Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթությունն անընդհատ ծվեն-ծվեն ենք անում, մեկ ընտրություններին ենք զոհաբերում, մեկ՝ բանակին»

Մայիս 23,2016 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են կրթության փորձագետներ՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը
եւ ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Բանավեճի թեման է՝ արդյոք արդարացված կլինի՞ անխտիր բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելը եւ տարկետման իրավունքից զրկելը:

Գոհար Հակոբյան- Առանց տարկետման իրավունքի 18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագիծը մտահոգությունների տեղիք է տվել եւ վերջին շրջանում ամենաթեժ քննարկվող թեմաներից է: Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ՝ հիմնավորվա՞ծ է 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչներին անխտիր բանակ զորակոչելը:
Սերոբ Խաչատրյան- Չեմ կարծում, որ սա հրատապ խնդիր է, եւ այս որոշումով խնդիր ենք լուծում: Նախ փորձենք հասկանալ, թե ինչու էր տարկետումը ներդրվել:

Երկու պատճառ կար՝ առաջինը կրթության շարունակականության սկզբունքի պահպանումն է, եւ երկրորդ պատճառը այն էր, որ մենք Հայաստանում չենք կարողանում գիտնականներին նորմալ վճարել ու դրա դիմաց՝ որպես ոչ նյութական մոտիվացիա, իրենց հնարավորություն ենք տալիս, խրախուսում ենք, որ եթե գիտությամբ զբաղվեն, իրենց չեն խանգարի ճանապարհը անցնելիս: Իհարկե, երկու սկզբունքներն էլ խեղաթյուրվում են, որովհետեւ ոչ բոլորն են գիտությամբ զբաղվում, կան կոռուպցիոն ռիսկեր, ասպիրանտուրայի միջոցով փորձ է արվում մարդկանց, որ ոչ գիտնական դառնալու ցանկություն, հակում ու նպատակ ունեն, ազատվել ծառայությունից, թեզ պաշտպանել, հետո էլ զբաղվել այլ գործունեությամբ: Եթե վիճակագրորեն նայենք, մոտավորապես 120-130 տղա ասպիրանտներ ունենք, եւ այս որոշումով ընդամենը այդ 120-130 հոգու խնդիրը կլուծենք: Համոզված եմ, որ այս որոշումն իրականում ազդելու է այն ասպիրանտների վրա, որոնք սովորական ընտանիքներից են, որոնք իրոք ուզում են գիտությամբ զբաղվել, այդպիսով իրենք սովորելու հնարավորությունից կզրկվեն, իսկ այն մարդիկ, որոնք ասպիրանտուրայի ճանապարհն օգտագործում են որպես բանակից փախչելու հնարավորություն, արդեն այլ ճանապարհներով իրենց խնդիրները կլուծեն: Բնականաբար, որոշակի դրական բաներ էլ կլինեն, օրինակ՝ աղջիկներն ավելի հեշտ կընդունվեն ասպիրանտուրա, որովհետեւ արդեն տղաների ցանկությունը կպակասի: Որոշումը տարբեր օղակների վրա վատ ազդեցություն կունենա, օրինակ՝ ավագ դպրոցի վրա, որովհետեւ տղաները կմտածեն՝ ոնց էլ լինի, մի տեղ կընդունվենք, մանավանդ բուհեր կան, որ առանց ընդունելության քննությունների ընձեռում են նման հնարավորություն, ուրեմն ինչո՞ւ չարչարվենք ավագ դպրոցի վրա: Ես մի բացասական ազդեցություն եմ տեսնում նաեւ բանակի վրա. ներկա կարգով որոշ ուսանողներ բակալավրիատն ավարտում են, զրկվում են տարկետումից, գնում են բանակ, մյուս մասն էլ մագիստրատուրայից հետո է գնում…

Գ.Հ.- Նկատի ունեք, որ համապատասխան քայլի արդյունքում սերժանտական կազմի եւ բանակի մասնագիտական որակը կընկնի՞:

Ս. Խ.– Այո… Մեր բանակը ստանում է բակալավր եւ մագիստրոս զինվորներ եւ սերժանտներ, ինչը ե՛ւ բանակի ինտելեկտուալ պոտենցիալին կարող է նպաստել, ե՛ւ մասնագիտական, որովհետեւ երբ մարդն, օրինակ, ավարտում է Բժշկական համալսարանը եւ գնում է բանակ, ստացվում է, որ բանակը, բացի զինվորից, ստանում է նաեւ առաջին օգնության տիրապետող մասնագետի, նույնը հոգեբանի մասնագիտության կամ ինժեներականի եւ այլ դեպքերում: Այժմ մենք արդեն կունենանք 18 տարեկան դպրոցն ավարտած երեխաներ, որոնք ոչ մի մասնագիտություն չեն ունենա. ի դեպ, գիտական հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ մարդիկ մինչեւ 22 տարեկանը ինքնակարգավորման թույլ հմտություններ ունեն…

Գ. Հ.- Տիկին Բախշյան, այս առաջարկությունն ի հայտ է եկել այն քննարկումների ֆոնին, որ սահմանին են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, իսկ պաշտոնյաների զավակները ասպիրանտուրա ու մագիստրատուրա սովորելու պատրվակով խուսափում են ծառայությունից: Արդյոք ուսանողներին տրվող տարկետումը վերացնելը լուծելո՞ւ է պաշտոնյաների երեխաների ծառայելու հարցը:

Անահիտ Բախշյան– Եթե մեր երկրում մնա այն համակարգային կառավարումը, որ առկա է, ցավոք, այդ օրենքն էլ չի կարգավորելու խնդիրը: Ով չգիտի, թե ինչպես է սովորաբար գրվում օրենքը եւ հազար ու մի ձեւով շրջանցվում: Սոցիալական արդարության առումով ես կողմնակից եմ, որ 18 տարեկանում բոլոր տղաները գնան ծառայելու, որպեսզի բոլորի համար կարիերա ստեղծելու պլատֆորմը նույնը լինի: Ի տարբերություն 18 տաեկանում բանակ գնացողի՝ երբ մեկ ուրիշը տարկետման հնարավորություն ունի, նա երկու տարի առաջ ընկած է իր կարիերան անում, թեկուզ եւ ամենաարդար ձեւերով գիտությանն է նվիրվում, ու ստացվում է, որ նաեւ իր փոխարեն են այս 18 տարեկանները ծառայում: Քանի դեռ մեր երկրում օրենքը բոլորի գլխից վեր չէ, ինչ օրենք էլ ընդունվի՝ խնդրի լուծումը միանշանակ չի լինելու: Երկրում աղքատությունը 70% է, եւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ զոհվածների մեծամասնությունը հենց սոցիալապես չափազանց անապահով ընտանիքների զավակներ են: Սրանից ավելի լուրջ փաստ, որ երկրում պետք է ինչ-որ բան փոխել եւ յուրաքանչյուր ընտանիքի մասին հոգ տանել՝ չկա: Ես ուզում եմ հատկապես շեշտը դնել ընտանիքի միակ տղաների վրա, որոնք կարող են զոհվել կամ անխուսափելի հաշմանդամություն ձեռք բերել՝ լինելով տան միակ կերակրողը, գուցե նրանց պարագայում պետք է այլ որոշում լինի:

Գ. Հ.- Այսինքն՝ առաջարկում եք, որ մինուճար զավակների պարագայում գործի տարկետմա՞ն իրավունքը:

Ա. Բ.– Ես վախենում եմ դասերի բաժանել տղաներին, որովհետեւ վաղը-մյուս օրը շատերը դրանից կկառչեն ու հազար ու մի սողանցք կգտնեն:

Ս. Խ- Կամ դրանից հետո էլ ընտանիքները կարող են մեկական երեխա ունենալ:

Գ. Հ.- Տիկին Բախշյան, պե՞տք է կրթությունը հակադրել պաշտպանությանը: Եվ արդյոք երկու տարի ծառայելուց հետո երիտասարդները կուզենա՞ն սովորել;

Ա. Բ.– Եթե երիտասարդը ուզում է սովորել, ինքը երկու տարի հետո էլ է սովորելու: Ես մի պահ շատ ավելի կատեգորիկ էի մտածում, ասում էի՝ պետք է բոլորն անխտիր գնան ծառայեն, հիմա նայում եմ վիճակագրությունը, տեսնում եմ, թե քանի տղայի մասին է խոսքը, շատ լավ պատկերացնելով երկրի վիճակը՝ մտածում եմ, թե ինչպես են գտնում տարբեր սողանցքեր, մտածում եմ, որ էլի հարուստի տղան չի ծառայում, մեր գիտության վիճակը չի բարելավվում, որովհետեւ պարզվում է՝ քոսոտ երկիր ենք՝ ըստ Գիտությունների ակադեմիայի նախագահի արտահայտության:

Գ. Հ.- Բայց այդ քոսոտ երկրի պաշտոնյաների անունները շրջանառվում են օֆշորային սկանդալի համատեքստում…

Ա. Բ. – Այո, եւ նրանց ոչ մեկի տղան էլ չի ծառայում բանակում կամ առաջնագծում չէ: Ամեն ինչին գլոբալ նայելով՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, բոլորի համար պետք է լինեն հավասար մեկնարկային պայմաններ, կողմնակից եմ նաեւ աղջիների՝ բանակում ծառայելուն: Ամեն դեպքում մի բան հստակ է՝ չպետք է կրթությունն ու պետության պաշտպանությունն իրար հակադրել:

Գ. Հ.– Պարոն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ արժե՞ աղջիներին բանակ զորակոչել:

Ս. Խ.– Մենք անընդհատ խոսում ենք բանակ տանելու մասին, մինչդեռ սա ավելի գլոբալ խնդիր է Հայաստանի համար: Եթե մեր բանակը ստեղծի համապատասխան միջավայր, պայմաններն այնքան լավ լինեն, այդ դեպքում՝ այո: Համոզված եմ, որ ճիշտ կլինի՝ որոշակի պարբերականությամբ ամբողջ բնակչությունը համապատասխան դասընթացների ու պատրաստումների մասնակցի: Բացի այդ, ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է՝ մինչեւ աղջիներին բանակ տանելը, պետք է բանակը պատրաստել, եթե պետք է գնան զուտ ժամկետ լրացնելու, ապա դա անիմաստ է: Արդյոք բանակում լա՞վ ենք օգտագործում զինվորների կարողությունները, իհարկե՝ ոչ: Ես համաձայն եմ, թող ընդհատվի կրթությյունը, թող գնան բանակ, բայց ծառայող զինվորը, որը գիտության հանդեպ հակումներ ունի, բանակում հնարավորւթյուններ ունենա, օրինակ, մասնագիտական հոդվածներ կարդալու ու հետ չմնալու: Մենք չպետք է կրթությունն ու բանակը հակադրենք իրար, բայց նաեւ չպետք է ստորադասենք կրթությունը պաշտպանական, տնտեսական, քաղաքական եւ այլ հարցերին, որովհետեւ երկրների բոլոր համակարգերը խասխված են կրթության վրա: Ցավոք, կրթությունն անընդհատ ծվեն-ծվեն ենք անում՝ մեկ ընտրություններին ենք զոհաբերում, մեկ բանակին…

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Բանավեճն ամբողջությամ՝՝

 

«Առավոտ» օրաթերթ
21.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031