Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով»

Մայիս 23,2016 19:40

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին

Հարց. Պարոն Նալբանդյան, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Բրյուսելում այս հանդիպմանը։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք միացանք «Հորիզոն 2020» և «COSME» ծրագրերին։ Շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը, մենք քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Ակտիվ են շփումները խորհրդարանական, տեղական իշխանությունների ձևաչափերով։ Այս բոլոր հարցերն այսօր քննարկման առարկա էին Բյուսելում։

Հարց. Եթե կարելի է, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարց. Ալիևն այսօր Ստամբուլում նորից մեղադրանքներ է հնչեցրել նաև իբրև թե հակամարտության գոտում հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Դա բացահայտ կեղծիք է։ Ղարաբաղի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել է դա և պատրաստակամություն հայտնել դիտորդական առաքելություն ընդունելու՝ Բաքվի ստերը բացահայտելու, բայց նաև տեղում ծանոթանալու ադրբեջանական զինուժի կողմից կատարված հանցագործություններին։ Բաքվի կողմից այս կարգի բեմականացումները նպատակ են հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել Արցախի և Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարիներ շարունակ առաջարկվող և Վիեննայում կրկին անգամ հավանության արժանացած՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ։

Հարց. Բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Վիեննայում Բաքուն միայն հանձնառություն է ստանձնել հրադադարի պահպանման վերաբերյալ, և որևէ այլ պարտավորություն, ինչպիսին է, օրինակ, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը, Ադրբեջանը չի ստանձնել։ Արդյո՞ք սա կանխատեսելի էր։

Էդվարդ Նալբանդյան. Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևը սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը։ Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել:

Հատկանշական է, որ այդ հայտարարությունների հեղինակներն են, ես կասեի, իրենց «մտքի գոհարներով» աչքի ընկնող ադրբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները։

Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։

Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորինը՝ կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմաններ ստեղծելու՝ շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031