Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլին եւ տարածաշրջանային յուրահատկությունները

Մայիս 21,2016 22:45

Ադրբեջանական պետության ագրեսիան դատապարտող Չիլիի խորհրդարանի որոշումն ըստ ձեւի եւ ըստ էության արտակարգ է: Չիլին դարձավ այս պատերազմի նախահարձակին մատնացույց անելու առումով առաջին երկիրը, որը իր օրինակին հետեւելու կոչն է փոխանցում ձեւով ոչ միայն Հարավային Ամերիկայի մյուս երկրներին, այլ ընդհանրապես միջազգային ընտանիքին:

Հարավային Ամերիկան ընդհանրապես Հայ Դատի աշխատանքների, հատկապես Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխահագրական մեկնարկն է եղել: Ուրուգվայի օրինակը միայն ցեղասպանության ճանաչմանը չի վերաբերում: ՄոնտեվիդեոՍտեփանակերտ կապը, պաշտոնական մակարդակներով կատարված հայտարարությունները Ուրուգվայը առանձնացնում են մեր դատերին զորակցող երկրների շարքում։

Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին եւ դրա նախօրյակին ճանաչումների շարքը (ընդ որում նաեւ հայրենազրկման գաղափարի արծարծում), որ հրամցրեցին Հարավային Ամերիկայի երկրները, ընդգծում են աշխարհագրական այս միջավայրի կարեւորությունը։

Քաղաքականորեն անմիջապես զարգանում է այն տրամաբանությունը, որ այդ տարածաշրջանում Թուրքիայի տնտեսությունն ու քաղաքական շահերը մեծ դռներից չեն մտել, հետեւաբար Անկարան այնտեղ ազդելու նույն հնարավորությունները չունի, ինչ որ այլ շրջաններում է փորձում անել: Բայց արձանագրվածը միայն այս գործոնին վերագրելը` առարկայականորեն ճիշտ չպիտի լիներ: Նախ, որովհետեւ Բաքուն մեծ շահագրգռվածություն է ցույց տալիս՝ տեղի երկրներում քարոզչաքաղաքական գործողություններ իրագործելու ուղղությամբ: Եւ ապա, չպետք է անտեսել այդ երկրներում գաղափարաբանական մոտեցումներով համամարդկային խնդիրների, մարդու իրավունքների հանդեպ ցուցաբերած հավելյալ զգոնությունը:

Չիլիի խորհրդարանի մայիսի 18-ի բանաձեւը  հաստատում է`


ապրիլի 1-2-ը գիշերը Ադրբեջանի օդային եւ ցամաքային ուժերը լայնածավալ հարձակումներ  են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծին` ծանր հրետանու եւ վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:
Վերոնշյալ հարձակումը 1994-ին կնքված զինադադարի, ինչպես նաեւ վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿի չափանիշերի ամենակոպիտ խախտումն է:

Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական եւ զինվորական մեծ կորստների, Պատգամավորների տունը դատապարտում է այս հարձակումները, կոչ է անում զինվորական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿի ՄԽի համանախագահության ծիրում, որի համանախագահներն են ԱՄՆը, ՌԴը եւ Ֆրանսիան:

Միջազգային հանրությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պնդում են, որ տագնապը, որը արդեն ավելի քան երկու տասնամյակնեից ի վեր շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի չափանիշներին եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:

Կոչ է անում  Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատելու խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները եւ խստորեն պահպանելու 1994-ին կողմերի միջեւ ձեռք բերված զինադադարը:

Կոչ է անում Չիլիի կառավարությանը՝ կողմերին հորդորելու հավատարիմ մնալ ՄԽի համանախագահության ձեւաչափում ընթացող բանակցություններին եւ դրանով խուսափելու շրջանում անդառնալի հետեւանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»:

Այսպիսով, Չիլիի խորհրդարանը մատանցույց է անում նախ Ադրբեջանը իբրեւ հարձակվող, հղում է կատարում 94-ի հրադադարին, ուր Ստեփանակերտը իբրեւ անկախ կողմ ստորագրել էր համաձայնագիրը, դատապարտում է հսկայական կորուստների պատճառ հանդիսացած Ադրբեջանը, ընդգծում ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը եւ կոչ  է անում իր կառավարությանը կառչած մնալու հարցի կարգավորման համար ԵԱՀԿի ճշտորոշած միջնորդական ձեւաչափին:


Միջազգային ընտանիքին հարցի ներկայացման համար հայկական կողմի ճշտած հայեցակարգային կետերի ամբողջական որդեգրումից ավելին է արել Չիլիի խորհրդարանը: Բանաձեւում, տարբեր առիթներով հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նշվում է նախ ԱդրբեջանԼՂՀ սահմանագծին, ապա միջազգային ընտանիքին առընթեր հղում  է կատարվում ԼՂՀին, որոնք պնդում են, որ հարցի կարգավարումը բացառապես ունի միայն խաղաղ լուծում:


Չիլիի այս որոշումը ոչ միայն վերընդգծում է հայկական հարցերի հետապնդման համար տարածաշրջանի պարարտ ենթահող լինելու հանգամանքը եւ այդ իրականության նկատառումով այս աշխատանքային դաշտը հայության ուշադրության կենտրոնին հանձնելը, այլ նաեւ այս ձեւով ուրվագծում է Արցախի անկախության ճանաչման օրենսդրական մակարդակի վրա նույն շրջանում մեկնարկ եւ հաջորդական համալրումներ ապահովելու նախադրյալները:


Ադրբեջանի պետության ոճրային դեմքը, ագրեսիան ու ռազմական հանցագործ լինելը բացահայտելու աշխատանքը անուղղակիորեն զուգորդվում է Արցախի Հանրապետության ճանաչման առաջադրանքի հետ: Իսկ այս առումով թվում է, որ Հարավային Ամերիկան մեկնարկային կարեւորագույն տարածաշրջան է:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031