրաստ ենք բանակցել, մենք խաղաղության կողմնակից ենք, եւ ինքնորոշման սկզբունքի մասին են խոսում, եւ այդ ինքնորոշման սկզբունքի մասին խոսելիս էլ այն համահունչ են դարձնում Ադրբեջանի սկզբունքի հետ, եւ ստացվում է, որ իբր մենք դեմ չենք, որ կարգավիճակը որոշվի: Չկա մի կողմ, որը հստակ որոշի, որ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է»:

Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը այսօրվա կարեւորագույն խնդիրներից է, որ հայկական կողմը պետք է լուծի: Պարոն Իգիթյանն այս մասին ասում է. «Ես պատկերացնում էի, որ Հայաստանն էլ պետք է ունենար կոշտ դիրքորոշում, իսկ զիջումների մասին պետք է խոսեր Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ զիջումներ ասելով՝ հասկանում ենք, որ պետք է ինչ-որ մի բան տանք՝ անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի անկախության համար: Սա կարող է անել միայն Ղարաբաղը: Մենք ճանաչել ենք անուղղակի ձեւով ԼՂՀ-ի անկախությունը՝ ի դեմս հանրաքվեի արդյունքների, եւ պետք է ասենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգը, բացի իր անկախության ճանաչումից, մենք չենք տեսնում: Լեռնային Ղարաբաղը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների բախումից ինչ-որ զիջումներ անել»: ՀՀՇ վարչության անդամը նկատում է, որ այսօր մի բան փոխվել է. պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ի վերջո բոլոր դեպքերում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կապում է ռազմական գործոնի հետ. «Այսօր նաեւ ժամանակն է, որ կողմերը, նկատի ունեմ՝ ԼՂՀ-ն եւ Հայաստանը, վերանայեն, վերահաստատեն կամ հստակեցնեն իրենց դիրքորոշումները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը»:

Պարոն Իգիթյանը հեռու է մնում տարածքները հաշվելու մտքից, ասում է՝ չի ցանկանում դառնալ դեմագոգիկ հայտարարությունների թիրախներից, որոնք իբր սրճարաններում նստած քարտեզ են գծում: Այս խնդիրը նա այլ համատեքստում է դիտարկում. «Ո՞րն է համար մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ դրա շուրջ եղած գործընթացների համար. դա այն է, որ այնտեղ խաղաղ բնակչությունն անվտանգ ձեւով ապրի: Ընդհանրապես եթե այնտեղ խաղաղ բնակչություն չլինի, այնտեղ հողը պահել՝ որպես հող, իմաստ չկա: Ես մի անգամ ասել եմ, որ ադրբեջանցիները պայքարում են արոտավայրերի համար, իսկ մենք՝ բնակվելու իրավունքի համար: Հիմա հողի մասին են խոսում, ես դրա մասին չխոսեմ: Կա մեծ խնդիր. այս չորս օրվա պատերազմից հետո առնվազն մեկ գյուղում՝ Թալիշում, անհնար է ապրել, Մատաղիսում եւս դժվար է, իսկ Մարտակերտում մարդիկ մտածում են իրենց անվտանգության մասին, ուզում են իրենց երեխաներին դուրս հանել: Եթե այս տարածքներում խանգարվեց անվտանգությունը, ուրեմն պետք է այդ տարածքների մասին այս ձեւով բարձրացվի,- ասում է պարոն Իգիթյանը եւ նշում, իսկ դրանց մասին պատերազմից հետո ընդհանրապես չխոսվեց:

«Ադրբեջանցիներն ասում են՝ սա մեր հողն է. մեր հողերի մեջ մենք մի քանի հարյուր մետր առաջ ենք գնացել, թե հետ՝ մեր գործն է, իսկ մենք ասում ենք՝ երկու հարյուր մետր այս կողմ, այն կողմ, հարց չկա, այդ տարածքներից մենք 800 000 ունենք եւ այլն: Բայց ես խնդիր եմ բարձրացնում. խոսքը գնում է մի քանի հարյուր մարդկանց մասին, որոնք այսօր իրենց հողերը լքելու վտանգի առաջ են կանգնած, եւ այդ հարցը բարձրացնելը շատ կարեւոր էր եւ շատ տեղին էր հենց Եվրոպայում, որտեղ փախստականների եւ տեղահանվածների խնդիր կա, եւ ցանկացած ատյանում մեզ կհասկանան»,- ասում է մեր զրուցակիցը: Նա մինչ այժմ չի ընկալել, թե հանրապետության նախագահի՝ տարածքները կորցնելու մասին խոսքը ինչ լսարանի համար էր նախատեսված. «Ինձ համար այս իրավիճակում շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի ձայնը: Ցավոք, Լեռնային Ղարաբաղը հնարավորություն չունի եւ չի էլ ունեցել Վիեննայում ներկայացնելու իր կարծիքը, եւ դա թուլացրել է իր դիրքը: Հայաստանի որեւէ պաշտոնյա այնտեղ չի էլ փորձել ներկայացնել Լեռնային Ղարաբաղի պատկերները, կարծիքները ԼՂ հարցի լուծման մասին…… Սերժ Սարգսյանն ասում էր՝ այդ զինադադարը կփրկի տասնյակներով մարդկային կյանքեր: Ո՞վ էր ասում, որ դա կարեւոր չէ, բայց լայնածավալ պատերազմի ավարտից հետո ամեն օր մարդ է զոհվում, եւ եթե այսպես պետք է շարունակվի, իբր, զինադադար, մարդիկ մահանան, կնշանակի, որ այդ հարցը դեռ լուծված չէ»:

Հովհաննես Իգիթյանը այս պահին կարեւորում է մեր անվտանգության համակարգի ստեղծման հարցը: Նշում է, որ այս ընթացքում մենք երբեւէ դրա մասին չխոսեցինք. «Պետք է հստակ հասկացվի, թե մեր պետությունն իր անվտանգության համակարգն ինչպես է պատկերացնում. իր հարաբերությունները միջազգային հարթակում կարեւոր խաղացողների, միջազգային կազմակերպությունների հետ ինչպես է տեսնում, արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է մտածել, թե ԵՏՄ անդամակցությունը Արցախի անվտանգության հարցն է, ինչը երկու տարի շարունակ Հանրապետական կուսակցությունը՝ սկսած Սերժ Սարգսյանից մինչեւ վերջին Հանրապետականը, փորձում էին համոզել,- ասում է պարոն Իգիթյանը:-Իհարկե, մենք մեր հույսը երբեք Ռուսաստանի վրա չենք դրել, իհարկե, Թուրքիան իր հույսը չի դրել ՆԱՏՕ-ի վրա, նա իր հույսերը կապում է իր բանակի հետ, նույնը՝ Իսրայելը եւ ցանկացած երկիր, բայց ցանկացած համակարգ լրացուցիչ ապահովություն է տալիս քո ռազմավարությանը: Հայաստանը վերջին տարիներին, հատկապես ԵՏՄ-ի, Մաքսային միության հետ անդամակցությունից հետո իր հույսը կապում էր ամբողջությամբ ռուսների հետ»: Պարոն Իգիթյանը հիշատակում է, որ երբ ամեն անգամ տարբեր ռուսական ընկերություններից օգտվելու, կառույցներին անդամագրվելու նպատակահարմարության հարցն էր առաջանում, մեր երկրի ղեկավարությունը միանգամից շեշտում էր, թե ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը մեր անվտանգության երաշխքին է: «Փաստորեն այդ փուչիկը պայթեց, եւ հիմա երբ այդ փուչիկը չկա, պետք է նայենք՝ ի՞նչ ուղղություն պետք է ընտրել: Պետք է նայել այն կետերին, որոնք կամ չեն գործում, կամ խանգարում են այլ երկրների հետ ռազմական համագործակցության մեջ մտնելուն: Դրանք պետք է վերանայենք: Եթե ՀԱՊԿ-ը չի գործում, պետք է հարց բարձրացնենք՝ ի՞նչն է խանգարում, որ գործի, եթե, ենթադրենք, Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը խանգարում է մեր անվտանգությանը, եւ եթե իրոք Ռուսաստանը մեզ համարում է իր ռազմական գործընկերը, ապա այդ հարցը պետք է խիստ ձեւով բարձրացնենք: Գոնե մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեւավորումը պետք է Ռուսաստանից պահանջենք, որ դադարեցնի այս պայմանավորվածությունները»,- ասում է պարոն Իգիթյանը, եւ ավելացնում, որ դրան զուգահեռ պետք է դադարեցվեն մինչեւ այս Հայաստանի իշխանությունների կողմից այն հայտարարությունները, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելով՝ իր բիզնեսն է անում: «Ստացվում է, որ Ադրբեջանն ինչքան շատ զինամթերք օգտագործի Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա, այդքան Ռուսաստանի տնտեսական բիզնեսն է ծաղկելու: Սա ընդհանրապես պետք է վերացվի: Գոնե անհարմար վիճակի մեջ պետք է դնենք մեր գործընկերոջը. ես ճանաչում եմ այդ մարդկանց, որ պետք է անեն, օրինակ՝ ես ուզում եմ պատկերացնել, որ Հայաստանի արտգործնախարարը բողոքի նոտա է ուղարկում Լավրովին, փորձում եմ պատկերացնել, բայց չի ստացվում, որովհետեւ ես լսում եմ Լավրովին, եւ նա ասում է՝ ես Էդիկին զանգեցի, նա եկավ եւ Թուրքիայի արձանագրությունները ստորագրեց, դրանից հետո ես ուզում եմ պատկերացնել՝ նա իրո՞ք Հայաստանի արտգործնախարար է, թե՞ Լավրովի համար մի հատ Էդիկ է, մի Խաչիկ է, մի Գագիկ է եւ չգիտեմ ինչ, ում որ նրանք կարող են զանգել, ստիպել, որ տեղից պոկվի, գնա Մոսկվա, ստորագրի սա, ստորագրի նա: Եթե մենք ինքներս մեր արժանապատվության մասին չմտածենք, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը մեր մասին մտածի»,- ասում է պարոն Իգիթյանը՝ նշելով, որ երկրի գլխավոր դիվանագիտական կորպուսը պետք է ղեկավարի պետական մտածողություն ունեցող մեկը:
Պարոն Իգիթյանը Հայաստանի դիվանագիտական եւ ռազմական հաղթանակները պայմանավորում է երկրի տնտեսական աճով. գումարները, որոնք մսխվում են, կարող են ծառայել ռազմարդյունաբերության զարգացմանը: Սակայն մեր զրուցակիցը տեսնում է թերություններ պետական բոլոր համակարգերում: «Ամենուր մարդիկ են, որոնք զբաղեցնում են աթոռներ, սակայն ոչ միայն օգուտ չեն բերում, այլ նաեւ վնաս են հասցնում,- ասում է պարոն Իգիթյանը եւ ավելացնում:- Պետությունը պետք է գումար ստեղծի, եւ երկիրը առաջ գնա: Ես առայժմ չեմ տեսնում այն միտումը, որ իշխանությունը պատրաստ է հրաժարվել այն մարդկանցից, որոնք խանգարում են Հայաստանի թե՛ միջազգային համբավի բարձրացմանը, թե՛ տնտեսական զարգացմանը: Մենք հետեւություններ չենք արել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031