Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտություն պատերազմում

Մայիս 23,2016 14:00

ՄԻ քանի շաբաթ է, ինչ անցավ թեժ պատերազմական քառօրյան արցախա-ադրբեջանական սահմանում: Այդ օրերը շատ բան փոխեցին: Մի կողմից դեռ թարմ է բոլորիս ցավը՝ կապված մեր զոհված հերոս` թե զինվորների եւ ազատամարտիկների, թե խաղաղ բնակիչների, նույնիսկ երեխաների հետ: Մյուս կողմից՝ կարծում եմ, մենք բոլորս դեռ գտնվում ենք ողջ ազգի աննախադեպ միաբանության ազդեցության տակ: Անշահախնդիր եւ զոհաբերական միաբանություն, որը տվեց իր դրական արդյունքը: Ճիշտ է, մեր խիզախ տղաների շնորհիվ այդ պատերազմական գործողությունների արդյունքում պահպանվեցին միայն մեր սահմանները, բայց կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն այն մտքի հետ, որ շատ հարցերում մեր բանակը դուրս եկավ պատվով, կասեի՝ որոշ առումներով հաղթանակած: Բանը միայն նրանում չէ, որ մերոնք մի քանի անգամ ավելի շատ են ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ եւ տեխնիկա, որը, ինչպես հետո պարզվեց, զգալի չափով գերազանցում էր մերոնց ունեցածին՝ թե քանակով, թե որակապես: Թշնամին ուներ նաեւ ահռելի առավելություններ եւ պատրաստվել էր հարձակմանը: Նրա շարքերը լրացված էին թուրքական եւ մերձ-արեւելյան պետությունների փորձված վարձկաններով: Նա հարձակվեց գիշերը, եւ անսպասելի, էլ չեմ խոսում ամենահզոր տեխնիկայի լայնամասշտաբ կիրառման մասին:

Բայց թշնամին չկարողացավ զարգացնել գրոհը մեր հերոսական բանակի գործողությունների շնորհիվ, որոնք արագ անցան հակագրոհման եւ վերականգնեցին մեր սահմանները, նույնիսկ հրադադարը եղավ նրանց առաջարկով: Ստեղծված իրավիճակում մեր բանակի ռազմական ոգին անհամեմատ ավելի բարձր է, մանավանդ մեր զինվորը մեզ համար ավելին է նշանակում, քան նրանց զինվորը նրանց համար: Հավատավոր մարդիկ զգում եւ տեսնում են, որ Աստված մեր կողմն է: Բոլորովին չնսեմացնելով մեր հերոս տղաների կատարած սխրանքները, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Աստծո գործոնը գլխավոր գործոնն է: Կարծում եմ, որ շատ շատերը մերոնցից դա հասկացել են, այդ թվում նաեւ՝ զինվորները, որոնց հետ բանակում աշխատում եւ ծառայում են մեր եկեղեցու սպասավորները, Աստված օրհնի նաեւ նրանց: Իզուր չի ասված Աստծո Խոսքում. «Եթե Տերը չշինե տունը` զուր են աշխատում նրա շինողները, եթե Տերը չպահպանե քաղաքը` զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127.1): Աստվածաշնչից գիտենք, որ Աստված պատերազմներ չի սիրում, թեեւ ստիպված է լինում որոշ դեպքերում միջամտել անօրենությունը պատժելու համար: Պատերազմներ հրահրող մշտական աղբյուր կա, դա սատանան է, որի համար կոնֆլիկտներ ստեղծելն իր հատուկ տարերքն է: Եվ նրան ավելի է հաջողվում ազդել այն ուժերի վրա, ովքեր գործում են անթույլատրելի կանոններով եւ միջոցներով:

Բայց Աստված անտարբեր չի կարող մնալ այս պատերազմներում, առավել եւս, երբ որ գոնե մի կողմը գործում է Իրեն ընդունելի սկզբունքներով: Իհարկե, մեր ժողովուրդը ազգովին դեռ հեռու է սուրբ կյանքից, բայց ամեն դեպքում մերոնց գործողություններն անհամեմատ ավելի ընդունելի են Աստծո համար: Այդ պատճառով Աստված ամենալուրջ պահերին միշտ մեզ հետ է լինում, եւ մենք շատ հրաշքներ ենք տեսել 90-ականներին եւ շարունակում ենք տեսնել: Դա հրաշք չէ՞, որ մեր երիտասարդ զինվորը նռնականետից ուղղաթիռի վրա արձակում է նռնակ եւ կործանում այն: Դա նման է երիտասարդ Դավթի նետած քարին, որը բաց էր թողել պարսատիկից, եւ որն անկասկած Աստծո հրեշտակը, թեպետ անտեսանելի, բայց ուժեղացնելով քարի թափը, մխրճում է Գողիաթի ճակատին եւ տապալում այդ հսկային, որը երկար օրեր ահ ու սարսափ էր մտցրել Իսրայելի բանակի մեջ: Ի՞նչը նպաստեց Աստծո միջամտությանը. նախ, որ փղշտացիները դուրս են եկել Աստծո ժողովրդի դեմ, եւ այն, որ մի կողմից Գողիաթի հայհոյությունը Աստծո ժողովրդի հասցեին, մյուս կողմից, որ Դավիթը գնաց Գողիաթի դեմ Աստծո անունով: Իսկ ի՞նչը կարող է լինել պատճառ, որ Աստված մեր կողմն է: Միգուցե այն, որ մոտ հարյուր տարի առաջվանից սկսած անարդարությունները Արցախի հայերի հանդեպ, որը շարունակվում է մինչ օրս:
Միգուցե նրա համար, որ մեր ժողովուրդը ընդունակ չի անելու Սումգայիթ եւ Բաքու:
Միգուցե նրա համար, որ մեր բանակի զինվորներն ընդունակ չեն միտումնավոր սպանելու խաղաղ բնակիչներին եւ երեխաներին:

Կարծում եմ՝ մեր զինվորներն ընդունակ չեն նաեւ կացնահարել քնած թշնամուն, այն էլ խաղաղ պայմաններում` երրորդ երկրում:

Առավել եւս, մեր տղաներն ընդունակ չեն, սպանելով թշնամուն, մարմինը մասնատել եւ գլուխը ման տալ բնակավայրերով՝ ծաղր ու ծանակի ենթարկելով, նկարվելով: Ես հուսով եմ, որ մեր քաղաքական եւ զինվորական ղեկավարությունը եւ դիվանագետներն ընդունակ չեն կառուցել արտաքին քաղաքականությունը կեղծիքի եւ կաշառքի վրա: Կարծում եմ՝ արմատական են տարբերությունները, եթե համեմատենք երկու ժողովուրդներին: Բայց հանուն արդարության եւ հանուն Աստծո, որպեսզի մեզ մոտ հայրենասիրությունը լինի մեր գլխավոր ձգտումը, չմոռանանք, որ հարեւան ազգի մեջ կան շատ հայասեր մարդիկ, որոնք վտանգելով իրենց կյանքը, օգնել են մեր շատ հայրենակիցներին` անվտանգ լքելու Ադրբեջանը` սկսած 1988-ից: Այդ կեցվածքը առաջին հերթին մեզ է օգտակար, որովհետեւ այդպես է ասում Աստվածաշունչը: Իսկ հիմա կուզեմ բերել Աստվածաշնչից վառ օրինակներ, թե ինչպես է Աստված բազմաթիվ անգամ փրկել Իր ժողովրդին, եւ ամեն անգամ ամենաանհավանական ձեւերով:

Իսրայելում, Եզեկիա թագավորի օրոք, ասորացի Սենեքերիմ թագավորը գնում է պատերազմելու Հուդայի հետ: Նա ուղարկում է իր ենթակա Ռաբսակին, որը գալիս է Եզեկիայի մոտ եւ թագավորի անունից ստորացնում է նրան, նույնիսկ անպատվում է Իսրայելի Աստծուն, Ով իբր չի կարող փրկել իսրայելացիներին: Եզեկիան սարսափահարված ամբողջ սրտով դիմում է Աստծուն, եւ Աստված նրան պատասխանում է. «…Մի վախենար այն խոսքերից, որ լսեցիր, որով հայհոյեցին Ինձ… նա ետ կդառնա իր երկիրը, եւ Ես սրով կսպանեմ նրան իր երկրումը» (Եսայիա 37.6): «Նա այս քաղաքը չի մտնիլ… եւ Ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը» (Եսայիա 37.34): «Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարյուր ութսունեւհինգ հազար» (Եսայիա 37.36): Դա դեռ վերջը չէ: Սենեքերիմը անմիջապես նահանջում է, եւ շուտով Նինվեում, երբ նա երկրպագություն էր անում իր աստծուն, սրով սպանվում է հենց իր որդիների ձեռքով, որոնք, ի դեպ, փախչում են Արարատի երկիրը: Իսկ ինչպե՞ս Աստված փրկեց Իսրայել ժողովրդին՝ հանելով եգիպտացիների երկրից, երբ փարավոնը դեմ էր գնում: Աստված թափեց տասը պատուհասներ, մինչեւ անգամ մարդկանց եւ անասունների առաջնեկների կոտորելը: Դրանից հետո փարավոնը ստիպված բաց թողեց հրեաներին:

Կարճ ժամանակ անց նա մտափոխվում է, եւ իր բանակով հետապնդում է իսրայելացիներին: Երբ հրեաները նկատում են փարավոնի զորքին, նրանք սարսափահար եւ խուճապահար են լինում, որովհետեւ առջեւում ծով, կողքերից սարեր, իսկ ետեւից թշնամի: Աստված հրահանգ է տալիս Մովսեսին գավազանը մեկնել ծովի ուղղությամբ, եւ ծովի ալիքները ճեղքվում են, եւ ամբողջ Իսրայելն անցնում է ծովի չոր հատակով: Եգիպտացիներն առանց վարանելու գնում են հրեաների ետեւից: Երբ նրանք ծովի խորքում էին, Աստված թողեց ալիքները եւ դրանք ծածկեցին փարավոնի ողջ բանակը (Ելից 14):
Անհնար էր թվում նաեւ Գեդեոնի հաղթանակը՝ երեք հարյուր մարդկանցով, մադիանացիների հարյուր քսան հազարանոց բանակի դեմ: Աստված` ինքը կրճատելով Գեդեոնի բանակը երեսուներեք հազարից մինչեւ երեք հարյուր մարդու, ցանկացավ դաս տալ բոլորին, որ Աստծո համար ցանկացած հարց լուծելիս անհրաժեշտ է միայն մեր կողմից հնազանդորեն Նրա կամքը կատարելը: Այսպիսով, Աստված Գեդեոնի եւ նրա մարդկանց գործողություններն այնպես է հաջորդաբար կազմակերպում գիշերով, որի արդյունքում այնպիսի ահռելի խուճապ է առաջանում թշնամու բանակում, որ նրանք սկսում են ոչնչացնել իրար:

Ոչ պակաս Աստծո հրաշքներ ենք տեսնում, երբ Նա ողջ է պահում Դանիելին առյուծների գուբում, եւ նրա երեք ընկերներին վառարանի սաստիկ կրակի մեջ, որոնց անգամ մազերը եւ շորերը չեն էլ խանձվում այն դեպքում, երբ նրանց վառարանի մեջ գցողները մահացան տեղում, կրակի բոցերից:

Մեր ազգի պատմության ընթացքում էլ են եղել Աստծո հրաշք միջամտություններ: Կբերեմ միայն մեկ օրինակ, որտեղ Աստված բացահայտ օրհնել է Հայկ նահապետին, երբ նա չորսհարյուր հիսուն իր հարազատներով պատերազմել եւ հաղթել է բազմահազարանոց աքքադացիների բանակին, որի ժամանակ էլ սպանել է Բելին: Հնարավոր չէր, որ այդքան անհավասար ուժերի պայքարն այդպիսի ավարտ ունենար առանց Աստծո միջամտության, մանավանդ, որ Հայկը պաշտպանում էր իր հայրենիքը եւ Աստված նրա հետ ծրագրեր ուներ: Աստված, իհարկե, որոշ դեպքերում խիստ պատժել է Իր ժողովրդին անհնազանդության պատճառով, որպեսզի սթափեցնի եւ ապաշխարության տանի, եւ Նա միշտ անհամբեր սպասել է Իր ժողովրդի արձագանքին: Այսօր նոր ուխտի` Նոր Կտակարանի օրոք, չկա ընտրյալ ազգ, կա Աստծո համար ընտրյալ համաշխարհային ժողովուրդ, եւ իմ աղոթքն է առ Աստված, որ մենք ազգովի լինենք Աստծունը:
Այսօր դեռ պատերազմը չի ավարտվել, եւ մենք շատ ու շատ ունենք Աստծո օգնության եւ օրհնության կարիքը: Իսկ դրա համար արդեն գիտենք Նրա պայմանները՝ ապրել աստվածահաճո կյանքով, Նրա օրենքներով: Ես հավատում եմ, որ մեր ազգը կարող է: Այն ժամանակ ավելի շատ հրաշքներ կլինեն եւ մեր միջազգային հարաբերություններում եւ սահմաններում, որովհետեւ Նրա օրհնությունները ուղիղ համաչափ են մեր հավատարմությանը: Թող Աստված օրհնի մեզ բոլորիս: ԱՄԵՆ
ԱՖՅԱՆ ՎԱՐԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031