Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս պարտավոր ենք օգնել այն զինվորներին, որոնք դրա կարիքն ունեն». Հայկ Պետրոսյան

Մայիս 24,2016 22:57

«Եթե ես երգիչ եմ կամ դերասան, դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվեմ երգելով կամ խաղալով։ Կապ չունի՝ ինչ մասնագիտություն ունենք, բոլորս պարտավոր ենք օգնել այն զինվորներին, որոնք դրա կարիքն ունեն: Ինչպես ասում են՝ հաղթանակի կեսը թիկունքում է։ Ճիշտ է, ես հերթագրված եմ, բայց քանի դեռ այստեղ եմ, պետք է օգտակար լինեմ»,- համոզված է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:

Մայիսի 9-ին Երևանում կայացած «Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր ապրիլյան պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին օգնելու համար, կունենա իր շարունակությունը:

«Այս համերգը մեծ արձագանք ստացավ։ Եղան նաև իրենց կողմից որոշակի գումարով օգնել ցանկացող մարդիկ։ Այդպես որոշեցինք շարունակել բարեգործական ակցիան՝ զինվորներին աջակցելու համար։ Մեկ-երկու համերգով չենք սահմանափակվի, քանի որ օգնության կարիք ունեցող զինվորներ շատ կան»,- Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

«Իհարկե, հավաքված այդ գումարով չենք կարող զինվորներին ուղարկել Գերմանիա բուժվելու, բայց ինչ-որ չափով կարող ենք թեթևացնել նրանց կենցաղային խնդիրները։ Սա բարեգործություն չէ. այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք պարտավոր ենք»,- հավելեց Հայկ Պետրոսյանը:

Նշենք, որ «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգը համախմբել է տարբեր ժանրերի երգիչների ու երաժիշտների՝ Հայկ Պետրոսյան, Նարինե Դովլաթյան, Սևակ Ամրոյան, Սոնա Ռուբենյան, Անդրե Սիմոնյան (The Beautified Project):

Ալեքսանդր Մհերյանի խոսքով՝ Երևանում և մարզերում առաջիկայում կայանալիք համերգներին կմիանան նաև այլ երգիչներ, երաժիշտներ, դերասաններ:

Ի դեպ, Հայկ Պետրոսյանը մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես կգա «Եթե ես լինեի ՊաՊա» մենաներկայացման փոքր-ինչ փոփոխված տարբերակով, որից ստացված ողջ հասույթը նույնպես կուղղվի վիրավոր զինվորների ընտանիքներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031